Մեր երկրում գործող դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին ներկայացվել է ասիական 5-րդ խաղերի պրեզենտացիան


Մեր երկրում գործող դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին ներկայացվել է ասիական 5-րդ խաղերի պրեզենտացիան

  • 14-03-2017 17:42:31   | Հայաստան  |  Սպորտ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության դահլիճում տեղի է ունեցել 2017 թվականի սեպտեմբերին Աշխաբադում կայանալիք ասիական 5-րդ խաղերի պրեզենտացիան:
 
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը ողջունել է հյուրերին և խոսել տարբեր մայրցամաքների խաղերի կարևորության մասին. «Մարզաշխարհին և մարզասերներին լավ հայտնի են ասիական, եվրոպական, ամերիկյան խաղերը, որոնք անցնում են օլիմպիական գաղափարների համաձայն՝ ի նպաստ խաղաղության և հումանիզմի, ազգերի միջև բարեկամության և բարիդրացիական հարաբերությունների հաստատման»,- ասել է Գ. Ղազարյանը:
 
Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Սերդար Դուրդիևը ընդհանուր գծերով ներկայացրել է ասիական խաղերի վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը: Նրա խոսքերով՝ խաղերին մասնակցելու են 62 երկրների 5500 մարզիկներ: «2017 թվականի ասիական 5-րդ խաղերին, բացի ասիական երկրներից, մասնակցելու են նաև մարզիչներ, այսպես կոչված, Օկեանիայի երկրներից: Մասնակիցներն ուժերը չափելու են 21 մարզաձևերից»,- տեղեկացրել է Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնյան: Նա նշել է, որ խաղերն անցնելու են  «Առողջություն. ներշնչանք. բարեկամություն» խորագրով:
 
Միջոցառմանը ներկա են գտնվել հայ անվանի մարզիկներ, մարզաձևերի ազգային ֆեդերացիաների ղեկավարներ, Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի, Ղազախստանի, Լիտվայի, Իտալիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանները, Իրանի, Վրաստանի, Բելառուսի, Լեհաստանի, Մալթայի և այլ երկրների դեսպանատների բարձրաստիճան ներկայացուցիչներ:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play