Հանրային խորհուրդը միացել է Արթուր Սարգսյանի մահվան հանգամանքները պարզելու պահանջին


Հանրային խորհուրդը միացել է Արթուր Սարգսյանի մահվան հանգամանքները պարզելու պահանջին

  • 17-03-2017 17:10:21   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Արթուր Սարգսյանը, որը հուլիսյան հայտնի դեպքերից հետո ստացավ «Հաց բերողը» անունը, մեր հասարակության որոշակի շերտերի կողմից ընկալվում էր իբրև մարդկային բարձր որակներով օժտված կերպար, որը քաղաքական շահերից դուրս պարզապես փորձել էր մարդասիրական քայլ կատարել, և հիվանդ վիճակում նրան երկրորդ անգամ կալանավորելը, իսկ հետագայում արդեն նրա մահը իրավացիորեն առաջացրել են հասարակական հնչեղություն ու ցավ պատճառել շատերին:
 
Հանրային խորհուրդը միանում է այն պահանջին, որ պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկվեն` պարզելու Արթուր Սարգսյանի մահվան հանգամանքները, թե որքանով էր անհրաժեշտ և օրինական ծանր հիվանդության դեպքում ս.թ. փետրվարի 9-ին նրա երկրորդ կալանավորումը, որն իբրև խափանման միջոց փոխվեց միայն Ազգային ժողովի պատգամավորների միջնորդությամբ, ու նա տեղափոխվեց հիվանդանոց: Եվ առհասարակ, պետք է պարզել այս գործի շրջանակներում մարդու իրավունքների և օրենքի պահանջների հնարավոր բոլոր խախտումները` ողջ գործընթացը հասանելի դարձնելով հանրությանը և մեղավորներին ենթարկելով պատասխանատվության օրենքի ողջ խստությամբ:
 
Հանրային խորհուրդը խորին ցավակցություն է հայտնում Արթուր Սարգսյանի հարազատներին, ընկերներին և բոլոր նրանց, որոնք դարձան նրա բարեկամը` անգամ անձամբ չճանաչելով:
 
 
 
 
 
 
ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ
17.03.2017 թ.
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն