Երևանում նախատեսվում է կառուցել 250 մեգավատ հզորությամբ համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայան


Երևանում նախատեսվում է կառուցել 250 մեգավատ հզորությամբ համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայան

  • 23-03-2017 17:57:10   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Գործադիրը հավանություն է տվել  ՀՀ կառավարության, «Արմփաուեր» ՓԲԸ-ի և «ՌԵՆԿՈ» Ս.պ.Ա-ի միջև կնքվող` «Հայաստանի Հանրապետությունում՝ Երևան քաղաքի տարածքում 250 ՄՎ գազային վառելիքով կոմբինացված ցիկլով էլեկտրակայան նախագծելու, զարգացնելու, ֆինանսավորելու, կառուցելու, սեփականության իրավունքով տիրապետելու, գործարկելու և պահպանելու վերաբերյալ շրջանակային համաձայնագրին»: Ինչպես նշել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը, կառավարության թիվ մեկ գերակայությունն է դառնում սեփական էներգետիկ ռեսուրսներով այլընտրանքային էներգետիկայի զարգացումը:
 
«Վերջին մեկ տասնամյակում միայն փոքր ՀԷԿ-երի բուռն զարգացումը բերեց նրան, որ այսօր նրանց կողմից արտադրվող էներգետիկ հզորությունները ՀՀ-ում կազմում են 330 մեգավատտ: Խոսվել է նաև առաջիկա տարիներին մինչև 150 մեգավատտ հողմային և մինչև 100 մեգավատ արևային կայաններ կառուցելու անհրաժեշտության մասին: Այլընտրանքային էներգետիկայի զարգացումն ակնհայտորեն կբերի ռեակտիվ էներգիայի պակասուրդի, ինչն այսօր գործող ավանդական կայանները՝ Ատոմակայանը և մյուս ջերմային կայանները, չեն կարող ծածկել: Այս նպատակով բացառիկ կարևորություն է ստանում այս նախագիծը, որովհետև շոգեգազային ցիկլով Երևանի ՋԷԿ-ի երկրորդ էներգաբլոկն ուղղված է հենց այս պակասուրդի ծածկմանը»,-նշել է նախարարը: Ըստ նրա՝ նոր կայանը կլուծի մեկ ալ կարևոր խնդիր: «Գիտեք, որ 2019թ.-ին կավարտենք Հայաստան-Իրան երրորդ բարձրավոլտ գծի կառուցումը և գրեթե նույն ժամանակահատվածում պլանավորում ենք Հայաստան-Վրաստան բարձրավոլտ գծի կառուցումը, ինչը կբերի Հայաստանից էլեկտրաէներգիայի արտահանման հզորությունների բազմապատկմանը, և մեր արտահանման հնարավորությունը կհասնի 1550 մեգավատտի: Գործող արտադրական հզորությունները բավարար չեն արտահանումն այս ծավալներով բավարարելու համար: Պետք է ասել նաև, որ այլընտրանքային էներգետիկ աղբյուրները, հատկապես ձմռանը, ի զորու չեն լինի ապահովել նման ծավալներ: Սա երկրորդ կարևորագույն պատճառն է, որով մենք այս նախագիծը կարևորում ենք», -ընդգծել է Աշոտ Մանուկյանը: Նշվել է նաև, որ նախագծով նախատեսվում է կատարել 250 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, շինարարությունը կտևի 26 ամիս, կստեծվի 900 աշխատատեղ, իսկ շահագործման ամբողջ ընթացքում ևս 200 աշխատատեղ՝ բարձր աշխատավարձով:    
Վարչապետը հանձնարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին՝ ուսումնասիրել Շիրակի մարզի մի քանի համայնքներում բարձրացված գազիֆիկացման խնդիրները և տալ մասնագիտական խորհրդատվություն:  
Կարեն Կարապետյանը ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանին հանձնարելել է ուսումնասիրել մարզերում ոռոգման ջրի վճարումների և ջրի կորուստների հետ կապված հարցերը:  
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play