Կբարելավվի ներդրումային միջավայրը


Կբարելավվի ներդրումային միջավայրը

  • 23-03-2017 17:56:03   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Կառավարության հավանությանն է արժանացել «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Հարկերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին»  ՀՀ օրենքների նախագծերը:
 
Նախագծով առաջարկվում է՝ 2017թ. հուլիսի 1-ից սկսած ԱԱՀ-ի գումարները վերադարձնել ոչ միայն արտահանողներին, այլև հանրապետության ներքին տարածքում գործարքներ իրականացնող հարկ վճարողներին: Ինչպես նշել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների  կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը, այս փոփոխությունը շատ կարևոր  քայլ է ներդրումային միջավայրի բարելավման գործում: Այսպիսով, նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է տնտեսվարող սուբյեկտներին հնարավորություն ընձեռել հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների՝ հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարների գերազանցող մասն օգտագործել ավելի կարճ ժամկետներում՝ դրանով իսկ բարձրացնելով տնտեսվարող սուբյեկտների շրջանառու ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետությունը: Միաժամանակ ակնկալվում է, որ այն  դրական ազդեցություն կունենա նաև գործարար միջավայրի բարելավման աստիճանը գնահատող վարկանիշային ցուցակներում ՀՀ դիրքի վրա: Կարեն Կարապետյանը ևս մեկ անգամ կարևորել է ոլորտում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ հանրության իրազեկումը, այդ թվում՝ ԱԱՀ-ի վերադարձի հետ կապված:  
Գործադիրը հավանություն է տվել «Քաղաքական ապաստանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին»  ՀՀ օրենքի  նախագծին: Փոփոխությունների արդյունքում օրենքը կհամապատասխանեցվի 2015թ. դեկտեմբերի 6-ին ընդունված ՀՀ սահմանադրական փոփոխություններին: Նախագծով առաջարկվում է նաև վերանայել ՀՀ-ում քաղաքական ապաստան հայցողի դիմումի քննարկման ժամկետները: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն