Չեմ հասկանում՝ սա ինչ-որ դիվանագիտական դավադրությո՞ւն է Արցախի և Հայաստանի նկատմամբ, որին տեղյակ է, բայց և լռում է ՀՀ արտգործնախարարը


Չեմ հասկանում՝ սա ինչ-որ դիվանագիտական դավադրությո՞ւն է Արցախի և Հայաստանի նկատմամբ, որին տեղյակ է, բայց և լռում է ՀՀ արտգործնախարարը

  • 10-03-2017 23:16:25   | ԱՄՆ  |  Քաղաքական

 
 
Չեմ հասկանում՝ սա ինչ-որ դիվանագիտական դավադրությո՞ւն է Արցախի և Հայաստանի նկատմամբ, որին տեղյակ է, բայց և լռում է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Խոսքը մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ռիչարդ Հոգլանդին չշշպռելու մասին է…
«Փետրվարի 25-ի մեր հայտարարությամբ ես և իմ գործընկեր համանախագահները վերստին կոչ արեցինք հարգել հրադադարի ռեժիմը և ուժ չկիրառելու հանձնառությունը,- «Արմենպրես»-ին վերջերս ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ռիչարդ Հոգլանդը:- Այս վերջին միջադեպը մեկ անգամ ևս ընդգծում է տարածաշրջանում տևական անվտանգության ու խաղաղության հաստատման համար կողմերի միջև բանակցություններն անհապաղ վերսկսելու հրատապ անհրաժեշտությունը»:
Դարձյալ ոչ հասցեական, ընդհանուր բնույթի հայտարարություն, որի մեջ բառ անգամ չկա այն մասին, որ Ադրբեջանի կողմից իրենց հիշյալ կոչն ուղղակի նախկինում արհամարհվել է և արհամարհվում է նաև այդ պահի դրությամբ: Խնդիրը, սակայն, սոսկ սա չէ, այլ նաև այն, որ Հոգլանդը խոսել է ոչ թե սոսկ բանակցությունների, այլ տարածաշրջանում տևական անվտանգության ու խաղաղության հաստատման համար կողմերի միջև բանակցությունների անհապաղ վերսկսման հրատապ անհրաժեշտության մասին: Սրանից պարզ է դառնում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահը նկատի ունի հենց Արցախյան հիմնախնդրի քաղաքական կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսման անհրաժեշտությունը, քանի որ միայն դրանք են ուղղված տարածաշրջանում իբրև թե տևական անվտանգության ու խաղաղության հաստատմանը: Մինչդեռ, Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի սանձազերծած, մեր 100-ից ավելի զինվորների ու սպաների կյանքը խլած ապրիլյան լայնածավալ ռազմական գործողություններից հետո այդ բանակցությունների վերսկսման առնչությամբ միանգամայն հիմնավոր կերպով նախապայման է առաջադրել՝ Արցախյան հիմնախնդրի քաղաքական կարգավորման շուրջ բանակցությունները Հայաստանը կվերսկսի միայն Ադրբեջանի կողմից Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները կատարելուց հետո:
Ինչպես հայտնի է, Ադրբեջանն առ այսօր չի կատարել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, համառորեն ու հետևողականորեն խուսափում է դրանց կատարումից, այսինքն՝ չի կատարել հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմի ներդրման պահանջը և այլն: Այս պարագայում Ռիչարդ Հոգլանդն անտեսելով Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների անհապաղ կատարման հրատապ անհրաժեշտությունը և, դրա փոխարեն, խոսելով Արցախյան հիմնախնդրի քաղաքական կարգավորման համար կողմերի միջև բանակցություններն անհապաղ վերսկսման հրատապ անհրաժեշտության մասին, ջուր է լցրել Ադրբեջանի ջրաղացին: Մինչդեռ եթե նա, չենք ասում հայամետ, այլ պարզապես անաչառ դիվանագետ լիներ, Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարման նպատակով պետք է Ադրբեջանի վրա դիվանագիտական, քաղաքական ճնշում գործադրեր:
Հիշենք, որ ապրիլյան լայնածավալ ռազմական գործողություններից առաջ ԱՄՆ նախագահը Ալիևին ուղղակի ասել է ստատուս քվոյի, այսինքն՝ Արցախյան հակամարտության առնչությամբ տվյալ պահին առկա իրավիճակի անընդունելի լինելու մասին: Ալիևն էլ նշել է Բարակ Օբամայի դիրքորոշման կարևորությունը գոյություն ունեցող ստատուս-քվոյի անընդունելի լինելու վերաբերյալ»:
Ըստ «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության համակարգող, պահեստազորի գնդապետ, ռազմա-քաղաքական վերլուծաբան Հայկ Նահապետյանի, եթե ԱՄՆ նախկին նախագահի համար անընդունելի էր ստատուս-քվոյի պահպանումը արցախա-ադրբեջանական հակամարտության կարգավորման տվյալ փուլում, ապա այդ ստատուս քվոյի փոփոխության միակ ճանապարհը պատերազմի վերսկսումն էր: Նկատենք, որ հենց այդ փորձն էլ Ադրբեջանի կողմից արվեց՝ տվյալ պատերազմում Հայաստանի Հանրապետությանը, իսկ հետո նաև իր կողմից Թուրքիայի դեմ Ռուսաստանին ներքաշելու հեռանկարով: Ռազմական լայնածավալ ու գնալով ծավալվող գործողությունները Ադրբեջանին և Հայաստանին ուղղված Ռուսաստանի խիստ ու կտրուկ պահանջով դադարեցվեցին ու չվերաճեցին կողմերի միջև պատերազմի: Առանց այդ էլ լուրջ խնդիրներ ունեցող Ռուսաստանին բնավ ձեռնտու չէր Թուրքիայի դեմ պատերազմի մեջ ներքաշվելը, թեկուզ հաստատապես հաղթելու, բայց և տնտեսապես և այլ առումներով թուլանալու, ներքին և արտաքին մի շարք սպառնալիքների ենթարկվելու հեռանկարով:
Ուշագրավ է, որ հիմա էլ ստատուս քվոյի անընդունելի լինելու մասին խոսել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մեկ այլ երկրի՝ Ֆրանսիայի ղեկավարը: Ինչպես հայտնի է, ի պատիվ պաշտոնական այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, մարտի 8-ի երեկոյան նախագահ Ֆրանսուա Օլանդի անունից Ելիսեյան պալատում կազմակերպվել է պաշտոնական ընդունելություն: Սերժ Սարգսյանի պատվին տրված պաշտոնական ճաշին հանդես գալով ճառով, Ֆրանսիայի նախագահը ասել է.
«Ոչինչ այդքան վատ չէ, ինչքան ստատուս քվոն: 23 տարուց ի վեր կողմերը բանակցում են առանց որոշակի արդյունքի հասնելու»:
Իհարկե, հակամարտության լուծված չլինելը, լուծման առնչությամբ անորոշ իրավիճակը, 23 տարվա ընթացքում բանակցությունների արդյունք չտալը վատ է, բայց ներկայիս ստատուս քվոյից էլ ավելի վատ բան կա՝ պատերազմը, ինչի՝ ստատուս քվոյից ավելի վատ լինելը Օլանդը պարզապես չէր կարող չհասկանալ, հետևաբար ասելով «Ոչինչ այդքան վատ չէ…», նա պատերազմն անուղղակիորեն համարել է ստատուս քվոյից պակաս վատ, այլ կերպ ասած, Արևմուտքին ձեռնտու, քան ներկայիս՝ իր և արևմտյան այլ գործիչների կողմից կտրականապես անընդունելի համարվող ստատուս քվոն…
 
Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play