Ինչպես է վարվելու ՀՀԿ-ն, եթե դրսից մեզ պարտադրվի սեռական, կրոնական փոքրամասնությունների իրավունքները բացարձակացնող օրենքներ ընդունել


Ինչպես է վարվելու ՀՀԿ-ն, եթե դրսից մեզ պարտադրվի սեռական, կրոնական փոքրամասնությունների իրավունքները բացարձակացնող օրենքներ ընդունել

  • 20-03-2017 23:46:53   | Հայաստան  |  Իրավունք

 
 
Հայաստանի Հանրապետության վրա դրսից, մասնավորապես` Արևմուտքից, արևմտյան ինչ-ինչ կազմակերպությունների կողմից ճնշումներ են եղել, որպեսզի մեր պետությունն օրենքներ ընդունի համասեռամոլների ամուսնությունն օրինականացնելու համար, գենդերային հարցերում, յուվենալ օրենսդրության հետ կապված և այլն:
«Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշելով այդ ճնշումների մասին, ՍԻՄ կուսակցության նախագահ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ ապրիլի 2-ի ընտրություններում ՀՀԿ պատգամավորության թեկնածուների համապետական ընտրացուցակում ընդգրկված Հայկ Բաբուխանյանը, սակայն, ասաց նաև, որ իշխող քաղաքական ուժը` Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, ներկայիս իշխանությունները կարողացել են դիմագրավել այդ ճնշումներին, պարտադրանքներին:
«Մենք գնում ենք դեպի ընտրություններ, ու շատ կարևոր է նախընտրական բանավեճերի հետևում, այնուամենայնիվ, տեսնել կարևորագույնը, մասնավորապես` այն, թե այս կամ այն կուսակցությունը կամ դաշինքն ինչպիսի ծրագրային դրույթներով են գնում ընտրությունների,- ասաց Հայկ Բաբուխանյանը:- Ինձ նախապես խնդրեցին մի փոքր ուսումնասիրություն կատարել այն տեսակետից, թե գաղափարախոսական կամ քաղաքակրթական առումով ինչպիսի՞ն է վիճակը: Կարող եմ ասել հետևյալը, որ Հայաստանում այս ընտրություններում պահպանողական գաղափարախոսությունը ներկայացնում են Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և նրա ընտրացուցակում ընդգրկված 4-5 կուսակցություն: Դա պահպանողական միակ ուժն է, որն այսօր ներկայացված է մեր առաջիկա ընտրություններում:
Ըստ պատգամավորության թեկնածուի, արևմտամետ լիբերալ ուժերը բազմաթիվ են` և՛ «Ելքը», և՛ ՕՐՕ-ն, և «Ազատ դեմոկրատները», և՛ ՀԱԿ-ը, և՛ «Ազգային վերածնունդը»: Այդ բոլոր ուժերը, բանախոսի հավաստմամբ, մեզ առաջարկում են Թրամփից հետո երևի արդեն մի փոքր հնացած մոդել, դա արևմտյան զարգացման վեկտորն է և, բնականաբար, դրա հետ կապված այն քաղաքակրթական փոոխությունները, որոնք ենթադրում են այդ վեկտորի ուղղությունը վերցնել:
«Եվ կան երեք կուսակցություն,- շարունակեց պատգամավորության թեկնածուն,- որոնք առայժմ հստակ չեն ներկայացնում կամ ընդհանրապես չեն անդրադառնում այդ հարցերին: Դրանք են «Ծառուկյան դաշինքը», Կոմկուսը և ՀՅԴ-ն, որոնք այս հարթության մեջ, այսպես ասած, վառ արտահայտված չեն:
Ինչու եմ ասում, որ կարևոր է ծրագիրը, թեև, բացի ծրագրից, կարևոր են նաև այլ բաներ, որովհետև կոնկրետ մեր ծրագրում բազմաթիվ անգամներ նշվում են հայ ինքնության, հայ ընտանիքի, հայ եկեղեցու, հայոց լեզվի, հայոց արժեհամակարգի կարևորությունը:
Որևէ մեկ այլ կուսակցություն կամ դաշինք այդքան շատ չի կարևորել մեր արժեհամակարգի այդ սյուները, իսկ հիմնականում ընդհանրապես չեն անդրադարձել այդ հարցերին: Մինչդեռ, մենք կարծում ենք, որ հայ ազգի ինքնության պահպանումը, հայ ազգի արժեքային համակարգի պահպանումն օտար, լիբերալիստական, շատ անգամ ծայրահեղ լիբերալիզմի այդ վտանգավոր հովերից, որոնք մեր արևմտյան գործընկերների կողմից շատ անգամ պարտադրվում են մեր ազգին և երկրին, շատ կարևոր հարց է»:
Հայկ Բաբուխանյանը վկայակոչեց իրենց ծրագրի հենց նախաբանը, որում խոսվում է հայկական ընտանիքի, մեր հավատի և մեր լեզվի մասին:
«Այնուհետև,- շարունակեց նա,- առաջընթացի միտված արտաքին քաղաքականության մեջ նույնպես խոսվում է, որ մեր արտաքին քաղաքականությունը պետք է ուղղված լինի մեր ավանդական արժեքների պահպանմանը, զարգացմանը և խթանմանը: Դրանք շատ կարևոր դրույթներ են: Հաջորդը` մեր ծրագրի «Երիտասարդություն և սպորտ» բաժնում նույնպես նշվում է, որ կրթական միջոցառումների միջոցով պետք է ապահովել մեր երիտասարդ սերնդի հայկական ավանդականությունը: Վերջապես, ամփոփիչ մասում գրված է, որ մենք հենվելու ենք ամուր և ավանդական ընտանիքի արժեքների վրա, իսկ մեր կարգախոսներից մեկը հետևյալն է` «Ավանդական արժեքներին հավատարիմ և արդիական»:
Այսինքն` տեսնում եք, որ ամբողջ ծրագիրը` առաջին էջից մինչև վերջին էջը, կարևորում է ավանդական արժեքների պահպանման խնդիրը: Եվ այսօր, կրկնում եմ, երբ որ լիբերալիզմի և պահպանողականության բախումը հասել է իր կիզակետին, կարծում եմ, սրանք շատ կարևոր դրույթներ են, և մենք պետք է այդ դրույթները հաշվի առնելով, կատարենք մեր ընտրությունը: Այսինքն` եթե ուզում ենք, որ պահպանենք մեր ավանդական ընտանիքը, ավանդական ապրելակերպը` հայի ապրելակերպը, ավանդական կրոնը, ավանդական մտածելակերպը և, ի վերջո, մնալ հայ, ապա պետք է կարողանանք ընտրություն կատարել և չտրվել ինչ-որ այլ տիպի խոստումներին»:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ի՞նչ դիրքորոշում ունի Հայաստանի` Եվրամիության արժեքների ընդունման, մարդու իրավունքների բացարձակ ընկալման հարցում: Պատասխանելով այս հարցին, ՀՀԿ ընտրացուցակում ընդգրկված պատգամավորության թեկնածուն ասաց.
«Կուսակցության նախընտրական ծրագիրը բավական լուրջ փաստաթուղթ է, 45 էջից բաղկացած»` ի տարբերություն մեր մրցակիցների ծրագրերի, և այդտեղ բազմիցս նշվել է…»: 
Ըստ Հ. Բաբուխանյանի, մասնավորապես սեռական փոքրամասնությունների, կրոնական փոքրամասնությունների տոտալիտար դիկտատը մեծամասնության նկատմամբ ընդունելի չէ:
 «Ոչ ոք չի ասում, որ պետք չէ տալ իրավունքներ այս կամ այն փոքրամասնությանը, այսինքն` ապրելու այնպես, ինչպես ուզում են, բայց երբ որ այդ իրավունքները չարաշահվում են, երբ այդ իրավունքները դառնում են գործիք մեծամասնության իրավունքների հանդեպ, դա արդեն անթույլատրելի է և վտանգավոր,- ասաց մամուլի սրահի հյուրը:- Ցավոք սրտի, Եվրամիությունում տիրում է նեոլիբերալիստական, արդեն կարելի է ասել, կրոնը, երբ որ հասարակության ինչ-որ մի հատվածի, ասենք, սեռական փոքրամասնությունների նշած իրավունքները դառնում են ինչ-որ մի արգելված թեմա, որի մասին չի կարելի խոսել, չի կարելի քննադատել, չի կարելի սահմանափակել` այն դեպքում, երբ որ դրանք դառնում էին հարվածող գործիք մեծամասնության նկատմամբ և այլն: Նույնը, ասենք, կրոնական աղանդների, այսպես կոչված, իրավունքների պարագայում: Այդ նեոլիբերալիստական կրոնն Արևմուտքում դարձել է սրբության սրբոց, և որևէ մեկին թույլ չի տրվում դրա մասին խոսել և քննադատել:
Նշելով, որ վերջին 4-5 տարիներին ՍԻՄ կուսակցությունը պայքարել է, որպեսզի մենք լինենք ոչ թե նեոլիբերալիստական կրոնի, այլ հայ առաքելական կրոնի հետևորդներ, Հայկ Բաբուխանյանն ասաց.
«Դրա համար մենք, 4-5 տարի շարունակ, դատարաններից դուրս չէինք գալիս, դրա համար մեր դեմ մի շարք կազմակերպություններ` սկսած Ամերիկայի Պետդեպից, վերջացրած հայաստանյան բազմաթիվ հասարակական կազմակերպություններով, հայտարարություններ էին ընդունում, իմ դեմ, որպես պատգամավորի, նույնպես քայլեր էին կատարում, ինձ ինչ-որ ցուցակներ էին մտցնում և այլն, և այլն: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ մենք հաղթել ենք այդ կռվում, և այսօր նեոլիբերալիզմը հետ է մղվում: Ով է այսօր կանգնած այդ դիրքերին, և ո՞վ է մեզ հետ միասին կանգնած եղել այդ դիրքերին… Հայաստանի Հանրապետական կուսակցությունը»:
Եթե առաջիկա ընտրությունների արդյունքում իշխանության գա դարձյալ ՀՀԿ-ն, և դրսից մեզ պարտադրվի սեռական, կրոնական փոքրամասնությունների իրավունքները բացարձակացնող օրենքներ ընդունել, այդպիսի նորամուծություններ կատարել, ինչպիսի՞ դիրքորոշում կունենա ՀՀԿ-ն, ինչպիսի՞ որոշում կընդունի այդ հարցերում: Ինչպե՞ս կվարվի, եթե, օրինակ, Հայաստանի Հանրապետությանը պարտադրվի օրենք ընդունել համասեռամոլների ամուսնությունն օրինականացնելու համար, գենդերային հարցերում և այլն: Պատասխանելով այս հարցին, ՀՀԿ ընտրացուցակում ընդգրկված պատգամավորության թեկնածուն ասաց.
«Այնպիսի դիրքորոշում, ինչպիսին կար մինչև հիմա, այսինքն` մենք կանգնած ենք ազգային արժեքների պաշտպանության պատվանդանի վրա: Մենք դրան չենք գնացել մինչև հիմա, թող ձեզ չթվա, որ այդ ճնշումները չեն եղել մինչ այժմ, բայց մենք կարողացանք Սահմանադրության մեջ ֆիքսել ինչ է նշանակում ընտանիք… Հասկանալի է, մենք ունենք խնդիրներ, մենք անընդհատ գտնվում ենք ճնշումների տակ, նաև` յուվենալ օրենսդրության հետ կապված, որը շատ վտանգավոր է: ՀԿ-ներն իբրև քաղաքական միջոց օգտագործելու տարբերակն է մեզ անընդհատ փաթաթվում, օտարերկրյա կառավարումը քաղաքական դաշտում անընդհատ փաթաթվում է… Ես ոչ միայն կարծում եմ, որ Հանրապետական կուսակցությունը կկարողանա դիմակայել այդ ճնշումներին ու պաշտպանել, այլև ասում եմ, որ մենք մինչև հիմա այդպես էլ շարժվել ենք»:
Եվրամիության արժեքների, նեոլիբերալիզմի ընդունման կամ մերժման հարցում, ըստ Հ. Բաբուխանյանի,  ինչպիսի՞ն է ընտրություններին մասնակցող քաղաքական մյուս ուժերի, մասնավորապես` «Ծառուկյան դաշինքի», ՕՐՕ-ի, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության, «Ելք» դաշինքի, ՀՅԴ-ի դիրքորոշումը:
«Ես նշեցի, որ կան, իմ կարծիքով, մի շարք կուսակցություններ, մասնավորապես` հինգը, որոնք Հայաստան են փորձում բերել այդ նեոլիբերալիստական արժեքները,- ասաց պատգամավորության թեկնածուն:- Նրանց մի մասն արդեն իսկ իրենց ծրագրում են դա նշում, օրինակ, «Ելք»-ը, որն առաջարկում է դուրս գալ մեր այսօրվա համակարգերից (իսկ մեր համակարգերը տնտեսական են, պաշտպանական, որոնք խարսխված են Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների վրա), և դուրս գալուց հետո ստորագրել Եվրամիության հետ նոր պայմանագիր: Բնական է, որ Եվրամիության հետ մինչև հիմա ստորագրված բոլոր պայմանագրերը և մեզ առաջարկվող ասոցացման պայմանագիրը ենթադրում են, առաջին հերթին, արժեքային պարտավորություններ, այսինքն` մենք մեր արժեքները պետք է զիջենք հանուն նեոլիբերալիզմի: Նույն ՕՐՕ-ն, այդ դաշինքի ղեկավարությունը չի թաքցնում իրենց ծրագրերը, և մենք շատ լավ գիտենք նաև, թե ով է, ասենք, Վարդան Օսկանյանը, կամ ով է Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչպիսին են նրանց գաղափարական մոտեցումներն այդ հարցում: Նույն «Ազատ դեմոկրատները» նույնպես չի թաքցնում ոչ իրենց ծրագրում, ոչ իրենց գործունեության մեջ, ոչ Ազգային ժողովում… Պարոն Քոքոբելյանը, Հրանտ Բագրատյանը… Հրանտ Բագրատյանը բազմիցս հանդես է եկել «Հայ Առաքելական Եկեղեցու պատմություն»-ը դպրոցական ծրագրերից հանելու վերաբերյալ, որովհետև ասում է, որ այդ եկեղեցին (այսինքն` մեր եկեղեցին) և կրոնական մյուս հաստատությունները պետք է հավասարություն ունենան, և ոչ թե Հայ Առաքելական Եկեղեցին ունենա առավելություն: Դե, հասկանալի է… ՀՀՇ-ն և ՕԵԿ-ն իրենց անունները փոխել են, անվանակոչվել ՀԱԿ և «Ազգային վերածնունդ», իրենց թվում է, որ իրենք էլ են փոխվել, բայց իրականում այդպես չէ, ՀԱԿ-ը միշտ եղել է և ստեղծվել է որպես լիբերալ ուժ, միշտ հանդես է եկել ազգային արժեքները հետին պլան մղելու կամ վերափոխելու դիրքերից: Եվ նույնը` «Ազգային վերածնունդը», այսօր Արթուր Բաղդասարյանի ելույթներում անթաքույց հնչում է, որ մենք պետք է գենդերային ինչ-որ հավասարություն ունենանք, հասկանալով կամ գուցե չհասկանալով «գենդեր» բառն ինչ է նշանակում: Դա սոցիալապես ձեռք բերված սեռն է, ոչ թե բնական, այլ ձեռք բերված: Նա ասում է նաև, որ հայ կնոջը մենք պետք է ազատագրենք ստրկությունից, այսինքն` դա յուվենալ արդարադատության նախանշանն է, որը նրանք պատրաստվում են ներմուծել Հայաստան: Ի վերջո, նրանց գործունեությունը նույնպես ապացուցում է, որ այլ գաղափարախոսության` գենդերային հավասարություն, ֆեմինիզմ և այլն, կողմնակիցներն են:
Ինչ վերաբերում է «Ծառուկյան դաշինքին», կարծես թե այդ դաշինքը չի շոշափում նման հարցեր, չի անդրադառնում այդ թեմային և, հավանաբար, համարում է դա ոչ կարևոր թեմա: Նույնն էլ` Դաշնակցությունը: Ես թե իր գործունեության ընթացքում առանձնապես չեմ տեսել նման դրսևորումներ, թե այսօր նրա ծրագրային ելույթներում չկան: Դաշնակցության առնչությամբ ուղղակի հարցեր կան «Երկիր Մեդիայի» հետ կապված, երբ որ այնտեղ քննարկվում ու պրոպագանդվում է նույն յուվենալը, և, ցավոք սրտի, միակողմանի, օրինակ, ինձ չեն հրավիրում, որպեսզի ես էլ իմ պատասխանը տամ, թե յուվենալն ինչքան վտանգավոր է մեր ազգային ընտանիքը, ազգային ընտանեկան համակարգը պահպանելու համար: Դրա համար ես իրենց նույնպես, ցավոք, չեմ կարող դասել ազգային արժեքների պահպանման ճակատի մասնակիցների շարքում»:
 
Արթուր Հովհաննիսյան
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք