Տնտեսագետները քննարկեցին քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի տնտեսական խոստումները

18-03-2017 20:00:18   | Հայաստան  |  Տնտեսություն
Մարտի 18-ին  «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի նախաձեռնությամբ կայացավ կլոր սեղան-քննարկում, որին մասնակցում էին  Հայաստանի առաջատար տնտեսագետ-վերլուծաբաններն ու փորձագետները: 
Ինչպես տեղեկացրեցին «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի մամուլի ծառայությունից, «Խորհրդարանական ընտրություններում քաղաքական ուժերի  նախընտրական ծրագրերի տնտեսական խոստումները» խորագրով քննարկման մասնակիցները, ընդգծելով խորհրդարանական ընտրությունների  կարևորությունը, նկատեցին, որ այս տարիների ընթացքում խաթարվել է հանրության հավատը` քաղաքակիրթ ճանապարհով ընտրություններ անցկացնելու և երկրի համար իրական առաջընթաց ապահովելու նկատմամբ: Քննարկման մասնակիցների գնահատմամբ՝ երկրի համար այս բախտորոշ փուլում տնտեսագիտական հանրությունն ու փորձագետները չպետք է հայտնվեն դիտորդի կարգավիճակում և պետք է օգնեն հանրությանը սթափ գնահատել քաղաքական ուժերի տրված խոստումները, իսկ քաղաքական ուժերին՝ բարելավել տնտեսական ծրագրերի մասնագիտական հիմքերն ու ավելի իրատեսական ծրագրերով նպաստել երկրի տնտեսության այնքան սպասված  առաջընթացին:
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը նշեց, որ նախընտրական փուլում քաղաքական կուսակցությունները դիմում են պարզ մանիպուլյացիաների` հանրության մոտ ձևավորելով բարեփոխումների ակնկալիքներ, որոնք իրականում անիրատեսական են: Ըստ Մանասերյանի, կուսակցությունների ու դաշինքների ծրագրերում այսօր ներառված են տնտեսական բարեխոսների վերաբերյալ մի շարք դրույթներ, որոնք որևէ  քննադատության չեն դիմանում: 
Տնտեսագետ Մարգարիտա Եղիազարյանը, մասնավորապես, նկատեց, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերի ներկայացուցիչները խոսում են թոշակների, աշխատավարձերի, նպաստների շեշտակի բարձրացման, բանկերում վարկերի մարման մասին՝ առանց մատնանշելու թե ինչ ռեսուրսով ու միջոցներով են դրանք իրականություն դարձնելու: «Այս ամենի նպատակը միայն քվե կորզելն է, ոչ ավելին, ինչն անազնիվ մոտեցում է»,-նշեց Եղիազարյանը:  
Ֆերմերների միության նախագահ Սարգիս Սեդրակյանը խոսելով գյուղատնտեսության խնդիրների մասին՝  նկատեց, որ դատարկ խոստումների փոխարեն հարկավոր է կանգնել գյուղացու կողքին և որևէ մոդել առաջարկելուց առաջ, անպայման, հաշվի առնել Հայաստանի առանձնահատկությունները և հայ գյուղացու իրական պրոբլեմները:  Հայաստանի Բանկերի միության փոխնախագահ Սեյրան Սարգսյանն էլ անդրադառնալով մի շարք ուժերի նախընտրական վ ծրագրերում շահարկվող բանկային տոկոսադրույքների կտրուկ նվազեցման խոստումներին՝ դրանք որակեց անիրատեսական:   
Քննարկման ընթացքում որոշվեց առաջատար մասնագետների ներգրավվածությամբ ստեղծել   մշտական հարթակ` պլատֆորմ, որի միջոցով անկախ փորձագիտական գնահատականներ ու վերլուծություններ կներկայացվեն հանրության դատին: Որոշում ընդունվեց եռօրյա ժամկետում հանրությանը ներկայացնել հիշյալ հարթակի մասնակիցների անունները:
 


Նոյյան տապան   -   Տնտեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից