Քաղաքական ուժերի խոստացած 6% տնտեսական աճը ծանր նշաձող է և Հայաստանի համար ոչ իրական. տնտեսագետ (տեսանյութ)


Քաղաքական ուժերի խոստացած 6% տնտեսական աճը ծանր նշաձող է և Հայաստանի համար ոչ իրական. տնտեսագետ (տեսանյութ)

  • 13-03-2017 15:50:41   | Հայաստան  |  Հասարակություն



Առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը և «Ծառուկյան» դաշինքն իրենց տնտեսական ծրագրով արդեն 2018 թվականին մինչև 6 տոկոս տնտեսական աճ են խոստանում, որը շատ ծանր նշաձող է: 
Նման գնահատական մարտի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ վերոնշյալ երկու քաղաքական ուժերի նախընտրական ծրագրին տվեց տնտեսագետ, փորձագետ Ատոմ Մարգարյանը: 
 
Ըստ նրա` Հայաստանը երկու տասնյակից ավելի տնտեսական ցուցանիշների մասով գտնվում է տնտեսական անվտանգության նվազագույն նորմատիվի շեմերից ցածր, հետևաբար դեռևս դրան հասնելու խնդիր կա, որից հետո միայն որոշակի նախապայմանների առկայության դեպքում հնարավոր կլինի նման տնտեսական ցուցանիշ ապահովել: 
Ա. Մարգարյանի փոխանցմամբ`  տնտեսական անվտանգության նվազագույն նորմատիվի շեմը ներդրումների մասով բավարարելու համար առնվազն 25 տոկոս համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) չափով ներդրում պետք է իրականացվի: 
«Տնտեսական անվտանգության նորմատիվի մյուս չափորոշիչն աղքատության մակարդակն է. այդ նորմատիվը բավարարելու համար երկրում պետք է լինի 7 տոկոս աղքատություն, մինչդեռ մեր երկրում պաշտոնական տվյալներով` աղքատությունը 30 տոկոսից բարձր մակարդակի վրա է»,- ասաց տնտեսագետը` հավելելով, որ կարևոր ցուցանիշ է նաև արտաքին պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը: 
Նրա խոսքերով` Հայաստանում արտաքին պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը գերազանցում է 25 տոկոսը,  հետևաբար երկնիշ տնտեսական աճի մասին խոսելը ռեալ չէ: 
Ըստ Ա. Մարգարյանի, այնուամենայնիվ, «Ազատ դեմոկրատներ»-ի ծրագիրը կարելի է դիտարկել  որպես կառավարության ծրագիր, որտեղ ամենայն մանրամասնությամբ` վերլուծություններով, հիմնավորումներով, փաստերով ու փաստարկներով, առաջարկություններով ներկայացված է Հայաստանի տեսլականը: 
Անդրադառնալով «Ծառուկյան» դաշինքի 15 կետերից բաղկացած ծրագրին` տնտեսագետը նշեց, որ այն իրատեսական է հատկապես աշխատավարձերի ու կենսաթոշակների մասով. «Ինչո՞ւ, որովհետև մենք ունենք ռեսուրս, որը կարող ենք շատ արագ ներգրավել տնտեսական շրջանառության մեջ, պարզապես քաղաքական կամք է պետք. դա ստվերային տնտեսությունն ու կոռուպցիայի միջոցով կլանվող ռեսուրսն է»: 
Տնտեսագետը նաև նկատեց, որ «Ծառուկյան» դաշինքի` փոքր և միջին բիզնեսին վերաբերող կետը, որով առաջարկվում է 3 տարով հարկային արձակուրդ տալ մինչև 60 մլն դրամ շրջանառություն ունեցող ՓՄՁ-ներին, բարի ցանկություն է, սակայն այն իրականություն դարձնելու համար պետք է նաև հանրությանը տեղեկացնել, թե ինչպե՞ս են այդ 3 տարիների ընթացքում բյուջետային բացը լրացնելու, կամ արդյո՞ք պատրաստ են խոշոր ձեռներեցները փոխհատուցել վնասները: 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play