Երևանի և մարզերի 350 տաքսու վարորդներից 146-ն ընտրելու է ՀՀԿ-ին, 113-ը՝ «Ծառուկյան» դաշինքին. Սերգեյ Գյոզալյան(տեսագրություն)


Երևանի և մարզերի 350 տաքսու վարորդներից 146-ն ընտրելու է ՀՀԿ-ին, 113-ը՝ «Ծառուկյան» դաշինքին. Սերգեյ Գյոզալյան(տեսագրություն)

  • 13-03-2017 13:24:45   | Հայաստան  |  Հասարակություն



 
Երևանի և մարզերի շուրջ 350 տաքսու վարորդների շրջանում անցկացված հարցումների արդյունքներով՝ ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին 146 տաքսիստներ ընտրելու են Հայաստանի հանրապետական կուսակցությանը (ՀՀԿ), 113-ը՝ «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքին, իսկ մյուսները՝  նախապատվությունը տվել են «Ելք»,  «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշիքներին, «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Հայկական վերածնունդ» կուսակցություններին: Այս մասին մարտի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց վերոնշյալ սոցիալական հարցումն իրականացրած «Անհատ տաքսու վարորդների անկախ արհեստակցական կազմակերպության» նախագահ Սերգեյ Գյոզալյանը: 
Ըստ նրա՝ սոցիալական հարցման երկրորդ հարցը վերաբերել է վարչապետի պաշտոնում վարորդների նախընտրած թեկնածուին: 
«Հարցմանը մասնակցած վարորդներից  252-ը վարչապետի պաշտոնում տեսնում են գործող վարչապետ Կարեն Կարապետյանին»,- ասաց նա՝  հավելելով, որ հարցումը դեռևս չի իրականացվել միայն Շիրակի և Սյունիքի մարզերում, որտեղից էլ սկսելու են հարցումների երկրորդ փուլը: 
Ս. Գյոզալյանի խոսքերով՝  իրենց կազմակերպությունը բացի սոցիալական հարցում իրականացնելուց, նաև հանդիպումներ է ունեցել քաղաքական ուժերից շատերի հետ՝  ոլորտում առկա խնդիրները քննարկելու և նրանց կողմից առաջարկվող լուծումներին ծանոթանալու համար: 
Բանախոսի փոխանցմամբ՝ քաղաքական ուժերի մեծ մասը սրտացավ է ճանապարհատրանսպորտային և տաքսու ոլորտին առնչվող հարցերի նկատմամբ՝ միաժամանակ առաջարկելով այնպիսի լուծումներ, որոնք այդքան էլ ընդունելի չեն վարորդների համար: 
«Օրինակ մեր ոլորտին առնչվող կարևորագույն խնդիրներից են արագաչափերն ու տեսախցիկները, որոնց կապակցությամբ որոշ կուսակցությունների ներկայացուցիչներ առաջարկում էին ամբողջությամբ վերացնել դրանք, ինչին մենք դեմ ենք, քանի որ դրանց շնորհիվ մարդիկ անվտանգ կերպով օգտվում են հետիոտնային անցումներից»,- նշեց Ս. Գյոզալյանը:
Վերջինիս պնդմամբ՝ տաքսու վարորդների պահանջները շարունակում են նույնը մնալ, այսինքն՝  նվազեցնել տուգանքները, աննշան խախտումների դեպքում չտուգանել վարորդներին, արագության գերազանցման, ոչ սթափ մեքենա վարելու և այլ կոպիտ խախտումների դեպքում վարորդներին զրկել վարորդական իրավունքից: 
«Անհատ տաքսու վարորդների անկախ արհեստակցական կազմակերպության» ներկայացուցիչները ՀՀ կառավարությանն առաջարկ ունեն կապված սխալ տուգանքների հետևանքով առաջացող խնդիրների հետ, որոնք Ս. Գյոզալյանի խոսքերով՝ բազմաթիվ են: 
«Սխալ տուգանքները հետո բեկանվում են դատարաններում կամ ճանապարհային ոստիկանության վերադաս մարմինների կողմից, վարորդների միայն 30 տոկոսն է հետևողականորեն զբաղվում սխալ տուգանքների վիճարկմամբ, հետևաբար մենք առաջարկում ենք պատժել այն պաշտոնատար անձին, ով սխալ տուգանքի որոշում է կայացնում»,- ընդգծեց Ս. Գյոզալյանը: 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն