Գյումրիում բացվել է Ամերիաբանկի «Կումայրի» մասնաճյուղը


Գյումրիում բացվել է Ամերիաբանկի «Կումայրի» մասնաճյուղը

  • 17-03-2017 17:05:40   | Շիրակի մարզ  |  Կազմակերպություններ

 Գյումրի քաղաքում մարտի 17-ին տեղի ունեցավ Ամերիաբանկի «Կումայրի» մասնաճյուղի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը, Մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը, այլ պաշտոնատար և գործարար այրեր: 
 
 «Կումայրի» մասնաճյուղի բացմանը զուգընթաց մեկնարկեց «Իմ Գյումրին» արշավը, որի շրջանակներում մասնաճյուղի հաճախորդներին կտրամադրվեն քարտային, վարկային և առցանց ծառայությունների մասով հատուկ առաջարկներ: Այս համատեքստում, մասնավորապես, թողարկվել են «Իմ Գյումրի» խորհրդանշական անվանումը կրող АrCa վճարային քարտեր, որոնք կտրամադրվեն  «Կումայրի» մասնաճյուղի հաճախորդներին առանց սպասարկման վճարի և առանց կանխիկացման միջնորդավճարի՝ 2 տարի ժամկետով: Բացի այդ, մասնաճյուղի հաճախորդներին կտրամադրվեն Visa Classic, Visa Gold, MasterCard Standard, MasterCard Gold դեբետային կամ կրեդիտային քարտեր, իսկ իրավաբանական անձ հաճախորդներին`Visa Business, MasterCard Business քարտեր`առանց առաջին տարվա տարեկան սպասարկման վճարի: 
«Կումայրի» մասնաճյուղի հաճախորդների համար կգործեն նաև վարկերի հատուկ պայմաններ, մասնավորապես, կտրամադրվեն վարկեր Ամերիաբանկում գործող տոկոսադրույքներից 0,5%-ով ցածր տոկոսադրույքով, իսկ վերաֆինանսավորման արշավի ներքո նվազեցված տոսկոսադրույքները  կիջեցվեն ևս 0,25%-ով:
Հեռահար բանկային ծառայություններից  օգտվելու մշակույթը տարածելու և բանկային ծառայություններից օգտվելն ավելի հարմարավետ դարձնելու համար «Կումայրի»  մասնաճյուղի հաճախորդներին կտրմադրվեն անվճար ինտերնետ և մոբայլ բանկինգ, ինչպես նաև հեռախոսային բանկինգ  ծառայությունները: Իրավաբանական անձանց կտրամադրվի ինտերնետ և մոբայլ բանկինգ` առանց առաջին տարվա սպասարկման վճարի: Նույն համատեքստում նորաբաց մասնաճյուղի տարածքում, ինչպես նաև Գյումրիի Ռիժկով փողոցի սկզբնամասում (Ռիժկովի փողոց, 1/2) տեղակայվել են Express banking 24/7 ծառայության ինքնասպասարկման տերմինալներները, որոնց միջոցով բանկի հաճախորդները կարող են ոչ միայն կանխիկ ելքագրել և մուտքագրել, այլ նաև առանց բանկ այցելելու իրականացնել մի շարք այլ բանկային գործարքներ: Վերոնշյալ առաջարկները գործելու են մինչև  2017թ. հունիսի 30-ը ներառյալ:
Տեղեկացնենք, որ «Կումայրի» մասնաճյուղը տեղակայված է Գյումրի քաղաքի Աբովյան փողոց 248/7 հասցեում և իր ընդարձակ սպասարկման սրահով, ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ և մասնագիտացված անձնակազմով սպասում է Շիրակի մարզի բնակիչներին:  
 
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ