Երևանում տեղի է ունցել Դավոսի հաղորդակցության համաշխարհային ֆորումի տարածաշրջանային նիստը


Երևանում տեղի է ունցել Դավոսի հաղորդակցության համաշխարհային ֆորումի տարածաշրջանային նիստը

  • 21-03-2017 13:49:38   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Այսօր՝ մարտի 21-ին, «Էլիտ պլազա» բիզնես կենտրում մեկնարկեց WCFDavos/Yerevan երկօրյա ֆորումը, որը կազմակերպվել է Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի (APRA) և Դավոսի հաղորդակցության համաշխարհային ֆորում ասոցիացիայի (World Communication Forum Association) համատեղ ջանքերով:
 
«Ճգնաժամից դեպի զարգացում՝ սնուցվելով հաղորդակցությամբ» խորագրով միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի նախագահ Արա Սաղաթելյանը և Դավոսի հաղորդակցության համաշխարհային ֆորում ասոցիացիայի նախագահ Յանինա Դուբեյկովսկայան: 
 «Փաստ է, որ հաղորդակցության և դրա կառավարման կարևորությունն աշխարհում աճում է։ Օրեցօր զարգացող և փոփոխվող տեղեկատվական միջավայրը ստեղծում է նոր հնարավորություններ՝ միաժամանակ առաջ բերելով նոր մարտահրավերներ։ Մենք գործում ենք հետճշմարտային քաղաքականության պայմաններում “post-truth politics”, որը բնութագրվում է սոցիալական ցանցերի դարաշրջանում փաստերի կարևորության պայմանական նվազմամբ, որոնց փոխարեն առաջին պլան են մղվում այդ փաստերի մեկնաբանությունները և դրանց հետ կապված հույզերը։ Սա տասնապատիկ ավելացնում է հաղորդակցության և դրա ուղիների կառավարիչների դերը և պատասխանատվությունը։ Արդի իրականությունը վերահաստատում է մասնագիտական մոտեցումը, համաձայն որի՝ մեր աշխատանքը ոչ թե ծառայություն է, այլ առաքելություն է դարձել»,- ասաց Արա Սաղաթելյանը:
 
Դիմելով օտարերկրյա գործընկերներին և ներկայացնելով հայաստանյան իրականությանը՝ Ա. Սաղաթելյանն ընդգծեց. «Մեր երկրի տեղեկատվական միջավայրն ունի մի շարք առանձնահատկություններ: Մենք գտնվում ենք առնվազն Թուրքիայի և Ադրբեջանի բացասական քարոզչության, հակահայկական նախաձեռնությունների թիրախում: Միաժամանակ, Հայաստանում արվում է ամեն հնարավորը, որպեսզի նվազեցվի ագրեսիվ արտաքին տեղեկատվական հոսքերի բացասական ազդեցությունը հասարակության վրա: Բոլորիս համար խոսքի և մամուլի ազատությունը ու դրանց շարունակական զարգացումն այն արժեքներն են, որոնք առաջնային են ժողովրդավարական գործընթացների համատեքստում: Հաղորդակցության և մեդիա ոլորտի մասնագետները շարունակում են փնտրել այն ուղիները, որոնց շնորհիվ լիարժեք կապահովվի տեղեկատվության հասանելիությունը, խոսքի ազատության իրավունքի իրացումն ու, միաժամանակ, տեղեկատվության փոխանակման արդյունքում անվտանգության նոր սպառնալիքներ ի հայտ չեն գա։ Այս առումով հատկապես կարևորվում է իշխանության և հասարակության, քաղաքական գործընթացներին մասնակցող բոլոր ուժերի միջև շարունակական երկխոսությունը ավանդական ԶԼՄ-ների և նոր հարթակների միջոցով»։ 
Ողջույնի իր խոսքում Յանինա Դուբեյկովսկայան նշեց, որ Հաղորդակցության համաշխարհային ֆորումի նպատակն այնպիսի հարթակ դառնալն է, որտեղ հնարավոր կլինի աշխարհի տարբեր ծայրերից ժամանած փորձագետների հետ միասին մասնագիտական միջավայրում քննարկել հաղորդակցության զարգացման հնարավոր ուղիները:
«Այս տարի Դավոսի հաղորդակցության համաշխարհային ֆորումը տեղի ունեցավ Ժնևում՝ լինելով ավելի երկար և ինտենսիվ: Շատ ոգևորված ենք այն փաստով, որ հնարավորություն ունեցանք ֆորումի տարածաշրջանային նիստերից մեկը կազմակերպել նաև Երևանում: Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան մեր WCF ընտանիքի անդամ է արդեն 9 տարի, և շատ ուրախ ենք, որ APRA-ի հետ համագործակցությամբ կփորձենք ընդլայնել մեր ընտանիքի սահմանները՝ այնտեղ ներգրավելով Հայաստանում ոլորտի այլ առաջատար փորձագետների և կազմակերպությունների»,- նշեց Յանինա Դուբեյկովսկայան:
Տարածաշրջանում իր ձևաչափով առաջին անգամ անցկացվող ֆորումի շրջանակներում քննարկումներն անցկացվելու են հինգ հիմնական նիստերի ընթացքում, որտեղ ելույթ ունեցողները կանդրադառնան ճգնաժամային հաղորդակցության, սոցիալական մեդիաների, կորպորատիվ պատասխանատվության, ազգային բրենդինգի և համայնքային զարգացման խնդիրներին: Նիստերի աշխատանքներին մասնակցելու են ինչպես ոլորտային առաջատար մասնագետները Հայաստանից, այնպես էլ հյուրեր աշխարհի տարբեր երկրներից, ովքեր ժամանել են WCFDavos-ի հետ Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի համագործակցության շրջանակներում:  
Ֆորումն իր աշխատանքները կշարունակի մինչև մարտի 22-ը:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play