Բացահայտվել է ծանրացուցիչ հանգամանքներում սպանություն կատարողների ամբողջական շրջանակը


Բացահայտվել է ծանրացուցիչ հանգամանքներում սպանություն կատարողների ամբողջական շրջանակը

  • 17-03-2017 15:12:57   | Հայաստան  |  Իրավունք

 
 
Ինչպես տեղեկացանք ՀՀ գլխավոր դատախազությունից, այստեղ կայացած օպերատիվ խորհրդակցության ընթացքում պլանավորված միջոցառումների
իրականացմամբ բացահայտվել է ծանրացուցիչ հանգամանքներում սպանություն կատարողների ամբողջական շրջանակը:
2016 թվականի նոյեմբերի 21-ին, ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝  նախորդ օրը՝ նոյեմբերի 20-ին, երեկոյան ժամը 22.30-ի սահմաններում, անհայտ անձի կողմից Վանաձոր քաղաքի բնակիչ Հ. Ա.-ին սուր-կտրող ծակող գործիքով հարվածներ հասցնելու և սպանելու դեպքի առթիվ:
Քրեական գործի հարուցումից հետո, 2016 թվականի նոյեմբերի 21-ին, ժամը 15:40-ի սահմաններում, հանցագործությունը կատարելու մեղայականով ՀՀ ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժին է ներկայացել Վանաձոր քաղաքի բնակիչ Մ. Ա.-ն:
Նախաքննության ընթացքում Մ. Ա.-ն հայտնել է, որ 2016 թվականի նոյեմբերի 20-ին, երեկոյան ժամը 22.00-ի սահմաններում, կենցաղային հարցերի շուրջ, այն է՝ իրեն երկար նայելու և հայհոյելու պատճառով վիճաբանել է Հ. Ա.-ի հետ և իր մոտ գտնվող դանակներով հարվածներ հասցնելով վերջինիս, սպանել է նրան:
Նկատի ունենալով, որ քննությամբ ձեռք բերված տվյալները ամբողջովին չէին համընկնում մեղադրյալի կողմից նկարագրված հանգամանքներին, ավելին՝ հիմք էին տալիս հետևության, որ Հ. Ա.-ն կյանքից զրկվել է ոչ միայն Մ. Ա.-ի գործողությունների արդյունքում, ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ոլորտը համակարգող նրա տեղակալի մոտ  2017թ. մարտի 11-ին ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Լոռու մարզի դատախազության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած օպերատիվ խորհրդակցության ընթացքում, գնահատելով քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի, նախաքննությամբ ձեռք բերված տվյալների բազմակողմանի ուսումնասիրման, ստուգման, համադրման, ինչպես նաև ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման հետ համագործակցության  արդյունքում ի հայտ եկած մի շարք հանգամանքներ, մասնավորապես՝  այն, որ հանցագործության կատարմանը կարող էին մասնակից լինել մեկից ավելի անձինք, համապատասխան օպերատիվ–հետախուզական միջոցառումներ կատարելու հանձնարարականներ են տրվել ՀՀ ոստիկանության ներկայացուցիչներին:
 Համակարգված և իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, դատավարական համապատասխան գործողություններով ամրագրված ապացույցների հիման վրա, 2017թ. մարտի 16-ին, հանցագործության կատարմանը մասնակից լինելու կասկածանքով, ձերբակալվել է Վանաձոր քաղաքի բնակիչ Ս. Գ.-ն:
 ՀՀ գլխավոր դատախազությունից ծանուցում են նաև, որ ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա  մեղավորությունն  ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ  մտած դատավճռով:
 
Նոյյան տապան  -   Իրավունք