Հայաստանի երկաթուղում 2017թ. սկզբից արդեն իսկ գրանցվել է ավտոմեքենաների և գնացքների բախման 4 դեպք


Հայաստանի երկաթուղում 2017թ. սկզբից արդեն իսկ գրանցվել է ավտոմեքենաների և գնացքների բախման 4 դեպք

  • 16-03-2017 10:36:13   | Հայաստան  |  Իրավունք

 
 
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը կրկին հիշեցնում է երկաթուղում անվտանգության կանոնները պահպանելու անհրաժեշտության մասին: Այս մասին տեղեկացնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի բաժինը:
Վերջին օրերին Հայաստանի երկաթուղում գրանցվել են մի քանի միջադեպեր, որոնց պատճառ էր հանդիսացել քաղաքացիների կողմից երկաթուղում անվտանգության նորմերի անտեսումը: Ուստի «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն կրկին հիշեցնում է, որ երկաթուղին վտանգավոր գոտի է, և հորդորում է պահպանել երկաթուղում գործող անվտանգության նորմերը: 
Այսպես. մարտի 11-ին Մրգաշատ գյուղի մոտակայքում N 682 էլեկտրաքարշի տակ էր ընկել 86-ամյա կին, ով տեղում մահացել էր: 
Մարտի 9-ին, ժամը12:45-ին Երասխ-Արարատ հատվածի չկարգավորվող գծանցում ՄԱՆ մակնիշի ցեմենտատար ավտոմեքենան բախվել է ВЛ10 № 825 էլեկտրաքարշին: Ավտոմեքենայի վարորդը տեսնելով մոտեցող գնացքը, որը տվել է նախազգուշացնող ազդանշան, անտեսելով անվտանգության կանոնները, փորձել է անցնել էլեկտրաքարշի առջևով: Չնայած ձեռնարկված արգելակմանը, բախումից հնարավոր չի եղել խուսափել: Բարեբախտաբար, մարդկային զոհեր չեն եղել: 
Բախման արդյունքում վնասվել է էլեկտրաքարշը՝ կոտրվել են ապակիները, կառավարման պուլտը, այլ տեխնիկական մասեր, խափանվել ռադիոկապը:  Վնասվել են նաև գծանցի ուղղորդող ձողերը:  
Անհրաժեշտ է նաև նշել, որ երկաթուղային գծերը գտնվում էին պատշաճ վիճակում, խափանումներ չեն արձանագրվել, տեղադրված են և վարորդների համար տեսանելի են նախազգուշացնող բոլոր ճանապարհային նշանները:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն կրկին հիշեցնում է գծանցների հատման կանոնների պահպանման անհրաժեշտության մասին, հորդորում է լինել ուշադիր ու զգոն: Վարորդների անփութության և թույլ տված սխալների գինը կարող է լինել մարդու կյանքն ու առողջությունը: 2017թ. սկզբից երկաթուղում արդեն գրանցվել է ավտոմեքենաների և գնացքների բախման 4 դեպք: 2016 թվականին գրանցվել էր միայն 6, իսկ 2015-ին՝ 9 նման դեպք: 
Պահպանվող երկաթուղային գծանցները պետք է հատել միայն հերթապահի թույլտվությամբ, իսկ չպահպանվողները՝ միայն համոզված լինելով, որ անցումը լինելու է անվտանգ, չփորձել անցնել գծանցը գնացքի առջև, քանի որ դա կարող է ծանր հետևանքների բերել:
Անհրաժեշտ է հիշել, որ երկաթուղային տրանսպորտը հնարավոր վտանգի դեպքում չի կարող անհապաղ կանգնել. արգելակման դեպքում մարդատար էլեկտրագնացքի արգելակման ուղին կազմում է 800 մետր, իսկ բեռնատարինը՝ մոտ 1000 մետր: Սակայն վտանգի դեպքում որոշիչ դեր են խաղում վայրկյանները և հաշված քայլերը...  
Իր կողմից ընկերությունը ձեռնարկում է նախազգուշացնոզ բոլոր անհաժեշտ միջոցները, անվտանգության կանոնների մասին տեղեկացնում է երկաթուղու մոտակայքում գտնվող համայնքների բնակիչներին:
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք