Ֆրանսերեն լեզվի մրցույթից մինչև սմարթֆոնների համերգ. Հայաստանում մեկնարկում է «Ֆրանկոֆոնիայի 15 օրերը» տոնական միջոցառումների շարքը


Ֆրանսերեն լեզվի մրցույթից մինչև սմարթֆոնների համերգ. Հայաստանում մեկնարկում է «Ֆրանկոֆոնիայի 15 օրերը» տոնական միջոցառումների շարքը

  • 14-03-2017 14:06:38   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 
Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան` մարտի 20-ին ընդառաջ Հայաստանում մեկնարկում է «Ֆրանկոֆոնիայի տասնհինգ օրերը» տոնական միջոցառումների շարքը:  Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության նախաձեռնությամբ դրանք անցկացվելու են մարտի 15-ից 30-ն ընկած ժամանակահատվածում` ՀՀ Արտգործնախարարության հովանու ներքո: 
Ինչպես մարտի 14-ին այս կապակցությամբ լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեն, 2012 թվականից Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) լիիրավ անդամ հանդիսացող Հայաստանի հետ տոնական միջոցառումներին մասնակցում է ևս յոթ երկիր` արտացոլելով այս միջազգային հաստատության մշակութային բազմազանությունը, որն իր շուրջն է համախմբել աշխարհի 84 երկիր:  
«Ֆրանկոֆոնիային նվիրված տոնակատարությունները Հայաստանում դարձել են բարի համբավ ունեցող ավանդույթ. Ահավասիկ, արդեն մի քանի տարի է , ինչ այստեղ նշվում է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը»,- ասաց Ժ. Ֆ. Շարպանտիեն` հավելելով, որ այս 15-օրյա միջոցառումներն անցկացվում են նաև Հայաստանում Կանադայի, Շվեյցարիայի, Հունաստանի, Լիտվայի և Լիբանանի դեսպանությունների աջակցությամբ: 
Ֆրանսիայի դեսպանի խոսքերով` վերոնշյալ տոնական միջոցառումների անցկացմանն իրենց մասնակցությունն են բերել նաև հայաստանյան իշխանությունները, որոնք ստանձնել են  Հայաստանում ֆրանսերեն լեզվի խթանումն ու տարածումը:  
Ըստ Ժ. Ֆ. Շարպանտիեի` այս համատեքստում արժանին պետք է մատուցել հայաստանյան իշխանություններին, որ վերջիններս պատրաստակամություն են հայտնել 2018 թվականին Հայաստանում հյուրընկալել ՖՄԿ-ի անդամ պետությունների ղեկավարների հերթական գագաթնաժողովը: 
Անդրադառնալով Ֆրանկոֆոնիային նվիրված 15-օրյա միջոցառումների այս տարվա առանձնահատկություններին` Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մշակութային և համագործակցության հարցերով խորհրդական Ալեքս Բորտոլանն ընդգծեց, որ այս տարի ևս մշակութային ծրագիրն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ, սակայն որպես առանցքային թեմա`  ընտրվել է նորագույն և թվային տեխնոլոգիաները:
Նշյալ թեմայի շրջանակներում անցկացվելու է հինգ կարևոր միջոցառում` էլ-համբավին նվիրված համաժողով, թվային գրքին նվիրված կլոր սեղան, համացանցի բառապաշարին նվիրված ֆրանսերեն լեզվի մրցույթ, թվային նորարարությանը նվիրված տնտեսական հանդիպում և սմարթֆոնների համերգ: 
Ա. Բորտոլանի փոխանցմամբ` 2017 թվականի Ֆրանկոֆոնիայի մյուս առանձնահատկությունը Ռուսաստանում Կանադայի դեսպանության հետ համատեղ կազմակերպված ֆրանկոֆոն ֆիլմերի փառատոնի անցկացումն է, որի ընթացքում ցուցադրվելու են բազմաժանր ժամանակակից ֆիլմեր, որոնք արտադրվել են 2012-16 թվականներին: Այդպիսով` Մոսկվա կինոթատրոնում ցուցադրվելու է 8 ֆիլմ. փառատոնը բացանը ներկայացվելու է «Ինչ ենք արել Տեր Աստծուն» կատակերգությունը, իսկ փակմանը` «Իվ Սեն-Լորան» վավերագրական ֆիլմը, որը պատմում է 2008 թվականին վախճանված ֆրանսիացի հայտնի կուտյուրիեի կյանքի մասին: 
Ֆրանկոֆոնիային նվիրված 15-օրյա միջոցառումներից է նաև «Ֆրանսիայի համը» խոհարարական միջոցառումը, որը մարտի 21-ին իր շուրջն է հավաքելու 5 մայրցամաքների շուրջ 2000 ավագ խոհարարների ֆրանսիական գաստրոնոմիան նշելու համար: Այս միջոցառմանը Երևանում մասնակցելու են 6 հայկական ռեստորաններ, որոնք առաջարկելու են ֆրանսիական ուտեստներ: 
Ի դեպ` տասնհինգօրյակի շրջանակներում նախատեսված ֆրանսիական ճաշերի և կոկտեյլների պատրաստման գործում դեսպանատան ավագ խոհարարին օգնելու են ռեստորանային գործի մասնագետներ պատրաստող երկու հայկական վարժարանների` Երևանի Ֆրանս-հայկական մասնագիտական և Գյումրիի Տիրամայր Հայաստանի սաները: 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play