Լևոն Ալթունյանն այցելել է Արարատի մարզ


Լևոն Ալթունյանն այցելել է Արարատի մարզ

  • 17-03-2017 19:56:21   | Արարատի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Արարատի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ առողջապահության  նախարար Լևոն  Ալթունյանը մարզպետ Արամայիս Գրիգորյանի հետ քննարկել է մարզի առողջապահության ոլորտի առկա վիճակը, խնդիրները և զարգացման ու օպտիմալացման ուղիները։  Երկուստեք կարևորվել է եղած ֆինանսական միջոցների և մասնագիտական ներուժի արդյունավետ կառավարումը։ 
 
Արամայիս Գրիգորյանը ներկայացրել է մարզի բժշկական կազմակերպությունների վիճակը, մարզպետարանի կողմից նախատեսվող աշխատանքներն ինչպես շենքային պայմանների բարելավման, այնպես էլ` գյուղական բնակավայրերը մասնագետներով ապահովելու ուղղությամբ։ 
Այնուհետև մարզպետի ուղեկցությամբ նախարարն այցելել է Արտաշատի բժշկական կենտրոն, որն այժմ ամբողջությամբ տեղակայվել է ադմինիստրատիվ մասնաշենքում։ Լևոն Ալթունյանը շրջել է կենտրոնում, հետաքրքրվել հատկապես մանկական բաժանմունքում բուժվող հիվանդների վիճակով, նրանց բուժման արդյունքներով։ 
Կենտրոնի բուժաշխատողների հետ հանդիպման ժամանակ  նախարար Ալթունյանը ներկայացրել է ոլորտում իրականացվող բարեփոխումները և դրանցից ակնկալվող արդյունքները։ Անդրադառնալով էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրմանը` նա նշել է, որ սկզբնական շրջանում գուցե դժվար կլինի, սակայն կհամոզվեն, թե այն որքան կարևոր է
Նախարարը բուժաշխատողներին հորդորել է վստահել իրենց ուժերին։ «Մենք բոլորս ուզում ենք գերմանական բժշկություն ունենալ։ Գերմանացիները մեզանից ավելի խելացի չեն։ Պարզապես նրանք անում են այն` ինչ գրված է, ինչպես կարգն է։ Մենք կգրենք այդ կարգերը և ձեզ հետ միասին կփորձենք Հայաստանի բժշկության նոր մակարդակ ապահովել»,-ասել է Լևոն Ալթունյանը։  
Նա նշել է, որ գլխավոր մասնագետների  աշխատանքային խմբերն ակտիվորեն զբաղվում են կլինիկական ուղեցույցների և պացիենտի վարման գործելակարգերի մշակմամբ։  
Կենտրոնի բուժաշխատողները նախարարին ներկայացրել են իրենց մտահոգությունները։ Ի պատասխան այն հարցի, թե ե՞րբ Հայաստանում կներդրվի բժշկական պարտադիր ապահովագրությունը` Լևոն Ալթունյանը պատասխանել է, որ այս պահին մշակվում և հստակեցվում են պարտադիր ապահովագրավճարի չափերը։ Նա բուժաշխատողներին վստահեցրել է, որ իրենք ևս ներգրավված կլինեն։ 
Բարձրացված առանձին հարցերի պարզաբանումները նախարարը խոստացել է տալ խնդիրներին մանրամասն ծանոթանալուց հետո։ 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն