Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի նմանություններն ու տարբերությունները


Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի նմանություններն ու տարբերությունները

  • 10-03-2017 23:43:56   | Հայաստան  |  Քաղաքական

 
Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ Երևանում Կոնրադ Ադենաուեր հիմնադրամն այսօր մեկնարկեց քննարկումների շարք, որը նվիրված է ընտրություններին մասնակցող կուսակցությունների ծրագրային օրակարգին: 
Անդրանիկ միջոցառմանը մասնակցում էին «Ազատ դեմոկրատներ», Հայաստանի Հանրապետական կուսակցությունների,  «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան»,  «Ելք» և «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքների ներկայացուցիչները: 
Քաղաքական ուժերի ներկայացուցիչներից առաջինը ՀՀԿ խորհրդի անդամ Դավիթ Սարգսյանը ներկայացրեց իրենց կուսակցության նախընտրական ծրագիրը: 
Նա, մասնավորապես, նշեց, որ իրենց ծրագրի հիմքում ՀՀԿ-ի «Անվտանգություն և առաջընթաց» կարգախոսն է, որը վերաբերում է բոլոր ոլորտներին և հատկապես տնտեսական զարգացմանը: 
Դ. Սարգսյանի խոսքերով` ընտրվելու դեպքում  առաջին հերթին բարենպաստ պայմաններ են ստեղծելու ներդրումային միջավայրի բարելավման համար, նպաստելու են  տնտեսավարող սուբյեկտների, ՓՄՁ-ների ոլորտի աջակցությանը, ինչպես նաև ապահովելու են տնտեսական հավասար մրցակցային պայմաններ:
«Ելք» դաշինքի նախընտրական ծրագրի առանցքային կետերից է միջին խավի վերականգնումը:
Մանե Թանդիլյանի փոխանցմամբ` «Ելք» դաշինքը խոսելու է ոչ թե ինչից, այլ ինչպեսից: 
«Այն թեման, թե ինչ պետք է անել մեր երկրի համար, կարծես թե գիտենք, այդ պատճառով շեշտադրում ենք կատարել քայլերի վրա. Իհարկե, խոսել քայլերի ու տնտեսական մոդելների մասին հնարավոր է որոշակի դեպքում, քանի որ արդարադատության գործառույթը մեր երկրում բացակայում է, կոռուպցիան առկա է և այլն»,- ասաց նա` ընդգծելով, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարելու համար ոչ մի ռեալ քայլ չի կատարվում, մինչդեռ այդ մասին ամեն օր խոսվում է կենացների տեսքով: 
Մ. Թանդիլյանի պնդմամբ` «Ելք»-ի ծրագրում կան նաև ոլորտային զարգացման հետ կապված կետեր. «Օրինակ` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայիս ոչ բավարար վիճակը, մինչդեռ իշխանությունները բազմիցս կրկնում են, թե այս ոլորտը գերակա է»:
 Անդրադառնալով «Ելք»-ի ծրագրային մյուս կարևոր դրույթին, այն է` Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) դուրս գալուն` դաշինքի ներկայացուցիչը շեշտեց, որ այդ միությանը միանալով` Հայաստանը էական վնասներ է կրել, հետևաբար իշխանության գալու դեպքում իրենք անպայման այն լքելու են` Եվրոպական միության հետ ասոցացման գործընթացը վերսկսելու ակնկալիքով: 
ԵԱՏՄ-ից դուրս գալու քաղաքական ծրագրի կետ ունի նաև «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը: 
Վերջինիս ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանի պնդմամբ, եթե չլիներ ԵԱՏՄ անդամակցությունը, ապա Հայաստանի տնտեսությունն այսօր ավելի լավ պայմաններում կլիներ:
Նրա հազմոզմամբ` ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո առևտրում ոչինչ չի փոխվել, ավելին` երկու տարվա ընթացքում առևտուրը կրճատվել է 800 մլրդ դոլարով: 
«2016 թվականի դեկտեմբերի 27-ին տեղի ունեցավ մի ահավոր իրադարձություն. Հայաստանը, առանց դիտողություն անելու, ստորագրեց ԵԱՏՄ-ի Մաքսային օրենսգիրքը, որի համաձայն` 2017թվականի հուլիսի 1-ից մաքսային արտոնությունները վերանում են»,- ընդգծեց նա` կատարելով հետևյալ հարցադրումը. «Մենք ինչու՞ պետք է  Իրանից դիզվառելիք գնենք և վճարենք հսկայական մաքսատուրք այն դեպքում, երբ Իրանը մեր հարևանն է ու գործընկերը:
«Ազատ դեմոկրատների» նախընտրական ծրագիրը միակն է, որը բաղկացած է 130-ից ավելի կետերից: Այն կազմելիս կուսակցության ներկայացուցիչները մտածել են, թե ինչպես անեն, որպեսզի երկրի տնտեսությունն աճի:
 «Առաջինը՝ պետք է ավելացնել ներդրումները ներքին խնայողությունների հաշվին, բայց այստեղ մեզ խանգարում է Կենտրոնական բանկը. Չկա ներդրումային հիմնադրամ՝  ժողովրդի համար»,- Հ. Բագրատյանը: 
Վերջինիս խոսքերով` Հայաստանում ներդրողներն օլիգարխներն են, մինչդեռ հասարակ ժողովրդին պետք է միայն սպառելու փոխարեն սովորեցնել նաև ներդրումներ կատարել: 
«Ազատ դեմոկրտաների» մյուս կետը վերաբերում է փոքր բիզնեսին: Նրանք առաջարկում են եռաստիճան հարկային համակարգ, այդ թվում հստակ միկրոբիզնես, որի մեջ մտնում է նաև գյուղատնտեսական բիզնեսը, ինչն այժմ բացակայում է: 
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» (ՕՐՕ) դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Մարտիրոսյանը մինչ իրենց ծրագրի ներկայացումը հարցով դիմեց ներկաններին, թե Հայաստանում արդյոք կա տնտեսություն` առանց քաղաքականության: 
Ըստ նրա` Հայաստանում տնտեսությունը ոչ թե անկախ մի ճյուղ է, այլ կցված է քաղաքականությանը և քաղաքականությունն է որոշում տնտեսության ընթացքը:
Ա. Մարտիրոսյանի տեղեկացմամբ` ՕՐՕ-ի նախընտրական ծրագիրը բավականին լայն է, որտեղ ընդգրկված են թեթև և ծանր արդյունաբերությանը, հանքարդյունաբերությանը, փոքր և միջին բիզնեսին, գյուղատնտեսությանը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին վերաբերող կետեր:  
Փոքր ու միջին բիզնեսը զարգացնելու համար ՕՐՕ-ն առաջարկում է մինչև 60 մլն դրամ շրջանառություն ունեցող ընկերությունների համար նախատեսել հարկային արձակուրդ 5 տարով, որը կհանգեցնի ոլորտի զարգացմանը, ինչն էլ կնպաստի արտագաղթի տեմպերի նվազեցմանը: 
Անդրադառնալով հանքարդյունաբերությանը` Ա. Մարտիրոսյանը նշեց, որ Հայաստանում այս ոլորտը սահմանափակվում է հանքաքարի վերամշակումով. «Մենք կողմ ենք, որ ամբողջական ցիկլ լինի, ինչի դեպքում բազմաթիվ աշխատատեղեր կստեղծվեն: Բայց այդ, կարևորում ենք կլաստերների ստեղծումը»,- ասաց նա:
Այն դիտարկմանը, թե ՕՐՕ-ն պնդում է, որ երկրում առկա խնդիրները կարելի է լուծել 365 օրում, արդյոք պոպուլիստական չէ, դաշինքի ներկայացուցիչը շեշտեց, որ բոլոր հարցերը միանգամից չի լուծվի, սակայն հասարակությունը փոփոխությունները շատ արագ կնկատի: 
Իսկ ահա «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքից Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ իրենք առաջարկում են 15 կետերից բաղկացած ծրագիր, որոնց իրականացման դեպքում էականորեն կբարելավվի հասարակության բարեկեցությունը: 
Այս քաղաքական ուժի ներկայացուցիչներն առաջարկում են կենսաթոշակների, նվազագույն աշխատավարձի բարձրացում, էլեկտրաէներգիայի, գազի սակագների նվազում, փոքր և միջին բիզնեսի համար երեք տարի հարկային արտոնությունների տրամադրում բոլոր հարկատեսակների գծով, վերջին տարիներին կուտակված 60 միլիարդի չափով հարկային տույժերի ամբողջությամբ համաներում:
Մ. Առաքելյանի փոխանցմամբ` իրենք ակնկալում են տարեկան 6 տոկոս համախառն ներքին արդյունքի աճ: 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
 
Նոյյան տապան  -   Քաղաքական