Ներկայացվել է Էրեբունի հնավայրի միջնաբերդի մասնակի վերականգնման և այցելուների սպասարկման արդիականացման նախագիծը


Ներկայացվել է Էրեբունի հնավայրի միջնաբերդի մասնակի վերականգնման և այցելուների սպասարկման արդիականացման նախագիծը

  • 17-03-2017 18:31:40   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում ներկայացվել են «Էրեբունի հնավայրի միջնաբերդի մասնակի վերականգնման և այցելուների սպասարկման արդիականացման նախագծի» շրջանակում առաջին փուլով իրականացված աշխատանքները: Հանդիպմանը ներակա են գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը, Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, նաև նախագծի հեղինակային խմբի անդամները:
 
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ «Էրեբունի-Երևանի» 2800-ամյակին նվիրված միջոցառումների համատեքստում իրականացվելիք  ծրագիրը  նախատեսում է ինը առանձին բաղադրիչ: Նախագծի հեղինակային խմբում ընդգրկված են հնագետներ, պատմաբաններ, ճարտարապետներ, երկրաբաններ, որմնանկարների վերականգնման հայաստանյան լավագույն մասնագետներ:   
Նախագծային խմբի ճարտարապետ-վերականգնողները մանրամասն ներկայացրել են  հնավայրի ցանկապատման և անցակետերի կառուցման, պորտիկի վերականգնման աշխատանքային նախագծերը, Խալդի Աստծո տաճարի ու պալատի վերականգնման և ամրակայման, կարասային սրահի մասնակի վերականգնման, ուրարտական խոհանոցի և ենթակառուցվածքների ստեղծման, ամֆիթատրոնի և սպասարկման սրահի կառուցման էսքիզային նախագծերը: 
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ծանոթանալով իրականացված աշխատանքներին և կարևորելով ծրագրի իրականացումը, էսքիզային նախագծերի վերաբերյալ ներկայացրել է իր  առաջարկություններն ու դիտարկումները:
 «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանն էլ, անդրադառնալով նախագծային աշխատանքների ընթացքին, նշել է, որ «Էրեբունի» միջնաբերդի վերականգնման աշխատանքները կմեկնարկեն արդեն այս տարի:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն