Արամ սրբապիղծ Աթեշյանն այսօր կորցրեց փոխանորդի իր պաշտոնը
15-03-2017 18:33:03 | Թուրքիա | Հասարակություն
«ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՎԱՆԴԱՆՈՒՄ Է, ԲԱՅՑ ՉԻ ՄԵՌՆՈՒՄ։
Կ. Պոլսի Պատրիարքի տեղապահ ընտրվեց Գարեգին Արքեպիսկոպոս Բեքչյանը։
Պոլսո Հայոց պատրիարքարանում մարտի 15-ին տեղի ունեցավ պատրիարքի տեղապահի ընտրություններ: Տեղապահի ընտրությունները սկսվեցին Հայաստանի ժամանակով ժամը՝ 16.00-ին, ընտրություններին մասնակցում էր երկու հոգի՝ Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը և Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ սրբապիղծ Աթեշյանը։
Ընտրությունների ժամանակ քվեարկությունը իրականացվեց դռնփակ կարգով' պատրիարքարանի 34 հոգևորականի կողմից, որի արդյունքում ընտրողներից 23–ի քվեն ստացած Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը Պոլսո պատրիարքի տեղապահ ընտրվեց։
Տեղապահ ընտրված Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը այսօրվանից ղեկավարելու է նոր պատրիարքի ընտրության կազմակերպման գործընթացը, ինչպես նաև լինելու է պատրիարքարանի փաստացի ղեկավարը մինչև նոր պատրիարքի ընտրվելը: Եվ արդեն իսկ տեղապահի ընտրված լինելու հանգամանքով, փաստորեն Արամ սրբապիղծ Աթեշյանն այսօր և այդ կորցրեց փոխանորդի իր պաշտոնը:
Տեղապահի ընտրությանն անմիջապես հետևելու է «Նախաձեռնող խմբի» ձևավորումը, որը տեղապահի հետ միասին պետք է նախապատրաստի նոր պատրիարքի ընտրության գործընթացը: Խումբն ամեն ամիս ժողովրդին պատրիարքի ընտրության գործընթացի վերաբերյալ զեկույց պիտի ներկայացնի: Այն պետք է հավասար պայմաններ ապահովի պատրիարքական թեկնածուների համար' նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով: Եթե առաջիկա վեց ամսվա ընթացքում չհաջողվի պատրիարքի ընտրություններ իրականացնել թե տեղապահի և թե «Նախաձեռնող խմբի» համար վստահության քվե է պահանջվելու:
Գերշ. Տ. Գարեգին արք. Բեքչյանը (ավազանի անունը՝ Տիգրան) ծնվել է 1942թ. դեկտեմբերի 12-ին, Կ. Պոլսում: Նախակրթական եւ միջնակարգ ուսումը ստացել է Կ. Պոլսի Վիեննական Մխիթարյանների մոտ, այնուհետեւ ընդունվել է Սկյուտարի Ս. Խաչ դպրեվանք:1960 թ. ստացել է դպրության աստիճան` ձեռամբ Կ. Պոլսի պատրիարք Գարեգին արքեպիսկոպոս Խաչատուրյանի:
1962 թ. ընդունվել է դպրեվանքի նոր բացված ընծայարանը` միաժամանակ ուսանելով Կ. Պոլսի համալսարանում՝ հաճախելով դասական լեզուների, սոցիոլոգիայի եւ պատմության դասընթացներին:
1963 թ. ձեռամբ Կ. Պոլսի պատրիարք ամենապատիվ Տ. Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյանի, ձեռնադրվել է սարկավագ:
1965 թ. Վարդավառի տոնին ձեռնադրվել է կուսակրոն քահանա` վերանվանվելով Գարեգին` ի պատիվ դպրեվանքի հիմնադիր Գարեգին պատրիարքի:
1968 թ. մեկնել է Գերմանիա եւ ընդունվել Բոննի համալսարան, ապա մեկ տարի անց սկսել է ուսանել Բոխում քաղաքի համալսարանում: Ուսումնասիրել է մանկավարժություն եւ հոգեբանություն:
1970 թ. ձեռամբ ամենապատիվ Տ. Շնորհք պատրիարք Գալուստյանի, ստացել է վարդապետական 4 մասնավոր աստիճանները:
1973 թ. հովվական ծառայության է մեկնել Ֆրանսիայի Մարսել քաղաք` իբրեւ Ս. Կարապետ հայկական եկեղեցու հոգեւոր հովիվ:
1976-1994 թթ. հովվական ծառայության է կոչվել Մարսելի Սրբոց Թարգմանչաց Մայր Եկեղեցում:
1991 թ. Վազգեն Ա. Վեհափառի բարձր տնօրինությամբ` իբրեւ հոգեւոր հովիվ ծառայության է կոչվել Գերմանիայում: Ծավալել է կազմակերպչական լայն գործունեություն` Գերմանիայում թեմ ստեղծելու ուղղությամբ:
1992 թ. հունվարի 30-ին նշանակվել է Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ:
1992 թ. մայիսի 17-ին ձեռամբ Կ. Պոլսո գերշ. Տ. Գարեգին արքեպիսկոպոս Գազանճյանի ստացել է ծայրագույն վարդապետության աստիճան:
1992 թ. սեպտեմբերին, ձեռամբ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ձեռնադրվել է եպիսկոպոս:
1998 թ. մարտի 28-ին Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից ստացել արքության պատիվ: Հեղինակ է բազմաթիվ հոդվածների եւ գրքույկների, հրատարակել է անձնանունների բառարան, Գերմանիայում հիմնել է 14 եկեղեցական համայնքներ: Նրա ջանքերով թեմն անդամակցել է Գերմանիայի միջեկեղեցական խորհրդին»:
«Պահանջում ենք պատժել սրբապիղծ Աթեշյանին» հասարակական քաղաքացիական նախաձեռնության ֆեյսբուքյան էջ։