Անդունդի եզրին անհարկի «քյանդրբազության» և այլ անտանելի բաների մասին

Մի լցրեք ժողովրդի համբերության բաժակը

20-03-2017 12:40:50   | Հայաստան  |  Քաղաքական
 


 
Մեր բնակավայրերի շենքերի պատերից, ցուցատախտախտակներից, պաստառներից   և այլուր կրկին սկսել են աչքի զարնել գիրգ կերպարանքներ, որոնց տերերը պերճախոսում են «սոցիալական արդարության», «ամրապնդման և զարգացման», «միասնական հաղթանակի» և այլ վեհ գաղափարներից: Նույն երևույթը թափանցել է հեռուստա և ռադիոեթեր, համացանցն է ակտիվորեն յուրացնում: Բա ո'նց, հերթական խորհրդարանական ընտրություններն են մոտենում, ընտրազանգվածին հերթական անգամ սիրաշահել է պետք, որպեսզի հետո այդ ընտրազանգվածի անունից խորհրդարանում պարապ-սարապ վերընկնելու, կողքից էլ սեփական գորխարքները սարքոտելու իրավական հիմքեր հնարավոր լինի ձեռք բերել: Բնավ  չցանկալով չարախոսել, արձանագրենք այնուհանդերձ, որ, ցանկացած առաջադեմ ու հայրենասիրությամբ լի նախընտրական ծրագրերով հանդերձ, վերջնական արդյունքի առնվազն 70-75-ը /եթե ոչ ավելին/ հենց այդպիսին է ստացվում: 
 
Ինչպիսի՞ տեսք կունենա ապրիլի 2-ի ընտորությունների արդյունքներով ձևավորված օրենսդրական իշխանության մեր գերագույն մարմինը: Հայրենական երեսփոխանների նորընտրելիք կազմն ինչացո՞ւ է լինելու: Մի՞ թե, ինչպես մեզ մոտ արդեն ավանդույթ է դառնում, պատասխանը արդեն կանխավ է հայտնի… 
Հիմա ընտրական գրանցամատյաններում գրանցված համաքաղաքացիները հերթական անգամ մտիկ են անում` ինչպե՞ս վարվել, ո՞ւմ օգտին քվեարկել, որպեսզի հերթական անգամ վրիպելը գոնե համեմատաբար ծանր չստացվի: Եվ ընդհանրապես իմաստ ունի՞ հերթական անգամ մտորել, եթե իշխող վարչակարգն անթաքուն ձգտում է իր ձեռքերում պահպանել պետական կառավարման լծակները: Ախր բարձրաստիճան ու շահավետ պաշտոնը շա~տ քաղցր բան է, ով այդ խավիծով է սկսում սնվել, իրեն արդեն  այդ կերատաշտից  քաշել-հեռացնելը չափազանց դժվար գործ է դառնում: Դժվար, բայց անհրաժեշտ: Քանզի շնորհքն ու խիղճն անկշտում փորից անհամեմատ ավելի ենք կարևորում: 
 
Մոսկվաբնակ քաղաքագետ և վերլուծաբան Մկրտիչ Թարխանյանի գնահատմամբ, Հայաստանում ներկայումս աստիճանաբար թափ առնող հերթական քարոզարշավը մի նշանակալի տարբերակիչ առանձնահատկություն ունի, այն է` հասարակության մեջ առկա են բողոքի ու դժգոհության տրամադրություններ: Դրա հետ մեկտեղ, աշխույժ քննարկման առարկա են դառնում վերջին ամիսների կադրային փոխատեղումները և նոր կառավարության հնչեցրած ծրագրերը: Հատկանշական է, որ այդ կառավարությունը բացահայտորեն ընդունում է տնտեսական բարեփոխումների, մեղմ ասած, անբավարար որակը, ինչն առաջին հերթին պայմանավորված է վերջին տարիներին իրականացվող կորստաբեր սոցիալ-տնտեսական քայլերով: Ստորև ներկայացնում ենք պարոն Թարխանյանի հետ Աշոտ Գարեգինյանի զրույցը, որը լրագրողը ներկայացրել է «Նոյյան տապան»-ին:
 
- Նախ, խնդրում ենք գնահատել ներկա իրավիճակը:
 
- Անշուշտ, հուսադրող կարելի է համարել այն հանգամանքը, որ նոր կառավարության ձևավորումից հետո կարծես թե սկսվել է մի շարք խորշելի բարձրաստիճան պաշտոնյաների աստիճանաբար հեռացումը իշխանական լծակներից: Այդ պաշտոնյաներից ոմանք սերտ կապեր ունեն հանցագործ աշխարհի հետ, այստեղ ոչ մի Ամերիկա չենք հայտնաբերում: Խոսքը, մասնավորապես, գնում է վարչապետ Հովիկ Աբրահամյանի (տխրահռչակ «Մուկ»), տրանսպորտի և կապի նախարար Գաքգիկ Բեգլարյանի («Չոռնի Գագո»), ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի («տամոժնու Գագո» կամ «Մոցարտ Գագո»` իրեն պատկանող հրուշակեղենի ավստրիական ֆաբրիկայում թողարկվող կոնֆետների անունով): Իր պաշտոնից է զրկվել ռեժիմի այնպիսի խոնարհ ծառան, ինչպիսին է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը` նույն ինքը «Լիսկան»: Որոշ ԶԼՄ-ների տվյալներով, ամպեր են կուտակվում նաև անթիվ հանցագործ «սխրանքների» հերոս, Ազգային ժողովի պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) գլխին: Համեմատաբար անտագնապալի իրեն դեռ գուցե Սամվել Ալեքսանյանն է («Լֆիկ Սամո») զգում:
 
- Այսինքն, իշխանական համակարգի առողջացման գործընթա՞ց է նշմարվում:
 
- Այդ գործընթացը, ցավոք, բավական հեռու է իր տրամաբանական հունից և ավարտից: Բանն այն է, որ մականուններ կրող «խառոշիներից» պետական համակարգի մաքրումը անմիջականորեն առնչվում է ինչպես նախագահ Սերժ Սարգսյանի, այնպես էլ ներկայիս իշխող վերնախավի հետագա ճակատագրին: Չէ՞ որ նախագահի ու իր գլխավորած  Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) իշխանության հենարանը հենց  քրեական-օլիգարխիկ համակարգն է հանդիսանում, որին տված է երկիրն անսանձ ալան-թալանի «թողության գիրը»: Այնպես որ, Հայաստանում մականուններով ու քրեական հակումներով անձնավորությունների կառավարման ժամանակաշրջանի ավարտի մասին խոսելը, ցավոք, դեռ վաղ է: 
 
Եթե Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք օլիգարխիայի առաջին սածիլները դեռ նոր էին բուսնում, ապա իր հետնորդների ժամանակ իշխանության քրեական-օլիգարխիկ մոդելն արդեն թափ առավ ու փարթամորեն ծաղկեց: Այդ համակարգը շարունակաբար ձգտում է երկրի ու ժողովրդի թալանմանը, քաղաքացիների իրավունքների ոտնահարմանը, բեսպրեդելի, անօրինականությանը` սեփական բացարձակ անպատժելիության պայմաններում: Պետության գործող ղեկավարի` իշխանության գալուց հետո այդ մոդելն է՛լ ավելի զարգացավ և ամրապնդվեց: 
 
- Փաստորեն, պարբերաբար հնչեցվող բարի ցանկություններից այն կողմ գործն այդպես էլ չի՞  անցնում:
 
- Հայաստանում տիրող իշխանական համակարգը կարելի է պատկերացնել միմիայն իրար հետ ոերտորեն կապված երկու «ամանների» տեսքով, այն է` նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած ՀՀԿ-ի իշխանության մենաշնորհն ապահովող տնտեսական մենաշնորհները և դրանց սպասարկող անձնակազմը: Իշխանության հենարանը հանդիսացող մի քանի տասնյակ ընտանիքների տնտեսական դիկտատի վերարտադրումն ապահովելու նպատակով անվերջ խառնվում են քաղաքական սյուները, ասեկոսեներ են շրջանառության մեջ դրվում, կեղծվում բոլոր մակարդակների ընտրություններն ու հանրաքվեները, այդ թվում` քրեական տարրի լայն կիրառմամբ: Նման, թող թույլ տրվի ասել, «աշխատանքի ուղղությունների» համար երկար տարիներ պատասխանատու էին վերջին ամիսներին իրենց պաշտոններից հեռացված այն բարձրաստիճան պետական չինովնիկները, որոնց անուններն արդեն հիշատակեցի: Օրինակ, Սյունիքի մարզում ընտրությունների ցանկալի արդյունքներն էր ապահովում Սուրիկ Խաչատրյանը, Արարատի մարզում` Հովիկ Աբրահամյանը, մայրաքաղաքում` Գսգիկ Բեգլարյանը, Մհեր Սեդրակյանն էլ իր գործն անում էր, առանձին վերցրած, Էրեբունի համայնքում:  
 
Իշխող վարչակարգի տրամաբանությունը վերջին տարիների ընթացքում կայանում էր իշխանության վերարտադրումն ապահովող անձանց լիովին սատարելու մեջ: «Մերոնց չենք հանձնում» սկզբունքը գործում էր անխափան կերպով, կեղծարարությունները համակարգողներին ապահովելով անձեռնմխելիության կարգավիճակ` անկախ իրենց կողմից կատարած զանցանքների ծավալներից: 
 
- Հիմա այդ ազդեցիկ ու ամենաիշխան անձնավորությունները պաշտոնաթող են արվել: Թունելի վերջում լույս նշմարվո՞մ է, վերջապես: Ի՞նչ կարծիքի եք:
 
- Ճիշտն ասած, վախենում եմ, որ ոմանց մոտ հենց նման տպավորություն կարող է ձևավորվել, իբր այդ մռայլ դարաշրջանը մոտենում է իր վախճանին: Պաշտոնական մակարդակով հայտարարություններ են արվում, թե նոր վարչապետ Կարեն Կարապետյանն իր թիմում խորշելի անձնավորություններ իբր չի տեսնում, խոսվում է նոր մոտեցումներ ցուցաբերելու անհրաժեշտության մասին, այլ բարի խոսքեր են արտասանվում: Դրա հետ մեկտեղ, իրավապահ մարմինները սկսել են հետապնդել քրեական-օլիգարխիկ համակարգի ներկայացուցիչներից բնավ ոչ վերջիններին` կարգավիճակով ու զբաղեցրած պաշտոններով:
 
«Սասնա ծռեր» զինյալ խմբավորման կողմից Երևանում պարեկա-պահակային ծառայության գնդի տարածքը բռնազավթելու հետ կապված իրադարձությունները պետության ավազակային մոդելին լուրջ վնաս հասցրեցին, զգալիորեն խարխլելով դրա կարծես թե անսասան դիրքերը: Ըստ որոշ վերլուծաբանների, Արցախի շուրջ բխած ապրիլյան «չորսօրյա պատերազմի» հետ կապված հուլիսյան դեպքերը ռեժիմին լրջորեն վախեցրել էին: Դրա հետ, կարծում եմ, դժվար է չհամաձայնվել:  
 
Խմբավորման գործողությունները, որոնք հասարակության կողմից արժանացան որոշակի հավանության, դարձան գոյություն ունեցող դաժան իրականության արտացոլումը: Այն իրականության, ուր ընտրությունների ժամանակ շարունակական մասշտաբային կեղծումների պատճառով գրեթե լիովին բացառվում էր հասարակական համակրանք չվայելող, կեղեքիչ իշխանություններին փոխելու օրինական հնարավորությունը: Շուրջ 20 տարի անընդմեջ հակաժողովրդական քաղաքականության իրականացումը լուրջ խնդիրների հանգեցրեց հենց հայ իշխանությունների, երկրի տնտեսության և ազգային անվտանգության համար: Երկրից արտագաղթի ծավալը կործանարար չափերի է հասել, ինչը հանդիսանում է տնտեսական քարուքանդի և քաղաքացիների մեծամասնության բարոյահոգեբանական կվինտէսենցիան:  
 
Այժմ պարադոքսալ երևույթի ենք ականատես դառնում. բնակչության ոչ հարուստ (շա~տ մեղմ ասած) մեծամասնության և գնալով ավելի ու ավելի նոսրացող «միջին խավի» հետ մեկտեղ, Սերժ Սարգսյանի վարչակարգի վարած քաղաքականությունից իրենց դժգոհությունն են արտահայտում նաև ավելի ունևոր մարդիկ, որոնց վրա էլ, թվում էր, թե այսօր իշխող ռեժիմն է հենվում: Ստեղծված իրավիճակի համար պատասխանատվությունն ուրիշների վրա բարդելու, Հայաստանից դուրս մեղավորներ փնտրելու (օրինակ` «Մոսկվայի ձեռքն» են սկսել մատնանշել) զավեշտական ջանքերը կարող են բացասաբար ներազդել ռուս-հայկական փոխհարաբերությունների վրա, ինչը հազիվ թե դրական ազդեցություն ունենա երկրի անվտանգության, ներառյալ` Արցախյան հիմնախնդրի վրա:   
 
- Իշխանությունն ու բիզնեսն այնքան սերտ են փոխկապակցված ու փոխպայմանավորված, իսկական սիամյան երկվորյակներ են…
 
- Մի քանի տարի առաջ պետության ղեկավարը հայտարարել էր բիզնեսն իշխանությունից տարանջատելու անհրաժեշտության մասին: Սակայն այդ ուղղությամբ ոչինչ չի ձեռնարկվում: Դեռ հակառակը` իշխանությունները շարունակում են թաքուն հովանավորել այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյայի բիզնես-ծրագրերը: Դրա վառ ապացույցը, մասնավորապես, հանդիսացավ պանամյան օֆշորում մեծ կարողության, ֆինանսական միջոցների հնարավոր սեփականատիրոջ` Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի նկատմամբ հարուցած քրեական գործի կարճումը:  
 
Կառավարության քաղաքականության հետևանքով մուրացկանի, գոյատևման մակարդակի հասցված ժողովրդի կամքի երկարամյա անտեսումն, ի վերջո, իշխող ռեժիմի համար բումերանգի վերածվեց: Եվս մեկ դաժան ճշմարտություն` Հայաստանը դարձել է պարտքով ապրող պետություն,  այսօր գրեթե ոչ ոք չի տրամադրում վարկեր, չի կատարում ներդրումներ, քանզի գովաբանված «կայունությունը» իրականում կարող է պարզապես «սապոնի պղպջակ» դուրս գալ: 
Իր վերջին հարցազրույցներից մեկում վարչապետ Կարեն Կարապետյանը հիշատակել է Հայաստանում երկրի «ճակատամասը» հանդիսացող էլիտայի ենթադրվող փոփոխումը:  Դրա հետ մեկտեղ, առաջիկա ընտրությունների նախօրեին պաթոսով լեցուն համագումարներ և ժողովներ անցկացնող իշխող Հանրապետական կուսակցությունն, ըստ էության, հասարակությանն առաջարկելու բան չունի: Երկրում ձևավորված լարված  իրադրությունը Սերժ Սարգսյանին դրել է բարդ ընտրության առջև` կամ շարունակել փոփոխությունների նմանակեղծումը, ինչը ստեղծված պայմաններում գործնականում անհնար է, կամ էլ իրական ինչ-որ զիջումների գնալ հասարակության հանդեպ: Չէ՞ որ ոչ ոք չի հավատա, թե իշխանությունները ցանկանում են դրական փոփոխություններ իրականացնել, եթե պետական համակարգում մնան վերը հիշատակված «Լիսկայի», «Չորնի Գագոյի» կամ «Մոցարտ Գագոյի» նման մարդիկ: 
 
Խորշելի բարձրաստիճան պաշտոնյաներին իշխանությունից հեռացումը, սակայն, չի ուղեկցվում քրեական գործերի հարուցմամբ, կողոպտված գույքի բռնագրավմամբ, ինչն, անշուշտ, տվյալ գործընթացը դարձնում է անավարտ ու անկատար: Արդեն ավանդույթ ե դարձել, որ իշխանական համակարգից չափազանց անտեսանելիորեն անհայտանում են այն պաշտոնյաները, որոնք հսկայական ունեցվածք են դիզել վարկերի և բյուջետային միջոցների յուրացման, կաշառքների և այլ հանցագործությունների միջոցով: Որպես կանոն, հետագայում այդ գողության մեջ չբռնվածները (ընդհուպ մինչև բարձրաստիճան պաշտոնյաներ) հայտնվում են Հայաստանի սահմաններից շատ հեռու և առոք-փառոք իրենց ձեռք բերած ապրուստն են վայելում, դրանով իսկ առաջացնելով շարքային քաղաքացիների օրինաչափ վրդովմունքն ու զայրույթը, ա՛յն քաղաքացիների, որոնց իշխանությունների կործանիչ քաղաքականությունը ստիպում է լքել Հայրենիքը հանապազօրյա հացի փնտրտուքներում…
 
- Հիրավի անուրախ տեսարան եք ներկայացնում: Մի՞ թե այդպես էլ շարունակվելու է ամեն ինչ:
 
- Պետության քրեական մոդելը կամաց-կամաց արդեն գնում է դեպի իր մայրամուտը: Բայց այդ գործընթացը որոշ արագացման կարիք ունի, հակառակ դեպքում ամեն ինչ իրոք կարող է վերադառնալ ի շրջանս յուր: Մի շարք դիտորդներ գտնում են, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին իշխող վարչակարգը նախատեսում է կիրառել, այսպես ասած, «կառավարվող քաոսի» մեթոդը: Այդ մեթոդի էությունն է` քաղաքական տարածությունը լցնել կեղծ ընդդիմադիր տեսակի նորաթուխ կուսակցություններով ու բլոկերով: Նման կերպ գործող իշխանությունների քաղաքական տեխնոլոգները մտադիր են ողողել քաղաքական դաշտը և մոլորեցնել ընտրողներին, ինչպես նաև կրկին անգամ փոշիացնել բողոքական ընտրազանգվածի ձայները: 
 
Իհարկե, այդ փորձերի նպատակն անպիտան է: Ցանկացած դեպքում, քաղաքական մանիպուլյացիաները, առանց արդարության վերականգնման, անօրինական կերպով յուրացրած, կողոպտած ունեցվածքի վերադարձման, չեն հանգեցնի երկրում իրավիճակի քիչ թե շատ բարելավման:  
Այդ ամենը նկատի ունենալով, քաղաքացիների նախաձեռնող խումբը (այդ խմբում ընդգրկված են ինչպես ՀՀ քաղաքացիներ, այնպես էլ Սփյուռքի ներկայացուցիչներ) հանդես է գալիս տնտեսական բնույթի հանցագործությունների, սեփականության ապօրինի զավթման դեպքերի և այլնի մասին օբյեկտիվ ու ճշգրիտ տեկեկատվություն հավաքագրելու և կուտակելու մտադրությամբ: Քանզի առանց արդարության վերականգնման դժվար է նույնիսկ մտածել հանրապետություն նոր ներդրումներ ներգրավելու, ազգային տնտեսության վերածննդի, օտար ափերում արդարություն, հաց կամ բախտ որոնելու համար պատմական հայրենիքը լքած մարդկանց հետ բերելու մասին:  
 
Ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ ՀՀԿ-ի և մի շարք այլ կուսակցությունների համար հենարան կամ հիմք են հանդիսանում տարբեր մակարդակի «հեղինակություններ» կոչեցյալները և քրեաօլիգարխիկ տարրերը: Հենց նրա՛նք են ապահովում ընտրություններին և այլ միջոցառումներին մարդկանց ներկայանալը, դզմզելով իշխանությունների համար անհրաժեշտ արդյունք: Այդ կապակցությամբ կցանկանայի ուշադրություն հրավիրել երկրում խորհրդարանական ընտրություններն ազնիվ և թափանցիկ անցկացնելու անհրաժեշտության վրա: Եթե այդ ընտրությունները ենթադրվում է օգտագործել որպես ժողովրդականություն չվայելող ներկայիս իշխանությունների վերարտադրման հերթական միջոց, ապա դա ուղի է հարթում դեպի ինքնաոչնչացում: Եվ առնվազն միամտություն կլիներ ակնկալել, որ այդ ամենը չեն տեսնում Հայաստանից դուրս` Վաշինգտոնում կամ Մոսկվայում, Բրյուսելում կամ Փարիզում: Մանիպուլյացիաները, ռեպրեսիաներն ու կեղծարարությունները նպաստելու են հետագա քաղաքացիական պառակտմանը, դրանք հայ պետականությունն ու հայ ժողովրդին կդնեն նոր ծանրալի փորձությունների արջև: 
 
Մենք նաև վճռականորեն հայտարարում են սկզբունքային կադրային փոփոխությունների անհրաժեշտության մասին: Պետական կառավարման կառույցներ պետք է վերջապես գան այնպիսի որակյալ մասնագետներ, ովքեր հանցագործություններում արատավորված չեն և կապված չեն Հայաստանում առ այսօր «խաղի կանոնները» թելադրող կլանային-օլիգարխիկ կառույցների հետ:  Ամենևին չենք կասկածում, որ նման խելոք, ազնիվ, տաղանդաշատ և շնորհալի մարդկանց թիվը հայ ժողովրդի շարքերում առավել քան բավարար է: 
 
Վերջապես, առանց պետության քաղաքական կամքի և հասարակության մեջ բարոյահոգեբանական մթնոլորտի արմատական առողջացման, անհնար է Հայաստան վերադարձնել երկրից հեռացած մարդկանց, ինչպես նաև անհնար է Հայաստանի իշխանությունների և Սփյուռքի կազմակերպությունների արդյունավետ և ներդաշնակ փոխգործակցությունը` հանուն Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և ողջ հայ ժողովրդի բարգավաճ ու անվտանգ ապագայի:
 
 
Զրուցեց ԱՇՈՏ ԳԱՐԵԳԻՆՅԱՆԸ
 
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից