Շարունակում եմ պահանջել մանկապարտեզներից վարձակալված ու օտարված տարածքների ճակատագրի վերաբերյալ տեղեկություններ. Անահիտ Բախշյան


Շարունակում եմ պահանջել մանկապարտեզներից վարձակալված ու օտարված տարածքների ճակատագրի վերաբերյալ տեղեկություններ. Անահիտ Բախշյան

  • 17-03-2017 14:43:40   | Հայաստան  |  Հասարակություն

Մարտի 17-ին  Երևանի ավագանու նիստի հարց ու պատասխանի ժամանակ իմ կողմից հնչեցվելու էր մանկապարտեզների վարձակալված  տարածքների հետագա ճակատագրերն ուսումնասիրելու և դրանց  օգտագործման արդյունավետության ու նպատակահարմարության  վերաբերյալ  Երևանի քաղաքապետի կողմից վարչական շրջանների  ղեկավարներին  տրված հանձնարարականի  ընթացքի մասին հարցը, սակայն  քարոզարշավի ընթացքում ավագանու իմ  լիազորությունների կասեցման պատճառով   նիստին չեմ կարող ներկա լինել  ու հարցս, որպես քաղաքացի,  Երևանի  քաղաքապետին  ուղղում եմ հրապարակայնորեն:
 
Երևանի քաղաքային համայնքի զարգացման 2014-2017 թթ. քառամյա ծրագրում  առաջարկել եմ  իրականացնել մանկապարտեզների վարձակալած տարածքների հաշվառում, գույքագրում և դրանք մանկապարտեզներին, այսինքն՝ երեխաներին աստիճանական վերադարձնելու գործընթաց:  Առաջարկն ընդունվել էր, և ըստ քաղաքապետի 01.04.2014թ. 04/5-1630հ թվակիր նամակի՝ վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել էր ուսումնասիրություն կատարել, որի արդյունքները, ցավոք, մինչ օրս հայտնի չեն:
 
Չնայած Երևանի մանկապարտեզների  գերծանրաբեռնված աշխատանքին և ՆՈՒՀ (նախադպրոցական ուսումնական հաստատություն) հաճախելու իրենց հերթին սպասող մեծ թվով երեխաների՝ քաղաքի մի շարք մանկապարտեզներից տարբեր մակերեսով տարածքներ, տարբեր ժամկետներով տրվել են վարձակալության, իսկ  1970-ական թվականներին սփյուռքի   սեբաստահայերի  ներդրումներով  կառուցված Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Լենինգրադյան փողոցում գտնվող «Սեբաստիա»  մանկապարտեզը, ի հեճուկս «Նախադպրոցական կրթության մասին»  ՀՀ օրենքի արգելքի, Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի  29.10.2008թ. 229.Ա որոշմամբ  50  տարի  ժամկետով անհատույց օգտագործման է հանձնվել «Ալեքսանյանների ընտանիք» բարեգործական հասարակական կազմակերպությանը, որից հետո  ընտանիքի կողմից  սեփականաշնորհվել է, առկա է 13.05.2009թ. տրված անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականը: 
 
2010 թ. Երևանի զարգացման ծրագրի նախադպրոցական կրթությանը հատկացված 57-րդ էջում գրված է, որ թվով 47 նախադպրոցական ուսումնական հաստատությունների շենքերում վարձակալությամբ տեղակայված է 106 կազմակերպություն, որոնցից 56-ը տարածքն օգտագործում է անհատույց, 31-ի գումարները տնօրինում են վարչական շրջանները, տասնչորսի գումարը տրվում է նախադպրոցական հաստատությանը, 5-ի  տերն անհայտ է: 
 
08.10.2013թ. նամակով դիմել եմ Երևանի քաղաքապետին՝ խնդրելով տեղեկություններ տրամադրել վերոնշյալի մասին: Պատասխան նամակով խոստացել են տրամադրել տեղեկատվությունը, սակայն մինչ օրս այդ տեղեկատվությունը չկա: 
 
 2016թ. հունվարի 26-ին կրկին  նամակով դիմել եմ քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ տրամադրելով իմ անձնական ուսումնասիրության արդյունքները, ըստ որի՝ քաղաքի վարչական 8 շրջանների 36 մանկապարտեզների շենքերից որոշ հատվածներ տրվել են վարձակալության՝ ժամկետ սահմանելով 2012-2014 թթ., ու հայտնի չէ, թե  այդ տարածքներն ազատվել են, թե ոչ : 
 
Գործող քաղաքապետի օրոք 2012 և 2013 թթ. Երևանի մանկապարտեզներից վարձակալության տրված տարածքների վերաբերյալ կայացվել է 13 որոշում, ինչպես ավագանու որոշմամբ, այնպես էլ՝ վարչական շրջանների կողմից, որի իրավունքը չունեին, 4-ը՝ անձամբ քաղաքապետի որոշմամբ, որից 3-ը՝  մասնավոր մանկապարտեզի համար, իսկ Նոր Նորքի հ. 118  մանկապարտեզի 65ք.մ. տարածքը՝  17.09.2013թ. մինչև 17.09.2014թ. Ա/Ձ Բալաբամյանի արհեստանոցի համար: Արդյո՞ք վարձակալված տարածքները  վերադարձվել են մանկապարտեզին, թե՞  սեփականաշնորհվել՝ հայտնի չէ:
 
 «Սեբաստիա» մանկապարտեզը 2012 թ.-ից լուծարվել է, «Ալեքսանյանների ընտանիք» ԲՀԿ-ն պարտավորվել է իրականացնել վերանորոգման և այլ աշխատանքներ, որոնց ծավալը, ժամկետները և այլ մանրամասներ պայմանագրում հստակ նշված չեն: 22.03.2016թ. ԲԵ-640/16 նամակով քաղաքապետին հիշեցրել եմ, որ տարիներ են անցել, սակայն ոչ մի վերանորոգում չի ընթանում, և մանկապարտեզը փաստորեն օտարվել է: 13.04.2016թ. 01/04-17070հ գրությամբ քաղաքապետը պատասխանել է. «...Ինչ վերաբերում է փոխառուի պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարմանը՝ հայտնում եմ, որ փոխառուի կողմից նախապատրաստվում է նախագծանախահաշվային փաստաթղթեր՝ վերանորոգման աշխատանքներ սկսելու համար»: Այս  նամակից էլ անցել է 1 տարի. ոչ մի վերանորոգման աշխատանք չկա  ու  հայտնի չէ, կլինի՞, թե՞՝ ոչ:
 
Սույն հաղորդագրությամբ  փորձել եմ  վերհանել մեր հասարակությանը հուզող  ոլորտում   առկա  անօրինականություններն  ու նաև  շարունակում եմ  պահանջել   տեղեկություններ այս  ուղղությամբ   Երևանի քաղաքապետի   օրինական  գործողությունների  ընթացքի մասին: 
 
 
Անահիտ Բախշյան
Հեռ: 010 514160  
 
 
 
 
   
             
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play