Քննչական կոմիտեի քննիչը հովանավորե՞լ է «Էյ Ջեյ Էյ Հոլդինգ» ընկերության ղեկավարությանը (տեսանյութ)


Քննչական կոմիտեի քննիչը հովանավորե՞լ է «Էյ Ջեյ Էյ Հոլդինգ» ընկերության ղեկավարությանը (տեսանյութ)

  • 15-03-2017 23:17:11   | Հայաստան  |  Իրավունք



 
 
2014թ. ապրիլի 13-ին, ժամը 16-ին Երևանի Կաշեգործների թիվ 70 հասցեում գտնվող «Էյ Ջեյ Էյ Հոլդինգ» ՓԲ ընկերության տարածքում չափագրումներ իրականացնող «Ջևս ստուդիա» ՍՊ ընկերության աշխատակից Լևոն Հունանյանն ընկերության 3-րդ մասնաշենքի տանիքի վրա առկա, արևային լուսավորությունն ապահովող օրգանական ապակուց թմբկաձև տանիքի կոտրվելու պատճառով ընկել է գետնին, ապա  հիվանդանոց տեղափոխվելուց հետո մահացել է: 
Հայրը՝ Դավիթ Հունանյանը, ճանաչվել է տուժողի իրավահաջորդ, իսկ նրանց ներկայացուցիչն է ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լիպարիտ Սիմոնյանը: 
Վերջինս լրագրողների հետ «Նոյյան տապան»-ի մամուլի սրահում այսօր կայացած հանդիպման ժամանակ հայտնեց, որ քրեական գործը ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Հ .Հարությունյանի 2016թ. դեկտեմբերի 7-ի որոշմամբ կարճվել է: Տուժող կողմը բողոք է ներկայացրել Երևան քաղաքի դատախազին, կարճման որոշման դեմ բողոք է ներկայացվել նաև դատարան:
Տուժող կողմի գնահատմամբ, քննիչի որոշումը բողոքարկվել է, քանի որ նախաքննության ժամանակ վարույթն իրականացնող մարմնի կողմից չի իրականացվել լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն:
Լ. Սիմոյանի խոսքերով՝ դեռևս շատ անճշտություններ կան և դրանք մեծամասամբ վերաբերում են փորձաքնություններին: Առաջին հերթին, նշանակված ճարտարագիտատեխնիկական փորձաքննությունից պարզապես մերժվել կամ անտեսվել է մի հատված, ըստ որի, «Ջևս ստուդիա» ՍՊԸ-ի տնօրինության կողմից չի իրականցվել անվտանգության տեխնիկայի աշխատանքի պաշտպանության և արտադրական սանիտարիայի ներածական հրահանգավորման հրահանգը:
«Աշխատամատյանում բացակայում է Լ. Հունանյանի ստորագրությունը, ինչից պարզ է դառնում, որ նա չի հրահանգավորվել,- փաստեց բանախոսը:- Հակառակ դեպքում նրան կարգելվեր բարձրանալ տվյալ տանիք և մետաղական կոնստրուկցիաների վրա կանգնել, քանի որ դա համարվում էր ոչ անվտանգ գոտի»:
Լ. Սիմոյանը հավելեց, որ դեպքի վայրում ելումուտի դռան առկայությունը նույնպես հարցականի տակ է, իսկ տեղի աշխատակիցների ցուցմունքներում ֆիքսված է, որ բոլորն օգտվել են այն պատուհանից, որից եւ դուրս է եկել Լ.Հունանյանը դեպի վտանգավոր գոտի: 
Բանախոսն ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքի վրա, որ հարևան մասնաշենքում գտնվող տանիքներն ունեցել են մետաղական կոնստրուկցիաներ, այսպես կոչված, «խաչուկներ», որոնք, համաձայն փորձագետի տված մեկնաբանության, համարվել են անտանգություն ապահովող:
«Այն մասում, որտեղ տեղի է ունեցել դեպքը, այդպիսի խաչուկներ գոյություն չունեին,- ասաց փաստաբանը:- Փորձագետը եզրակացության մեջ նշել էր, որ տնօրինության կողմից տվյալ խախտումն առկա է, սակայն հետագայում մյուս հարցաքննությունների ժամանակ փորձագետը սկսեց հակասել իր իսկ տված եզրակացությանը»:
Ըստ Լ. Սիմոնյանի, վարույթ իրականացնող մարմինը տվյալ դեպքում պարտավոր էր կրկնակի փորձաքննություն նշանակել, սակայն հիմք համարելով փորձագետի հակասական ցուցմունքը, ոչինչ չի ձեռնարկել:
Տուժող կողմին, մասնավորապես՝ տուժողի իրավահաջորդ Դ. Հունանյանին, կասակածելի է թվացել այն հանգամանքը, որ քաղաքացիական իրավական պայմանագրում, որն իբրև ստորագրված է եղել է իր որդու կողմից, ձեռագիրը Լ. Հունանյանինը չի եղել:
«Հայրը նկատեց, որ այդ պայմանագրում դրված ստորագրության ձեռագիրն իր որդունը չէ, միջնորդեցինք նշանակել դատաձեռագրաբանական փորձաքննություն, և փորձագետը եկավ այն հետևության, որ մեր կասկածները տեղին էին,- ասաց փաստաբանը:- Այսինքն՝ փաստացի կեղծ ստորագրության մասին է խոսքը»:
Տուժողի հոր՝ Դ. Հունանյանի հավաստմամբ, աշխատանքային պայմանագիրը կազմակերպության տնօրինության կողմից կեղծվել է, որպեսզի իրենց վրա մեծ պատասխանատվություն չդրվի:
Բանախոսները նաև տեղեկացրեցին, որ եթե գործի կարճումը չվերացվի, իրենք բողոքարկելու են համապատասխան բոլոր իրավական ատյաններին:
«Սկզբում բողոքարկելու ենք վերաքննիչ, ապա վճռաբեկ դատարաններ և, եթե հիմքեր տեսնենք, նաև՝ Եվրոպական դատարան», - ասաց Լ. Սիմոնյանը, հավելելով, որ ներկա պահին գործը գտնվում է դատարանում, սակայն դատական նիստի օրը դեռևս նշանակված չէ:
Լրագրողի հարցին, թե պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու հանգամանքը որքանո՞վ է իրատեսական, Լ. Սիմոնյանը պատասխանեց, որ եթե լինեն սուբյեկտներ, որոնց գործերը պետք է Հատուկ քննչական ծառայության կողմից քննվեն, ապա նրանք կենթարկվեն պատասխանատվության:
 
Ռուբեն Բաբայան
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play