Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավորներն անթույլատրելի են համարել Ստամբուլի նահանգապետի միջամտությունը


Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավորներն անթույլատրելի են համարել Ստամբուլի նահանգապետի միջամտությունը

  • 17-03-2017 17:13:36   | Թուրքիա  |  Իրավունք

 

Թուրքիայի «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP) հայ պատգամավոր, մասնագիտությամբ իրավաբան Սելինա Դողանն անդրադարձել է Կ. Պոլսի հայոց պատրիարքի տեղապահի ընտրությունների արդյունքների հայտնի դառնալուց հետո ընտրություններում խայտառակ պարտություն կրած Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի կատարած քայլին:
Հիշենք, որ երբ տեղապահի ընտրությունների արդյունքում հայտնի է դարձել, որ ընտրվել է Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, ընտրությունների արդյունքով այդ պահից արդեն Պատրիարքական ընդհանուր փոխանորդի իր լիազորությունները կորցրած Արամ սրբապիղծ Աթեշյանը լրագրողներին ցույց է տվել Ստամբուլի նահանգապետարանի գրությունը, թե պատրիարքի ընտրությունների հետ կապված գործընթացն իրավական չէ։
Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի հետ զրույցում Սելինա Դողանը նշել է, որ պատրիարքի ընտրությանը Ստամբուլի նահանգապետարանի միջամտությունը զուրկ է իրավական հիմքերից։
«Անընդունելի է նահանգապետարանի գրությունը,- ասել է պատգամավորը:- Գրության մեջ մեջբերվում է փետրվարի 16-ի հավաքը պատրիարքարանում։ Այնտեղ նշվում է, թե իբր այս ամենի դեմ հայ հասարակության խիստ արձագանքը կա։ Այո, բայց այդ խիստ արձագանքը ուղղված է հենց փոխպատրիարքի դեմ։ Եթե հասարակության արձագանքը կարևոր է նահանգապետարանի համար, ուրեմն պետք չէ միջամտել պատրիարքի ընտրության գործընթացին։ Այդ միջամտությունն ավելի խառը իրավիճակ է ստեղծելու»:
Կատարվածին էլ ավելի խիստ է անդրադարձել Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» ներկայացնող Կարո Փայլանը: «Ակոս» շաբաթաթերթի տեղեկացմամբ, նա կատարվածը բնորոշել է «հեղաշրջում» բառով: Նշել է, որ Պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն պատրիարքարանը ղեկավարել է որպես իշխանությունների կողմից նշանակված անձ, և այժմ այդ պաշտոնը շարունակելու համար Թուրքիայի իշխանության այն հատվածի հետ, ում հետ կապի մեջ է եղել, հեղաշրջում են արել:
«Մենք դա չենք ընդունում, չպետք է ընդունենք,- ասել է Կարո Փայլյանը:- Տեղապահի ընտրություն է կայացել, երկու թեկանածուներից մեկը հաղթել է: Բոլորս պետք է հաղթողին շնորհավորենք և արագացնենք պատրիարքի ընտրության աշխատանքները»:
 
Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան  -   Իրավունք