Տեր-Պետրոսյանը ստեղծում է քննարկում, որը իշխանությունը չի կարող սկսել


Տեր-Պետրոսյանը ստեղծում է քննարկում, որը իշխանությունը չի կարող սկսել

  • 23-03-2017 16:05:47   | Հայաստան  |  Հարցազրույցներ


Լրագրի  զրուցակիցն է քաղաքական մեկնաբան Լևոն Մարգարյանը

 

-Լևոն, Հանրայինի եթերում Տեր-Պետրոսյանի հարցազրույցը բավական քննարկման թեմա է դարձել: Ինչպե՞ս եք այն գնահատում, ըստ էության նա նույն շրջանակում է դիտում թե Ռոբերտ Քոչարյանի, թե Սերժ Սարգսյանի մոտեցումները:
 
-Կարծում եմ՝ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, ինչպես նաև այլ գործիչների անունները մատնանշելն ուներ մեկ նպատակ՝ ցույց տալ, որ հայաստանյան քաղաքական էլիտայի տարբեր ներկայացուցիչներ տարբեր տարիների ներգրավված են եղել ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման շուրջ ընթացող բանակցություններին ու այս կամ այն կերպ ընդունել են փոխզիջումային տարբերակը: Հատկապես հիմա, երբ ուժերից շատերը կոնֆլիկտի հետ կապված հանդես են գալիս առավել «անզիջում» դիրքորոշմամբ: Այստեղ կա նաև մեկ այլ մեսիջ՝ ըստ էության անկախ նրանից, թե ով է իշխանությունը, ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման պարագայում այն չի կարող հաշվի չնստել միջազգային խաղի կանոնների հետ, չի կարող խզել բանակցային ֆորմատը: Հենց այս մեսիջից էլ երևում է, որ իրականում քաղաքական ուժերից շատերը, ովքեր հավակնում են իշխանութուն դառնալ, բայց հասկանում են, որ չեն հաղթելու ընտրությունները, փորձում են ավելորդ պատասխանատվություն չվերցնել իրենց վրա և խոսում են ժողովրդի սրտից: Ըստ էության՝Anchor նաև նրանք, ովքեր բանակցությունների էությանը քաջածանոթ են:
 

-Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ հակամարտության կարգավորման պլանը Մինսկի խումբն է առաջարկում, Հայաստանըչի կարող այդ հարցում ոչինչ որոշել, մեզ մնում է միայն համաձայնել կամ չհամաձայնել այդ պլանին: Իսկապե՞ս Հայաստանը նման երկընտրանքի առջև է, թե կարող է ազդել բանակցային սեղանին դրված առաջարկների վրա:

 

Տեսականորեն, իհարկե, Հայաստանը կարող է ազդել, այլ լծակներով՝ օրինակ տնտեսական կապերով, սփյուռքով, բանակով և այլն: Բայց ազդել այնպես, որ լուծումն ամբողջովին լինի մեր օգտին, չի կարող: Նույնիսկ Ադրբեջանը, որ նավթային հարուստ ռեսուրսների շնորհիվ ավելի լայն գործիքակազմ ունի միջազգային դիվանագիտության մեջ սեփական կարծիքը առաջ տանելու համար, չի կարող կոնֆլիկտի լուծումն ամբողջովին հարմարեցնել իրեն: Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը բավական ակտիվ, կոռուպցիոն եղանակներով աշխատում է եվրոպական կառույցների տարբեր ներկայացուցիչների հետ: Բայց անկախ դրանից, կոնֆլիկտի կարգավորման տարբերակը նրանց երազանքներին չի մոտենում: Երբ Տեր-Պետրոսյանը խոսում է Մինսկի խմբի դերակատարության գերակայության մասին, նկատի ունի նաև սա: Կա փաստաթուղթ, փաստաթղթի բովանդակությունից դուրս կողմերը ոչինչ չեն քննարկում, և կան համանախագահող երկրներ: Ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը Ռուսաստանը չեն, որ կարճ ժամանակում որոշեն վերցնել Ղրիմը, ու Արևմուտքը չկարողանա ոչինչ անել: Նույնիսկ այդ դեպքում մենք տեսանք, թե պատժամիջոցների ինչ ծանր ալիքի տակ ընկավ ռուսական կողմը:

Այնպես որ, կարծում եմ, Հայաստանի ու Ադրբեջանի ազդեցության գործիքները երկուսն են՝ կամ ցանկություն՝ լուծելու կոնֆլիկտը, կամ այդ ցանկության բացակայությունը: Մնացածը՝ ֆորմատը, փաստաթուղթը գտնվում են միջազգային հարաբերությունների ոլորտում: Ապրիլյան դեպքերի ժամանակ էլ, երբ կնքվեց հրադադար, դա կնքվեց Մոսկվայի միջնորդությամբ: Անկախ նրանից, թե որ կողմն էր խնդրել հրադադարը, այն կնքվեց մի գերտերության միջնորդությամբ: Ադրբեջանն ու հայկական կողմը ինքնուրույն չեն կնքել այն, նրանք չունեն դրա միջազգային կշիռը: Սա իհարկե այն դեպքում, եթե ելնում ենք կոնֆլիկտի կարգավորման հարցում երկու կողմերի մոտ առկա ցանկությունից: Եթե այդ ցանկությունը չկա, ապա ոչ ոք չի կարողանալու կարգավորում ստիպել, ու անորոշ դիմանիկայով փոփոխվող ստատուս քվոն կշարունակի մնալ:

 

-Ի՞նչ եք կարծում, հանրությունը պատրա՞ստ է թեմայի շուրջ բանավեճի:

 

-Ոչ: Եվ առաջին նախագահի հարցազրույցի արձագանքները դա են վկայում, որ պատրաստ չի: Նույնիսկ Տեր-Պետրոսյանի մատնանշած ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանը, որ «այդ գծի մեջ» են, չեն պատրաստում հասարակությանը: ՀՀԿ-ն, իշխանություն լինելով, մասնակցում է բանակցություններին ու պահում խաղի կանոնները, չի խուսափում փոխզիջումային տարբերակից: Բայց օրինակ նախընտրական քարոզարշավը կառուցում է այլ տեքստով ու այլ մարդու վրա, ով բանակցությունների հետ կապ չունի: Իշխանությունը շատ լավ գիտի, որ մեծապես նաև իր իսկ կողմից կրթական ու քարոզչական խողովակներով հանրության շրջանում պաթոսի ու ռազմահայրենասիրության չափաբաժնի չարաշահումը բերել է մի իրավիճակի, երբ կոնֆլիկտի կարգավորման շուրջ ռացիոնալ պարզաբանումները հանրության մոտ ծնելու են հակակրանք: Մանավանդ որ կան քաղաքական ուժեր, ովքեր ակտիվորեն գեներացնում են այդ հակակրանքը, սրում են հանրության մոտ իրավիճակի իռացիոնալ ընկալումները: ՀԱԿ-ի ու Տեր-Պետրոսյանի կեցվածքը հենց այս դիսկուրսը ստեղծելու, հանրություն-իշխանություն անջրպետում հնարավոր ռիսկերի առաջացումը կանխելու միտում ունի: Մի բան է, երբ փոխզիջումներից խոսում է անվստահության հանրային մեծ պաշար ունեցող իշխանությունը, որի ցանկացած, ամենառացիոնալ գործողության տակ էլ որևէ դավադրություն է փնտրվում: Մեկ այլ բան, երբ այդ ամենի մասին խոսում է ընդդիմադիր ուժը, որը տարիներով եղել է ռադիկալ ընդդիմության առաջամարտիկը, ամենամեծ հարվածներն է ստացել իշխանությունից ու հիմա էլ, ըստ էության, չունի իշխանություն դառնալու ռեսուրս: Բացի այդ, Տեր-Պետրոսյանը ունի մի մեծ հմտություն՝ ձևավորել օրակարգ, ստեղծել քննարկում: Այս դեպքում՝ քննարկում, որը իշխանությունը չի կարող սկսել: Արդեն նշեցի, թե ինչու: Թե ինչն է դրդում այս երկու կողմերին երկխոսության գնալ ղարաբաղյան հարցով, ես չեմ կարող ասել: Բայց, փաստացի, հանրային ու քաղաքական դաշտերում միայն այս քննարկումն ունենք:

 

 

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play