ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության պատվիրակությունն այցելել է Սփյուռքի նախարարություն


ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության պատվիրակությունն այցելել է Սփյուռքի նախարարություն

  • 16-03-2017 16:16:15   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Մարտի 15-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության պատվիրակությանը, որի կազմում էին  Հայաստանում սիրիահայ փախստականների ձեռնարկատիրական գործունեությանն ուղղված ծրագրի ղեկավար Մոնիկա Կարկոն ու միջազգային փորձագետ Սոմայա Մոլլը:
 
Ողջունելով հյուրերին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց սիրիահայերի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ կազմակերպության նախաձեռնությունները, սիրիահայերի ինտեգրմանն ու ձեռնարկատիրական գործունեության խթանմանն ուղղված ծրագրերը: Նա մասնավորապես նշեց. «Այսօր ամենակարևոր խնդիրը, որ պետք է լուծենք սիրիահայերի համար, աշխատանքի տեղավորման խնդիրն է: Շնորհակալ եմ, որ դուք այդ խնդրի շուրջ համախմբում եք բոլոր երկրների կառույցներին ու կազմակերպություններին, հրավիրում եք նրանց ուշադրությունը: Ուրախ եմ, որ կա հստակ մոտեցում տնտեսական խնդիրների լուծման ուղղությամբ: Պետք է գտնենք կառույցներ ու կազմակերպություններ, որոնք պատրաստ են աջակցություն ցուցաբերել այդ խնդիրների լուծմանը, հիմնադրամ ստեղծել, որին կմասնակցի նաև Սփյուռքը: Սիրիահայերը Հայաստան են բերել նոր բիզնես մշակույթ: Նրանք հարյուրից ավելի բիզնես ծրագրեր են ներկայացրել, որոնք պետք է կյանքի կոչել»:
Նախարարը ներկայացրեց սիրիահայերի հետ տարվող աշխատանքի առանձնահատկությունները, փորձը և արդյունքները, անդրադարձավ նաև սիրիահայերի ինտեգրացիայի, զբաղվածության, մասնագիտական վերապատրաստման և բնակարանային խնդիրներին: 
Մոնիկա Կարկոն շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար: Նա մանրամասն ներկայացրեց Հայաստանում սիրիահայ փախստականների ձեռնարկատիրական գործունեությանն ուղղված ծրագրային առաջարկը, պատրաստակամություն հայտնեց սերտորեն համագործակցել նախարարության, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության հետ: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն