Հաց բերողն ինչի՞ց մահացավ, եւ ո՞վ է մեղավոր..


Հաց բերողն ինչի՞ց մահացավ, եւ ո՞վ է մեղավոր..

  • 21-03-2017 16:05:38   | Հայաստան  |  Իրավունք

«Հրապարակ». Հաց բերողի կյանքի ու մահվան երկու հիմնական հարց է այսօր հարթակում՝ ինչի՞ց մահացավ, եւ ո՞վ է մեղավոր։
 
Այս պահին թվում է, թե շեշտվում է առաջինը։ Կալանավայրից, որտեղ Արթուրը պահվում էր, ամիսներ շարունակ տագնապալի ազդակներ էին գալիս։ Նրա փաստաբաններն աղաղակում էին, որ Արթուր Սարգսյանի վիճակը ծանր է, հատորներով միջնորդություններ էին ուղարկում դատախազություն՝ պահանջելով ազատել կալանքից, բայց դատախազությունը համառում էր կամ տունտունիկ էր խաղում՝ «փակում-բացում» էր նրան, մինչեւ որ մարդը կոշտ ինքնավնասման անցավ՝ հացադուլի միջոցով։
 
Դեկտեմբերից բոլորը գիտեին, որ Արթուրը վատ է
 
Դեկտեմբերի 12-ին Արթուր Սարգսյանի փաստաբաններ Տիգրան Եգորյանն ու Դավիթ Գյուրջյանը հայտարարություն տարածեցին, որում մանրամասն ներկայացրին նրա առողջական վիճակը, հիվանդության, նրա տարած ողնաշարի վիրահատությունների պատմությունը, որ նա ունի օր օրի սաստկացող ցավեր, որովայնային մեծ ճողվածք, ֆիզիկական գործունեության սահմանափակումներ եւ հատուկ պայմանների կարիք, բայց «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պատշաճ բուժօգնություն չի ստանում, խուցը չի ջեռուցվում եւ այլն։
 
Հաց բերողի պաշտպանները բուժման եւ խնամքի պահանջով տասնյակ դիմումներ են ուղարկել արդարադատության նախարարություն, քրեակատարողական հիմնարկների վարչություն, «Նուբարաշեն» ՔԿՀ եւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։ Արթուրին ազատեցին մեկ ամսով, հետո նախաքննության մարմինը որոշեց, որ կալանքը համատեղելի է նրա առողջական վիճակի հետ, ու կրկին կալանավորեցին հիվանդին։ Պարզ է, որ Հաց բերողի լինել-չլինելը կապված էր մահաբեր պայմաններում նրա օրգանիզմի դիմադրողականության աստիճանից, եւ օրգանիզմն ի վերջո չդիմացավ։
 
Քննիչների գործողությունները չեն ուզում քննել
 
Մահվան օրը՝ մարտի 16-ին, իրավական գործընթացի վերաբերյալ նրա փաստաբանները հայտնեցին, որ գլխավոր դատախազից պահանջել են, որ Արթուրի գործով մասնակից բոլոր քննիչներին եւ քննչական խմբի ղեկավար Էդիկ Հակոբյանին մեկուսացնեն Արթուր Սարգսյանի գործով որեւէ գործողության կատարումից, խոշտանգում եւ անմարդկային վերաբերմունք դրսեւորելու հիմքով քրեական հետապնդում հարուցեն եւ պատասխանատվության ենթարկեն նրանց, Հաց բերողի կալանքը հաստատած դատավորների, ՔԿՀ-ում անհրաժեշտ խնամք չապահոված բոլոր անձանց նկատմամբ։ Փաստաբանները միջնորդել էին նաեւ ապահովել միջազգային անկախ դատաբժիշկների մասնակցությունը դիահերձմանը եւ ողջ պրոցեսի տեսանկարահանումը։ Բայց քննիչների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու մասին դատախազությունից ձայն-ծպուտ չի լսվում։ 
 
 Քննչական կոմիտեն հայտարարեց, որ քննություն է տարվում` բժշկական կենտրոնում Արթուր Սարգսյանի մահվան հանգամանքները պարզելու համար՝ նախընտրական այս շրջանում վտանգավոր կրքերը հանդարտեցնելու հույսով, նաեւ սլաքներ ուղղվեցին բժիշկների վրա․ «Նյութերում առկա են բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ենթադրյալ ոչ պատշաճ կատարելու հետեւանքով բուժվող հիվանդին անզգուշությամբ մահ պատճառելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ»։ ՔԿ-ն՝ այս հոդվածով գործ հարուցեց։ Բժիշկներից առանձին ժեստ պահանջվեց՝ հայտարարել, որ Արթուրի մահը նրա պահման պայմանների հետ կապ չուներ, եւ նրանք հայտարարեցին։
 
Ամեն ինչ արվում է, որ ապացույցները մնան իրենց ձեռքի տակ
 
Փաստաբանների դեմ նույնպես սլաքներ ուղղվեցին։ Նրանց միջնորդության շուրջ՝ միջազգային փորձագետներ ներգրավելու մասին, մի ահռելի խառնաշփոթ ստեղծվեց։ Փաստաբանները հայտարարեցին, որ միջնորդել են հետաձգել դիահերձումը՝ հնարավորություն տալով միջազգային փորձագետներ ներգրավել։ Քննչական կոմիտեից էլ նախ հայտնեցին, որ դիահերձումը հետաձգելու միջնորդություն չեն ստացել։ Գյուրջյանն ու Եգորյանն էլ պնդում էին, որ առձեռն եւ էլփոստով ուղարկել են միջնորդությունը քննիչին։ Քննչական կոմիտեից, հղում կատարելով ինչ-որ մասնագետների վրա, հայտնեցին, որ դիահերձումը պետք է կատարվի 12 ժամ հետո, բայց 48 ժամվա ընթացքում, «այլապես մասնավորապես բջջային կազմն է վերանում, ձեւաբանական փոփոխություններ են տեղի ունենում, ինչն աղավաղում է օբյեկտիվ պատկերը»:
 
Տարածվեց բժշկական փորձագետ Դավիթ Գոնգոլիայի խոսքը, ով Վրաստանից պետք է ժամաներ Հայաստան՝ հաց բերող Արթուր Սարգսյանի մահվան գործով դատաբժշկական փորձաքննությանը մասնակցելու, որն ասում էր, որ իրեն չեն զանգել ու չեն հայտնել դիահերձման օրն ու ժամը։ Ո՞վ պետք է հրավիրեր փորձագետներին՝ Դո՞ւք, թե՞ դատախազությունը։ Տիգրան Եգորյանը բացատրում է․ «Մենք միջնորդել էինք ներգրավել փորձագետների, մի քանի անուն էինք նշել, եւ մեր միջնորդությունը բավարարվել է։ Նշանակում է՝ իրենք պետք է ապահովեին փորձագետների ներկայությունը։ Վրացի փորձագետին զանգահարել են դիահերձումից մեկ ժամ առաջ, ընդ որում՝ չեն էլ հայտնել, թե քանիսին է այդ գործողությունը նախատեսվում, եւ նա մեզանից էր դա ճշտում»։
 
Փաստաբանը հիշեցրեց, որ փորձագետներին հրավիրելու միջնորդությունը բավարարվել է մարտի 17-ին, 17-ին եւ դիահերձման օրը՝ 18-ի առավոտյան մինչեւ 11-ը վարույթ իրականացնող մարմինը որեւէ գործողություն չի ձեռնարկել բավարարված միջնորդությունը կատարելու ուղղությամբ։ «Առավոտյան ժամը 11-12-ը նոր նրանք սկսել են հարեւան Վրաստանի փորձագետների ներգրավելու բանավոր հավաստիացումներ ստանալ, հավանաբար, մտածելով, որ վրացիներն ավելի արագ կհասնեին տեղ»։ Տիգրան Եգորյանը նաեւ վստահեցնում է, որ առնվազն երկու մասնագետի եզրակացություն ունի, առայժմ՝ բանավոր, ովքեր վկայում են, որ համապատասխան ջերմաստիճանը պահպանելու պայմաններում դիահերձումը հնարավոր է հետաձգել մինչեւ 1 շաբաթ։ «Ամեն ինչ արվում է, որ բոլոր ապացույցներն ու դրանց տնօրինման հնարավորությունները պատկանեն միայն վարույթն իրականացնող մարմնին»,- եզրակացնում է փաստաբանը։
 
Վահան Շիրխանյանը դեռ կենդանի է
 
Դիահերձողների վերջակետը հաճախ զուտ ընթացակարգային գործողություն է, անհրաժեշտ իրավական գործընթաց, որը Հաց բերողի դեպքում տիեզերական կարեւորություն ստացավ, որովհետեւ մարդիկ անընդհատ սպասում են լուրերի, ամեն մանրուք նոր մեղադրանքներ է ծնում։ Ցավոք, այս կրքերը շիկացան, երբ արդեն շատ ուշ էր, մարդուն արդեն կորցրել էինք։ Հիմա նույնը կարող է կատարվել ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի հետ։
 
Նրա շահերի պաշտպան Հայկ Ալումյանը գրեթե շաբաթը մեկ ահազանգում է իր պաշտպանյալի ծանր առողջական վիճակի մասին։ Վահան Շիրխանյանը չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, անգամ ոտքի վրա կանգնել, նա չի գնում իր գործով դատական նիստերին։ Նրա հետ տեսակցություններն արգելված են հարազատների համար, լրագրողներին նրա մոտ չեն թողնում։ ԱԱԾ մեկուսարանում՝ «Երեւան-կենտրոն» ՔԿՀ-ում, ամեն ինչ արել են նրան լիարժեք մեկուսացնելու համար, անգամ մի լուսանկար անել հնարավոր չէ՝ տեսնելու համար, թե ինչ վիճակում է նա, եւ կան նրան մահվան հասցնելու բոլոր պայմանները։ Քանի դեռ ուշ չէ, քանի դեռ մարդն ապրում է, պետք է ամեն ինչ անել նրան ազատելու համար։
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play