Ռուսաստանում կասեցվել է «Եհովայի վկաներ»-ի գլխամասային կազմակերպության գործունեությունը


Ռուսաստանում կասեցվել է «Եհովայի վկաներ»-ի գլխամասային կազմակերպության գործունեությունը

  • 23-03-2017 21:59:06   | Ռուսաստան  |  Իրավունք

 
 
«Ռուսաստանում Եհովայի վկաների կառավարչական կենտրոն» կրոնական կազմակերպությունն այսուհետ նշված է այն հասարակական և կրոնական միավորումների ցանկում, որոնց գործունեությունը կասեցված է` կապված ծայրահեղականության հետ:
Ինչպես հաղորդել է Ռուսաստանի արդարադատության նախարարությունը, Ռուսաստանում «Եհովայի վկաների» գլխամասային կազմակերպության գործունեությունը կասեցված է ծայրահեղական գործունեության համար: Գերատեսչության փաստաթղթում նշված է, որ Ռուսաստանում կազմակերպության գործունեությունն արգելող վերջնական որոշումը Գերագույն դատարանը կքննի ապրիլի 5-ին:
Ինքը` կազմակերպությունը, հայտարարել է, որ նախարարությունից հաստատող փաստաթուղթն իրենք դեռ չեն ստացել, սակայն արդեն հայտարարել է` եթե պահանջը բավարարվի, դա «կհանգեցնի Ռուսաստանում կրոնի ազատության համար աղետալի հետևանքների»:
«Ռուսաստանում Եհովայի վկաների կառավարչական կենտրոնը» ՌԴ-ում «Եհովայի վկաներ»-ի կառավարչական մասնաճյուղի գլխամասային կազմակերպությունն է: Այդ կրոնական կազմակերպությունը պարբերաբար խնդիրներ է ունենում ՌԴ-ի օրենսդրության հետ` սկսած գործունեության արգելքից և բաժանմունքների վերացումից, մինչև ծայրահեղական նյութերի պահպանման համար տուգանքների մասին դատական վճիռներ:
Հիշեցնենք,  որ փետրվարին անցկացվել է «Եհովայի վկաներ» կազմակերպության գլխամասային գրասենյակի արտապլանային ստուգում: Պարզվել է, որ կրոնական կազմակերպությունը խախտում է իր կանոնադրությունը և ռուսաստանյան օրենքները, այդ թվում նաև` «Ծայրահեղական գործունեության հակազդեցության մասին» օրենքը: ՌԴ արդարադատության նախարարությունը հայցով դիմել է Գերագույն դատարան, որպեսզի արգելեն «Եհովայի վկաներ» կազմակերպությունը:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք