Ավելացել է մրցակցային գնումների ծավալը և մրցակցության աստիճանը.Կարեն Թամազյան

17-03-2017 17:43:45   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Կարեն Թամազյանի մամուլի ասուլիսը.
 

Նախնական ամփոփում է իրականացվել 2016թ. պետական գնումների: Ըստ նախնական տվյալների ընդամենը գնումները 2016թ. կազմել են շուրջ 188.5 մլրդ. դրամ, որից 97.0 մլրդ. դրամը մենաշնորհային գնումներ (լույս, ջուր, կոմունալ այլ ծախսեր, հիվանդանոցներ, պոլիկլինիկաներ և այլն), իսկ 91.5 մլրդ. դրամը մրցակցային գնումները: Մրցակցային գնումների մեջ ընդամենը 7.2% կազմում է մեկ անձից կատարված գնումները (6.6 մլրդ դրամ), ինչը նախորդ տարվա համեմատ նվազել է ավելի քան 2.5 անգամ (2015թ. 18.3% , 21.2 մլրդ դրամ): Սա վկայում է այն մասին, որ ավելացել է մրցակցային գնումների ծավալը և մրցակցության աստիճանը: Օրինակ՝ բաց ընթացակարգերով մրցույթների դեպքում միջին մասնակցությունը կազմել է 6.4 կազմակերպություն 1 մրցույթին, նախորդ տարվա 3.4 դիմաց, պարզեցված ընթացակարգերում 3.3 նախորդ տարվա 1.5-ի դիմաց:
 
Հարկ է նշել նաև, որ ՀՀ կառավարության ծրագրով պետական գնումների բնագավառում իրականացվելիք 4 միջոցառումներից 3-ը արդեն իսկ կատարվել են, իսկ 1-ը կավարտվի հաջորդ շաբաթ: 
Նշված 3-ից մեկը՝ օտարերկրյան և միջազգային կազմակերպությունների ֆինանսավորմամբ ծրագրերի համաձայն իրականացվող գնումների թղթայինից էլեկտրոնային համակարգ տեղափոխելու պիլոտային ծրագիրը ավարտվել է նախորդ շաբաթ:
Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի շրջանակում պետական գնումների ոլորտում էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով բարեփոխումների ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկվել են գնանշման հարցումներ (shopping) (ապրանքների դեպքում՝ մինչև 50 մլն, աշխատանքների դեպքում՝ մինչև 100 մլն դրամ) և ազգային շեմը չգերազանցող մրցույթներ (NCB) (ապրանքների դեպքում՝ մինչև 500 մլն, աշխատանքների դեպքում՝ մինչև 2.5մլրդ դրամ): Մասնավորապես՝ պիլոտային եղանակով էլեկտրոնային գնումների ARMEPS համակարգի միջոցով կազմակերպվել է գնանշման հարցման ընթացակարգ և բաց ազգային մրցույթի ընթացակարգը, որոնց արդյունքում համակարգում ծրագրային խնդիրներ չեն առաջացել: Արդյունքում ապրիլի 1-ից բոլոր ԾԻԳ-երը կսկսեն Համաշխարային Բանկի ծրագրերի շրջանակներում նման մրցույթները իրականացնել ՀՀ պետական գնումների էլեկտրոնային «ARMEPS» համակարգի միջոցով:
Վերոնշյալ քայլը էականորեն նվազեցնում է կոռուպցիոն ռիսկերը՝ հնարավորինս բացառելով կոնկրետ անձանց հետ արտամրցութային պայմանավորվածությունների հիման վրա պայմանագրեր կնքելու ԾԻԳ-երի հնարավորությունը:
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից