Վերջին ամիսներին ՀՀԿ-ն թափ է հավաքել գործող կառավարության ծրագրի և վարչապետի անձի շնորհիվ. Ատոմ Մարգարյան (տեսանյութ)


Վերջին ամիսներին ՀՀԿ-ն թափ է հավաքել գործող կառավարության ծրագրի և վարչապետի անձի շնորհիվ. Ատոմ Մարգարյան (տեսանյութ)

  • 13-03-2017 17:41:09   | Հայաստան  |  Հասարակություն



Վերջին ամիսներին իշխող Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) թափ է հավաքել գործող կառավարության ծրագրի և վարչապետի անձի շնորհիվ: Այսպիսի տեսակետ ունի տնտեսագետ, փորձագետ, ՀՊՏՀ ամբիոնի դոցենտ Ատոմ Մարգարյանը: 
 
Վերջինս անդրադառնալով ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի տնտեսական ծրագրին` նշեց, որ վարչապետ Կարեն Կարապետյանի դեմքով քարոզարշավի իրականացումը նշանակում է, որ ՀՀԿ-ի նախընտրական ծրագիրը բխում է գործող կառավարության գործունեության ծրագրից, ինչն անտրամաբանական է, քանի որ հակառակը պետք է լիներ: 
Ըստ Ա. Մարգարյանի` վարչապետ Կարեն Կարապետյանը և խարիզմատիկ է, և վստահություն ներշնչող, հետևաբար ՀՀԿ-ն հույս ունի, որ ընտրողը քննարկելով ու վերլուծելով կառավարության վերջին ամիսներին արձանագրած արդյունքները` իր քվեն կտա իշխող կուսակցությանը: 
«Իշխող Հայաստանի հանրապետական և Հայ հեափոխական դաշնակցություն կուսակցությունների նախըտնրական ծրագրերի տնտեսական բաղադրիչը զերծ է քանակական որոշակիությունից. Այստեղ թվեր և փաստեր չկան, ինչն իր պատճառներն ունի»,- ասաց տնտեսագետը` հավելելով, որ  իշխող կուսակցությունները շատ լավ հասկանում են, որ մարդիկ ավելի շատ դատելու են ոչ այնքան այդ թվերից ու խոստումներից ելնելով, որքան իրենց արած չարածից: 
Ա. Մարգարյանի խոսքերով` ՀՀԿ ծրագիրը ավելի լայն հիմքի վրա վերարտադրում է գործող կառավարության գործունեության ծրագիրը, հիմնական դրույթներն ու խարիսխները, որտեղ  հիմնական շեշտադրումները կատարվել են ներդրումների, գործարար միջավայրի խթանների ապահովման, աղքատության կամ կոռուպցիայի դեմ պայքարի վրա: 
Փորձագետի կարծիքով` ՀՀԿ-ի առաջարկած զարգացման տեսլականը իրատեսական է, հատկապես 3,2 տոկոս տնտեսական աճի մասով: 
«ՀՅԴ-ի դեպքում ևս չկան թվեր ու քանակական նշաձողեր, միայն այնտեղ ես հանդիպեցի մի առաջարկի, որ նվազագույն կենսաթոշակը պետք է հավասարեցնել նվազագույն սպառողական զամբյուղի արժեքին, իմիջայլոց, 2004 թվականին ընդունված համապատասխան օրենքի ակունքների մոտ կանգնած էր հենց այս կուսակցությունը և շարունակ իր ծրագրային դրույթներում այս պահանջը ներկայացնում է»,- նշեց Ա. Մարգարյանը` նկատելով, որ այդ պահանջը տեղափոխվում է ծրագրից ծրագիր և այդպես էլ իրականություն չի դառնում: 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն