Հայաստանին առնչվող հերթական միջուկային սկանդալի ետևում (լուսանկարներ)


Հայաստանին առնչվող հերթական միջուկային սկանդալի ետևում (լուսանկարներ)

  • 21-03-2017 19:37:45   | Բելոռուս  |  Իրավունք

 
 
Բելառուսի պետական սահմանապահ կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Անտոն Բիչկովսկին օրերս, ինչպես արդեն հայտնի է, ТАСС-ին տեղեկացրել էր, որ մարտի 19-ին Բելառուսում, Գոմելի օդանավակայանում վայրէջք կատարած, Հայաստան-Բուլղարիա չվերթն իրականացնող ինքնաթիռում ռադիոակտիվ նյութեր են հայտնաբերվել:
Բելառուսական «Белта» գործակալությունը վկայակոչելով երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, նույնպես հայտարարել էր Հայաստանից Բելառուսի տարածքով դեպի Եվրոպա չվերթ իրականացնող ինքնաթիռում ռադիոակտիվ նյութերի հայտնաբերման մասին։
 
Ռադիոակտիվ նյութերի տեղափոխման մեջ որևէ արտառոց բան չկա, խնդիրը դրանց տեղափոխման օրինականությունն է
«Այդ փաստը գրանցվել է մարտի 19-ին Գոմելի օդանավակայանում, Հայաստանից Բուլղարիա ուղևորվող ինքնաթիռում»,- ТАСС-ին ասել էր սահմանապահ ծառայության ղեկավարը, ընդ որում, թերևս միտումնավոր, խորամանկորեն կամ հաշվենկատորեն չնշելով, թե ինչ ռադիոակտիվ նյութերի մասին է խոսքը` անօրինականորե՞ն, թե օրինականորեն տեղափոխվող:
Չէ՞ որ գլխավոր հարցը հենց դա է: Աշխարհի բազմաթիվ երկրներից բազմաթիվ երկրներ ռադիոակտիվ նյութեր են տեղափոխվում, ընդ որում, նաև` ինքնաթիռով, և դրանում որևէ արտառոց բան չկա, խնդիրն այն է, թե դրանց տեղափոխումն օրինակա՞ն է, թե ոչ:Այս հարցում Անտոն Բիչկովսկին պարզապես հետևել է իր երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի օրինակին, որն իրենից առաջ արդեն իսկ հայտարարել էր Հայաստանից տարանցմամբ եվրոպական երկրներից մեկն ուղևորվող ինքնաթիռում հայտնաբերված ռադիոակտիվ նյութերի մասին:
 
Բատկան կիսաճշմարտությո՞ւնն է ասել, Հայաստանի նկատմամբ դիմել խորամանկ ու նենգ հնարքի՞…
ТАСС-ը, վկայակոչելով Բելառուսի նախագահի մամուլի ծառայությանը, տեղեկացրել էր, որ այդ մասին Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է «Արևմուտք-2017» ռուս-բելառուսական զորավարժությունների կազմակերպման հարցերով խորհրդակցության ժամանակ:
«Մի միջադեպ էլ կապված է Հայաստանից եվրոպական երկրներից մեկն ուղևորվող ինքնաթիռում ռադիոակտիվ նյութերի հայտնաբերման հետ»,- ասել էր Լուկաշենկոն, դարձյալ չնշելով, թե այդ ռադիոակտիվ նյութերն անօրինականորե՞ն են տեղափոխվել, թե օրինականորեն:
Բելառուսի նախագահի միայն խոսքի համատեքստից կարելի է ենթադրել, որ նա նկատի ունի ռադիոակտիվ նյութերի անօրինական տեղափոխումը, քանի որ Լուկաշենկոն նաև նշել է երկրի սահմանով «զենք և այլ վտանգավոր իրեր ու նյութեր» անցկացնելու շարունակական փորձերի մասին, որոնք պարբերաբար կանխվում են երկրի սահմանապահների կողմից:
«Կխնդրեմ այսօր պետական սահմանին տեղի ունեցած բոլոր այդ միջադեպերի հետաքննության արդյունքներով ինձ զեկուցել»,- ասել է Բելառուսի նախագահը:
Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է նաև. «Այդ ամենը վկայում է այն մասին, որ մենք չպետք է կորցնենք զգոնությունը»:
Եթե Հայաստանից իսկապես ռադիոակտիվ նյութ կամ նյութեր են տեղափոխվել Երևան-Գոմել չվերթով և այդ տեղափոխումը եղել է օրինական, ապա Բելառուսի նախագահը արտաքուստ որևէ կեղծ տեղեկություն չի հայտնել, հաղորդել է տեղի ունեցածի մասին, սակայն կիսաճշմարտությունն է ասել, ընդ որում, տվյալ փաստի մասին հայտնել է իր խոսքի այնպիսի համատեքստում, որից դրա լսողները, կարդացողները տպավորություն են ստանում կամ եզրակացնում, թե Հայաստանից ռադիոակտիվ նյութերի տեղափոխումը եղել է անօրինական:
 
 Հայաստանի պետական մարմինների` նոր հարցեր ծնող պարզաբանումները
Tert.am-ի հարցմանն ի պատասխան, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրել են.
«Ինչպես բոլոր սահմանային անցումային կետերում, այնպես էլ օդանավակայանի մաքսային հսկողության տարածքում պատշաճ հսկողություն է իրականացվում ռադիոակտիվ նյութերի հայտնաբերման և կանխման ուղղությամբ: Ձեր նշած տեղեկատվության հետ կապված ևս հավաստիացնում ենք, որ օդանավակայանում ինչպես ուղեբեռները, այնպես էլ ուղևորները ենթարկվում են պատշաճ հսկողության, և որևէ խախտում չի հայտնաբերվել՝ մաքսային ծառայության լիազորությունների շրջանակում իրականացվող միջոցառումների արդյունքում: Հետևաբար` իրավախախտման դեպքը չնկատելու մասին խոսք լինել չի կարող»։
ՊԵԿ-ի պաշտոնյաները հավանաբար կարծել են, թե Լուկաշենկոյի ասածը վերաբերվում է մարդատար ինքնաթիռով ռադիոակտիվ նյութերի տեղափոխմանը, երևի չեն էլ փորձել պարզել, թե ինչ կարող էր նկատի ունենալ նա: Համենայն դեպս, այս պատասխանի հենց առաջին նախադասությունը կոպիտ բացթողում ունի և պարզապես անհեթեթ է, քանզի ՊԵԿ-ի համապատասխան ստորաբաժանումների, ծառայողների կողմից պատշաճ հսկողություն է իրականացվում ոչ թե ռադիոակտիվ նյութերի հայտնաբերման և կանխման, այլ անօրինականորեն տեղափոխվող ռադիոակտիվ նյութերի հայտնաբերման և կանխման ուղղությամբ:
Թե ինչ նկատի ունի Ալեքսանդր Լուկաշենկոն, գլխի են ընկել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում: Այստեղ հասկացել են, որ խոսքը ոչ թե մարդատար, այլ բեռնատար ինքնաթիռի մասին է: Կատարվածի կապակցությամբ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, նախարարության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնել են, որ դեռևս 2016թ. հոկտեմբերի 3-ին, «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման և հիմնական հանգույցների արդիականացման ծրագրի շրջանակներում աշխատանքների հիմնական պատվիրատու «Ռուսատոմսերվիս» ընկերության կողմից ընտրված կապալառու կազմակերպության` խորվաթական «ԽՐԻԴ» ընկերության կողմից, բելառուսական «JSC Aircompany Grodno» ավիաընկերության ինքնաթիռով Հայաստանի Հանրապետություն էին ներկրվել համապատասխան սարքավորումներ՝ ծրագրով նախատեսված շահագործման հսկողության աշխատանքների իրականացման նպատակով:
Աշխատանքների ավարտից հետո նշված սարքավորումները «ԽՐԻԴ» ընկերության կողմից նույն եղանակով տեղափոխել են Հայաստանի Հանրապետությունից: Բելառուսական «JSC Aircompani Grodna» ավիաընկերությունը 2017թ. մարտի 15-ին հայտ է ներկայացրել Երևան-Գոմել երթուղով թռիչք իրականացնելու համար: Բեռի բնույթի վերաբերյալ ուղեկցող փաստաթղթում տրվել է համապատասխան տեղեկատվություն Բելառուսի ավիացիոն իշխանություններին և ստացվել է թռիչքի թույլտվություն: Սարքավորումների տեղափոխման գործընթացը իրականացվել է համապատասխան տրանսպորտային ընկերության հետ կնքված պայմանագրերի և փաստաթղթերի հիման վրա միջազգային բոլոր կարգավորող փաստաթղթերով սահմանված կարգով:
Անհասկանալի է, թե խորվաթական «ԽՐԻԴ» ընկերության կողմից այդ համապատասխան սարքավորումները Խորվաթիա տեղափոխվելու փոխարեն, ինչո՞ւ պետք է Բուլղարիա տեղափոխվեին, սակայն այս հարցը դեռ մի կողմ թողնենք, դա կարող է իր բացատրությունն ունենալ, բացի այդ, անհամեմատ ավելի կարևոր հարցեր կան…
 
Լուկաշենկոյի հայտարարության պատճառի հնարավոր տարբերակները
Առաջին հնարավոր տարբերակն այն է, որ «ԽՐԻԴ» ընկերության կողմից ՀՀ ներկրված այդ համապատասխան կամ հսկողական սարքավորումները «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի երկրորդ էներգաբլոկում օգտագործվելու ժամանակ ճառագայթման ազդեցության են ենթարկվել (հայտնի է, որ բոլոր կամ գրեթե բոլոր մետաղները ռադիոակտիվ ճառագայթման ենթարկվելու դեպքում ռադիոակտիվ հատկություն են ձեռք բերում), իրենք մասամբ դարձել են ռադիոակտիվ, և Գոմելի օդանավակայանում դրանց ճառագայթաարձակման փաստը հայտնաբերելով և այդ փաստից օգտվելով, Բելառուսի իշխանությունները հայտարարել են ռադիոակտիվ նյութերի հայտնաբերման մասին:
Հնարավոր է նաև, որ այդ սարքավորումները կամ դրանցից մեկը պարունակում է իր աշխատանքի համար անհրաժեշտ ռադիոակտիվ ինչ-որ բաղադրիչ` նյութ, նյութեր կամ ինչ-որ դետալ, որի ճառագայթմամբ այն հայտնաբերելով, Լուկաշենկոն նման հայտարարություններ է արել: Այսինքն` անտեսելով այդ սարքավորումների կամ սարքավորման օրինականորեն տեղափոխված լինելու հանգամանքը, սոսկ կիսաճշմարտությունն ասելով, որն, ի դեպ, կեղծիքի ամենավտանգավոր, նենգ տեսակն է, փորձել է միջազգային հանրության առջև վարկաբեկել մեր երկիրը: Եթե դա իրոք այդպես է, ապա Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին արդեն նոր հիմքով ավելի վստահորեն պետք է բնութագրել որպես Հայաստանին բարեկամ երկրի մեզ թշնամի ղեկավար, իսկ նրա հիշյալ հայտարարությունը` Հայաստանի նկատմամբ հերթական թշնամական քայլ:
Ինչպես հայտնի է, 2016 թ. դեկտեմբերի 15-ին Մինսկում Ադրբեջանի պահանջով ձերբակալված Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու Բելառուսի որոշումից հետո Հայաստանում այդ երկրի նախագահը և իշխանություններն արդարացիորեն դարձան խիստ քննադատության թիրախ: Կարելի է ենթադրել, որ ՀՀ իշխանությունները, չհրապարակայնացվող հեռախոսազանգերով կամ, այսպես ասած, դիվանագիտական խողովակներով, նույնպես իրենց վրդովմունքն ու բողոքն են արտահայտել Բելառուսի իշխանություններին: Միանգամայն սպասելի է նաև, որ Ադրբեջանի շահերի ջերմ պաշտպանը դարձած Բատկայի դուրը չեն եկել Հայաստանից հնչող քննադատություններն ու փոխանցվող բողոքները:
Ցավոք, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության մամուլի քարտուղարից, ինչպես նաև «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ից մեզ չհաջողվեց պարզել, թե խոսքը «ԽՐԻԴ» ընկերության կողմից ՀՀ ներկրված և արտահանված մասնավորապես ի՞նչ սարքավորումների մասին է, դրանք պարունակո՞ւմ են ռադիոակտիվ նյութ կամ ունե՞ն ռադիոակտիվ ինչ-որ դետալ: Մամուլի քարտուղարը չգիտեր այս հարցերի պատասխանը, իսկ ՀԱԷԿ-ից պատճառաբանեցին, որ տեղում չեն ոչ գլխավոր տնօրենը, ոչ նրա տեղակալները, ոչ էլ գլխավոր ճարտարագետը կամ տվյալ հարցերին պատասխանելու իրավասու որևէ այլ պաշտոնյա:
Կատարվածի երրորդ հնարավոր բացատրությունը կարող է լինել ռադիոակտիվ նյութերի կամ նյութի հենց անօրինական տեղափոխումը: Քիչ հավանական է, բայց բացառված չէ, որ ՀԱԷԿ-ում ինչ-որ մեկը կամ ոմանք, խորվաթական հիշյալ ընկերության ինչ-որ աշխատակցի կամ աշխատակիցների հետ համագործակցելով, իրենց կամ նրանց նախաձեռնությամբ, փորձել են օգտվել առիթից:
Այսինքն` մտածել են, թե այդ սարքավորումները կամ սարքավորումը վերը նշված պատճառներից մեկնումեկի հետևանքով, միևնույն է, ճառագայթում է, բեռի բնույթի վերաբերյալ ուղեկցող փաստաթղթում տրված համապատասխան տեղեկատվությունից Բելառուսի ավիացիոն իշխանություններն էլ արդեն նախապես գիտեն այդ մասին, հետևաբար ռադիոակտիվ ճառագայթում հայտնաբերող իրենց սարքերով ճառագայթումը հայտնաբերելով, չեն զարմանա, դա կհամարեն բնական ու կթույլատրեն ինքնաթիռի չվերթի շարունակումը դեպի Բուլղարիա: Եվ այդպես մտածելով էլ այդ սարքավորումների կամ սարքավորման մեջ դրել, թաքցրել են ինչ-որ ռադիոակտիվ և թանկարժեք նյութ կամ նյութեր, փորձել են այդ կերպ անցկացնել Բուլղարիա, միգուցե հետո էլ Բուլղարիայի միջոցով եվրոպական կամ որևէ այլ երկիր: Սակայն, Բելառուսի պետական սահմանապահ ծառայության կողմից օգտագործված սարքն այնքան զգայուն է եղել, որ տարբերել է ՀՀ-ից բերված հիշյալ սարքավորման մեջ թաքցված ռադիոակտիվ նյութի (նյութերի) ճառագայթումն այդ սարքավորման թույլատրելի, հաշվարկման ենթակա ճառագայթումից:
 
Հայաստանի միջազգային հեղինակությանը վնաս է պատճառված, և կատարվածը լռության մատնելով անցնել, չի կարելի
Ընդգծենք, որ վերը նշվածն ընդամենը վարկած է, որի հերքումն ակնկալում ենք «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ից, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունից, ՊԵԿ-ից, Բելառուսի իրենց գործընկերների հետ համագործակցող կամ այդ համագործակցության հնարավորությունն ունեցող ՀՀ համապատասխան իրավապահ մարմիններից: Մի բան միանշանակ է` Հայաստանի միջազգային հեղինակությանը վնաս է պատճառված, և կատարվածը լռության մատնելով անցնել կամ բավարարվել առկա հարցերին պատասխանելու փոխարեն, ավելի շատ հարցեր առաջացնող պարզաբանումներով, պարզապես չի կարելի:
Ի դեպ, կա նաև կատարվածի չորրորդ հնարավոր բացատրությունը, սակայն այդ մասին` վերոնշյալ տարբերակների, հարցերի մասին պատասխանները ստանալուց հետո:
 
 
Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան  -   Իրավունք