«ՀՀ իշխանությունները ոչինչ չեն խնայելու Արցախի հարցի հայանպաստ լուծման համար». ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանով


«ՀՀ իշխանությունները ոչինչ չեն խնայելու Արցախի հարցի հայանպաստ լուծման համար». ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանով

  • 17-03-2017 19:35:44   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 17-ին հանդիպել է Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողների եւ դասախոսների հետ, ովքեր ճանաչողական այցով Ազգային ժողովում էին: Հանդիպումն ընթացել է հարցուպատասխանի ձեւաչափում. Էդուարդ Շարմազանովը զրույցի ժամանակ պատասխանել է ուսանողներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի, որոնք վերաբերել են ինչպես մեր երկրի ներքին ու արտաքին քաղաքական գործընթացներին, այնպես էլ տարածաշրջանային խնդիրներին:
 
ԱԺ փոխնախագահը պատասխանել է Արցախի միջազգային ճանաչմանը վերաբերող հարցադրմանը: «Մեր նպատակն է Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը: Արցախը երբեւէ չի կարող լինել Ադրբեջանի կազմում. Արցախի անկախությունն այլընտրանք չունի, եւ ՀՀ իշխանությունները ոչինչ չեն խնայելու Արցախի հարցի հայանպաստ լուծման համար: Որպես պատասխանատու ուժ` մենք գտնում ենք, որ պատերազմով խնդիր չի լուծվելու. խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ կարգավորման ճանապարհով»,- ընդգծել է ԱԺ փոխնախագահը:
Պարոն Շարմազանովն անդրադարձել է նաեւ զինված ուժերի մարտունակությանն առնչվող հարցադրմանը` ընդգծելով, որ անվտանգությունը մեր երկրի համար առանցքային հարցերից է, եւ պետությունն անում է հնարավորը առկա մակարդակն առավել բարձրացնելու եւ ամրապնդելու ուղղությամբ: «Արցախի առաջնագիծն այսօր ամբողջությամբ ապահովված է տեխնիկական միջոցներով, որը բարձրացնում է առաջնագծի անվտանգության մակարդակը»: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն