Արդյոք իշխանությունը կլինի՞ ողջախոհ, որպեսզի կենսաթոշակ տալու համար կենսաթոշակառուի դիմումը պարտադիր չհամարի…
11-03-2017 14:31:31 | Հայաստան | Իրավունք
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԳԵՎՈՐԳ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ հանդես է եկել ուշագրավ ու կարևոր հարցադրմամբ.
«Ինչո՞ւ են մարդուն կենսաթոշակի ուղարկելիս նաև պահանջում, որ դիմում գրի կենսաթոշակ ստանալու մասին, հակառակ պարագայում կարող է վստահ լինել, որ կենսաթոշակ չի նշանակվի: Հավելեմ, որ խոսքն ընդամենը մարդու սեփականությունը հանդիսացող միջոցների մասին է: Սա իշխանության ֆենոմենն է. ամբողջ աշխարհում իշխանություն կրող կառույցները անգամ աստիճանաբար չեն ձգտում ձերբազատվել ՀՊԱՏԱԿՈՒԹՅԱՆ բարդույթից: Իրենք պատրաստ են անիմաստ ու հսկայական ծախսեր պահանջող թղթարարության, բյուրոկրատիայի, սակայն երբեք չենք հրաժարվի հպատակի կեցվածքով մարդու կողմից իրենց խնդրանքով դիմելու հաճույքը վայելելուց:
Վտանգն այն է, որ այս մտայնությամբ մենք հեռու չենք այն պահից, երբ մարդու իրավունքների իրացումն ու պաշտպանությունն ակամա կհամարենք իր իսկ սուրբ պարտականությունը»:
Գևորգ Դանիելյանն այս միտքը ս. թ. մարտի 4-ին հնչեցրել է ընտրական օրենսդրությանը նվիրված միջազգային սեմինարին: Գաղափարախոսությունը հետևյալն է. «Հարգելինե՛րս, բավ է ինձ նվիրեք ձեզ դիմելու բազում իրավունքներ, պարզապես պաշտպանեք իմ իրավունքները»: Վերջում Գ. Դանիելյանը հարցնում է` «Ի՞նչ կարծիքի եք... »:
Անշուշտ, շատ ճիշտ հարցադրում ու նկատառում է, մի քանի հարյուր հազար մարդ ստիպված է եղել դիմում գրել, հիմա էլ շատ ուրիշներ գրում են, որպեսզի ստանա ոչ թե իշխանության, պետության օգնությունը, այլ իր իսկ սեփականությունը: Խնդիրը, սակայն, այլ է` հասարակությունը սա շատ լավ ընկալում է, իսկ հպատակության բարդույթից զերբազատվելու, անիմաստ ու հսկայական ծախսեր պահանջող թղթարարությանն ու բյուրոկրատիային վերջ տալու անհրաժեշտությունն արդյոք ընկալո՞ւմ է իշխանությունը… Արդյոք իշխանությունը կլինի՞ ողջախոհ, որպեսզի կենսաթոշակ տալու համար կենսաթոշակառուի դիմումը պարտադիր չհամարի… Չէ՞ որ դա բխում է և՛ կենսաթոշակառուների, և՛ պետության շահերից: