Սևանա լճի ամբողջ տարածքը գույքագրվելու է, իսկ վարձակալությամբ տրված տարածքների ցանկապատումը՝ խստագույնս վերահսկվելու


Սևանա լճի ամբողջ տարածքը գույքագրվելու է, իսկ վարձակալությամբ տրված տարածքների ցանկապատումը՝ խստագույնս վերահսկվելու

  • 23-03-2017 12:11:27   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ կառավարության մարտի 23-ին կայացած նիստից առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդես եկավ մի շարք հանձնարարականներով, որոնց թիվն էականորեն ավելացել է` պայմանավորված մարզային այցելությունների արդյունքում ի հայտ եկած նոր խնդիրներով: 
 
Գործադիրի ղեկավարի առաջին հանձնարարականը վերաբերում էր Սևանա լճի և հարակից տարածքների սոցիալ տնտեսական զարգացմանը: 
«Սևանա լճի և հարակից տարածքներն ունեն ոչ միայն բնապահպանական և սոցիալական առանցքային նշանակություն, այլև լուրջ տնտեսական ներուժ, հատկապես զբոսաշրջության զարգացման տեսանկյունից. Այսօր այդ տարածքները ոչ միշտ են արդյունավետ օգտագործվում»,- նշեց Կ. Կարապետյանը: 
Վերջինս, հաշվի առնելով գործող օրենսդրությամբ Սևանա լճի և հարակից տարածքներից տրված հատուկ կարգավիճակը և կայուն զարգացման անհրաժեշտությունը, հանձնարարեց  ՀՀ տարածքային զարգացման և ներդրումների նախարարին  ու գործադիր բոլոր շահագրգիռ մարմիներին ղեկավարներին 2 ամսյա ժամկետում քննարկել և կառավարության աշխատակազմ ներկայացնել ՀՀ Գեղարքունիքի մարզի 2017-20 թվակնների զարգացման ռազմավարության նախագիծը՝ շեշտադրելով տնտեսական  բաղադրիչը և Սևանա լճի բնապահպանական բացառիկ դերն ու նշանակությունը: 
Երկրորդը՝ ՀՀ ֆինանսների, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներին մեկ ամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել Սևան ազգային պարկի տարածքում տնտեսական գործունեության իրականացման հատուկ կարգավիճակի վերաբերյալ առաջարկություններ, այդ թվում նախատեսելով գույքահարկով հարկման մեխանիզմների և հարկային քաղաքականության վերաբերյալ ճկուն մոտեցում: 
Երրորդ՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին մեկ ամսյա ժամկետում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն ներկայացնել առաջարկություններ Սևան ազգային պարկի տարածքում զբոսաշրջության զարգացմանն ուղղված հատուկ ծրագիր և գործողությունների պլան: 
Չորրորդ՝ ՀՀ բնապահպանության նախարարին երկամսյա ժամկետում մշակել և ներկայացնել Սևանա լճում ձկնային ռեսուրսների վերականգնման և կայուն օգտագործման գծով գործողությունների պլան՝ հստակ ժամանակացույցով և չափելի ցուցանիշներով: Ոսումնասիրել և ներկայացնել առաջարկություններ Սևան ազգային պարկի հիման վրա կենսոլորտային արգելոցի ստեղծման հիմքերի վերաբերյալ: 
Հինգերորդ՝ Գեղարքունիքի մարզպետին մեկամսյա ժամկետում քաղաքաշինության պետական կոմիտեին տրամադրել ներդրումային ծրագրերի իրականացման համար նպատակահարմար գոտիներում փաստացի իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն: 
Վեցերորդ՝ Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին երկամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ Սևան ազգային պարկի կենտրոնական գոտում ներդրումային ծրագրերի իրականացման համար նպատակահարմար գոտիների առանձնացման վերաբերյալ՝ հիմք ընդունելով Սևանա լճի կենտրոնական գոտում կառուցապատման համար նախատեսված տարածքների գոտևորման նախագիծը: 
«Ես ուզում եմ այս հանձնարականը մեկնաբանել, ինչ ենք անելու. Սևանա լճի ամբողջ տարածքը գույագրում ենք, բազմաթիվ ակտիվներ կան, որոնք չեն աշխատում և հատուկ հարկային զոնա ենք ստեղծելու և ներդրման պրոգրեսիվ հարկերով դրդելու ենք ակտիվ մարդկանց գործ անել»,- նշեց վարչապետը՝  ընդգծելով, որ խստագույնս պետք է կարգավորել Սևանա լճի վարձակալությամբ տրված տարածքների ցանկապատման գործընթացը: 
Կ. Կարապետյանը հատուկ հանձնարարական տվեց Բնապահապանության նախարարին հետևելու Սևան ազգային պարկի ղեկավարի գործունեությանը և համապատասխան պահանջները չբավարարելու դեպքում նոր տնօրեն նշանակել:  
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play