Հանձնարարական ՀՀ ԱՆ-ին՝ գրավի առարկայի իրացման գործընթացը հստակ ժամկետներում իրականացնելու վերաբերյալ
16-03-2017 11:49:37 | Հայաստան | Հասարակություն
ՀՀ կառավարության նիստի ընթացքում վարաչապետ Կարեն Կարապետյանի կողմից տրված 2-րդ հանձնարարականը վերաբերում էր բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից գրավի իրացման գործընթացին:
Ըստ նրա՝ ներկայումս գործող օրենսդրական կարգավորումները բանկերին և վարկային կազմակերպություններին գրավի իրացման կազմակերպման գործընթացում ընձեռում են հայեցողության բավականին լայն շրջանակ, քանի որ առկա չէ բռնագանձման ծանուցումը գրավատուն հանձնելուց հետո այդ գործընթացը սկսելու հստակ ժամկետ:
«Նշվածը խիստ մտահոգիչ է այն տեսանկյունից, որ այն դեպքերում, երբ գրավի արժեքը գերազանցում է դրամով ապահովված պարտավորության չափը, բակերը կամ վարկային կազմակերպությունները հնարավորություն ունեն և որոշ դեպքերում չեն իրացնում գրավի առարկան մինչև այն պահը, երբ պարտավորության խախտման հետևանքով հաշվեգրվող տուգանքների շնորհիվ վարկառուի պարտքի չափը հավասարվում կամ նույնիսկ գերազանցում է համապատասխան գրավի առարկայի արժեքը»,- նշեց գործադիրի ղեկավարը:
Ստեղծված իրավիճակը բացառելու նպատակով նա հանձնարարեց ՀՀ Արդարադատության նախարարին մեկամսյա ժակետում ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն գրավի առարկայի իրացման գործընթացը հստակ ժամկետներում իրականացնելու և դրանց խախատման դեպքում համապատասխան տուգանքների դադարեցման մեխանիզմների վերաբերյալ: