«Մեր ծրագիրն իրագործելի է, քանի որ դա ցույց ենք տալիս մեր 6 ամսվա փորձով՝ կատարված աշխատանքով և արձանագրված առաջընթացով». վարչապետ


«Մեր ծրագիրն իրագործելի է, քանի որ դա ցույց ենք տալիս մեր 6 ամսվա փորձով՝ կատարված աշխատանքով և արձանագրված առաջընթացով». վարչապետ

  • 21-03-2017 12:45:23   | Հայաստան  |  Քաղաքական

2017 թ. խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակում ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 20-ին հանդիպել  է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչներին: «Մենք պնդում ենք, որ մեր երկիրը  սկզբունքորեն այլ, զարգացած ու ժամանակակից երկիր կարող է լինել: Հաշվի առնելով առկա սահմանափակումները, մարտահրավերները, սպառնալիքներն ու տարածաշրջանը՝ մենք ներկայացրել ենք այդպիսի ծրագիր: Վստահ ենք, որ մեր ծրագիրն իրագործելի է, քանի որ դա ցույց ենք տալիս մեր 6 ամսվա փորձով՝ կատարված աշխատանքով և արձանագրված առաջընթացով», - հայտարարել է ՀՀԿ առաջին փոխնախագահը ՝ թվային տվյալներ ներկայացներով տարբեր ոլորտներում իրականացված ծրագրերի և արձանագրված դրական արդյունքների վերաբերյալ:
 
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակչության հետ հարցուպատասխանի ժամանակ Կարեն Կարապետյանը ներկայացրել է ՀՀԿ նախընտրական ծրագիրը, տարբեր ոլորտներում սկսված բարեփոխումների տրամաբանությունը և վերջնական նպատակը: «Բոլոր ոլորտներում լավ ապրելու համար մենք արդյունավետության պակաս ունենք:  Օրինակ, մեր գյուղատնտեսությունը գնում է ոչ ճիշտ ուղղությամբ: Ուժեր կան, որոնք ասում են՝ մեր պապական մեթոդներով պետք է առաջ գնանք: Եթե մեր պապական մեթոդներով գյուղատնտեսությունում առաջ գնանք, վարի ենք գնալու, որովհետև դա բացարձակ սխալ ուղղություն է: Ամբողջ աշխարհն այսօր նոր, ժամանակակից տեխնոլոգիաներ է կիրառում», - ասել է ՀՀԿ նախագահի առաջին տեղակալը:
Կարեն Կարապետյանը հորդորել է Քանաքեռ-Զեյթունի բնակիչներին՝ ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորել և մասնակցել ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: «Ծրագիրը քննարկելու ժամանակ հասկացեք՝ այն իրատեսակա՞ն է, թե՞ ոչ: Մեր ծրագրի առավելություններից մեկն այն է, որ մենք առաջարկում ենք էվոլյուցիոն և բնականոն զարգացում: Դա չի նշանակում, որ մենք արագացման կամ փոփոխությունների տեմպը դանդաղեցնելու ենք: Բայց ես անձամբ՝ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, չափազանց անհանգիստ եմ մեր հասարակության մեջ առկա քաղաքական լարվածությունից, հնարավոր զարգացումներից, որոնք կարող են բերել ապակայունացման, էքպերիմենտների, ավանտյուրաների, որովհետև մեր խաղի գինը շատ թանկ է: Մենք ունենք Արցախ, ունենք մեր երկրի վաղվա օրը և ունենք պատասխանատվություն մեր երկրի ապագայի նկատմամբ: Այդ իսկ պատճառով ուղիղ ասում եմ՝ ձեր ձայնը տվեք մեր ռեյտինգային թեկնածուներին և Հայաստանի Հանրապետական կուսակցությանը», - կոչ է արել ՀՀԿ առաջին փոխնախագահը:  
Ելույթ են ունեցել նաև ՀՀԿ համամասնական ցուցակի երկրորդ համարում ներկայացված, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՀՀԿ համամասնական ցուցակի չորրորդ համարում ներկայացված, Ազգային ժողովի պատգամավոր Արա Բաբլոյանը:
2017 թ. խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակում Կարեն Կարապետյանը եղել է նաև ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքում, ներկայացրել ՀՀԿ նախընտրական ծրագրի դրույթները, պատասխանել թալինցիներին հուզող բազմաթիվ հարցերի, խոսել դրանց լուծման ուղղությամբ նախատեսվող ծրագրերի ու բարեփոխումների մասին:
Նոյյան տապան  -   Քաղաքական