Մարտի 17-ին Ախթալայի քաղաքապետ Հայկ Խաչիկյանի և «Կայուն էներգիայի զարգացման հիմնադրամի» գործադիր տնօրեն Հասմիկ Բարսեղյանի կողմից ստորագրվեց հուշագիր՝ համատեղել ջանքերը «Ախթալա քաղաքի` արևային էներգիայով զարգացման ծրագրի» իրականացման վերաբերյալ:
Ծրագրի նպատակն է Ախթալա քաղաքում նվազեցնել էներգետիկ ծախսերը՝ արևային էներգիան հասանելի դարձնելով համայնքում հանրային սոցիալական, կրթական և մշակութային հաստատությունների, ցածր եկամուտ ունեցող տնային տնտեսությունների համար, բարձրացնել վերականգնվող էներգետիկ ռեսուրսների մասին իրազեկվածության մակարդակը: ImYerevan նախաձեռնության հետ համագործակցության արդյունքում նախագծի շրջանակներում նաև նախատեսվում է Ախթալայի կենտրոնական այգում կառուցել արևային տաղավար` օրական 70-80 սարքերի լիցքավորման հնարավորությամբ և անվճար wi-fi ինտերնետի առկայությամբ: Իրականացվող միջոցառումների շնորհիվ արված խնայողությունները համայնքին թույլ կտան ֆինանսավորել երկարաժամկետ բնապահպանական, սոցիալական և տնտեսական զարգացման ծրագրեր:
Մարտի 19-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի Ախթալա կատարած այցի ժամանակ ներկայացվեց ծրագրի նախնական տարբերակը: Վարչապետը նշեց, որ կառավարությունն ամեն ինչով կաջակցի ծրագրի իրականացմանը:
Արևային էներգիայով զարգացման այս ծրագիրը պիլոտային է Լոռու մարզում և օրինակ կդառնա՝ մյուս համայնքների կայուն զարգացման համար: