Մարզային այցերի ընթացքում բազմաբնակարան շենքերի վերաբերյալ քաղաքացիների դժգոհությունները վարչապետը բարձրաձայնեց կառավարությունում


Մարզային այցերի ընթացքում բազմաբնակարան շենքերի վերաբերյալ քաղաքացիների դժգոհությունները վարչապետը բարձրաձայնեց կառավարությունում

  • 23-03-2017 12:58:17   | Հայաստան  |  Հասարակություն

 
ՀՀ կառավարության այսօր կայացած նիստի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանն ի թիվս այլ հանձնարարությունների՝ անդրադարձավ նաև բազմաբնակարան շենքերի կառավարման արդյունավետության բարձրացմանը: 
Ըստ նրա՝ բոլոր մարզային այցերի ընթացքում վերոնշյալ հարցն հնչել է: 
«Ներկայումս հանրապետության շենքերի սեփականություն հանդիսացող գույքի շուրջ 67 տոկոսը կառավարվում է համապատասխան համատիրույթյունների կողմից, իսկ 33 տոկոսի մասով դրանք վերապահված են համայնքի ղեկավարներին. Մեր կողմից իրականացված ուսումնասիրությունների և համայնքերի հնգամյա զարգացման ծրագրերի հետազոտությունների արդյունքում վերհանվել են մի շարք խնդիրներ բազմաբնակարան շենքերի բնակարանների ֆոնդի վերաբերյալ»,- ասաց նա՝ հավելելով, որ հիմնական խնդիրը կայանում է համապատասխան շենքերի համատիրությունների կողմից ոչ արդյունավետ կառավարման կամ դրա բացակայության մեջ, ինչը հանգեցնում է շենքային պայմանների, մասնավորապես, շենքերի տանիքների ոչ բարվոք վիճակի վերաբերյալ համաքաղաքացիների բազմաթիվ հիմնավոր բողոքներին:
Գործադիրի ղեկավարի կարծիքով՝ ստեղծված իրավիճակը պայմանավորված է գործնականում առկա ոչ արդյունավետ կառավարմամբ, նաև օրենսդրական թերի կարգավորումներով:  
Ոլորտում առկա խնդիրները լուծելու նպատակով Կ. Կարապետյանը ՀՀ մարզպետներին հանձնարարեց համայնքների ղեկավարների հետ միասին երկամսյա ժամկետում ուսումնասիրել և կառավարության աշխատակազմ ներկայացնել տեղեկատվություն բազմաբնակարան շենքերի թվի, դրանց կառավարման ձևի և փաստացի վիճակի վերաբերյալ: Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին հանձնարարվեց մեկամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել բազմաբնակարան շենքերի կառավարման արդյունավետության բարձրացման, գույքի վերանորոգման, առկա խնդիրների լուծման վերաբերյալ առաջարկություններ:
Այս հանձնարարականը ևս մեկնաբանվեց վարաչապետի կողմից. Նա, մասնավորապես, նշեց. «Մենք կայացած համատիրություններ չունենք, լայնամասշտաբ  ծրագիր պետք է իրականացնենք: Շենքերի հետ կապված բոլոր խնդիրները պետք է լուծենք`  հայտարարելով, որ վերջին անգամ ենք լուծում, որից հետո համատիրությունը պետք է սկսի աշխատել: Այս ոլորտում պետք է շատ համարձակ բարեփոխումներ իրականացնել»: 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն