Տաղանդավոր գիտնականներ ունենք, բայց գիտության ոլորտում հիմնականում ապաշնորհ ղեկավարներ, նաև` կոռուպցիա և կոռումպացվածներ…


Տաղանդավոր գիտնականներ ունենք, բայց գիտության ոլորտում հիմնականում ապաշնորհ ղեկավարներ, նաև` կոռուպցիա և կոռումպացվածներ…

  • 23-03-2017 21:59:12   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 
 
Երևանի պետական համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետի կոնֆերենց դահլիճում այսօր տեղի ունեցավ «Փի Էս Այ» ընկերության գիտատեխնոլոգիական թիմի ստեղծած SFCO տեխնոլոգիայի հնարավոր կիրառությունների շարքից 2-րդ սեմինարը: 
«Հարթ կոճով» սենսորային տեխնոլոգիայի կիրառումը նոր սերնդի բժշկական ու կենսաբանական սարքեր ստեղծելու նպատակով» թեմայով զեկուցմամբ հանդես եկավ ՀՀ ԳԱԱ Լ. Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի մարդու հոգեֆիզիոլոգիայի լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտությունների թեկնածու Ալեքսանդր Խաչունցը: Համազեկուցմամբ հանդես եկավ «Փի Էս Այ» (Precision Sensors & Instruments) ընկերության գլխավոր տեխնոլոգ, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի առաջատար գիտաշխատող, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Սամվել Գևորգյանը:  
Սեմինարին մասնակցում էին ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի և ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի աշխատակիցները, «Փի Էս Այ» ընկերության գիտատեխնոլոգիական թիմը, ինչպես նաև Լ. Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի աշխատակիցները:
Հասկանալի է, որ այս ամենը դեռ շատ քիչ բան կասի ընթերցողներին, առավել ևս` նրանց, ովքեր ընդհանրապես տեղեկություն չունեն «հարթ կոճով» սենսորային տեխնոլոգիայի ու դրա կիրառման հնարավոր ոլորտների, այդ ոլորտներում հնարավոր կիրառությունների, էական առավելությունների և նույնիսկ ընձեռած գրեթե ֆանտաստիկ հնարավորությունների մասին: Այս ամենի մասին կարող եք կարդալ մեր առաջիկա հրապարակումներից մեկում:
Գրեթե կասկած չունենք, որ այժմ պատրաստման ընթացքում գտնվող հոդվածը կարդալուց հետո շատերը կզարմանան, կապշեն ու կզայրանան, թե ինչո՞ւ մինչև հիմա «հարթ կոճով» սենսորային տեխնոլոգիան Հայաստանում կիրառություն չունի: Ինչո՞ւ մեր երկրում դեռ չկա «Փի Էս Այ» ընկերության գիտատեխնոլոգիական թիմի ստեղծած սարքավորումների արտադրություն, այդ թվում նաև` սահմանային հսկողության սենսորների, որոնց արտադրության ու կիրառության պարագայում անհամեմատ փոքր կլիներ թշնամու սանձազերծած ապրիլյան լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով մեր զոհերի քանակը:
Ընդգծենք, որ «հարթ կոճով» սենսորային տեխնոլոգիայով նոր սերնդի բժշկական ու կենսաբանական սարքերի եղած նախօրինակների հետագա մշակումը, կատարելագործումը, ինչպես նաև նորերի ստեղծումը և արտադրությունը մի շարք ոլորտներում թույլ կտա անհամեմատ մատչելի դարձնել բժշկական ախտորոշիչ ծառայությունների արժեքը, բարձրացնել ախտորոշման ճշգրտությունը, այն մատչելի դարձնել ոչ միայն ֆինանսական, այլև կիրառման պայմանների առումով և այլն, և այլն:
Հակիրճ ամփոփենք` տաղանդավոր գիտնականներ ունենք, բայց գիտության ոլորտում հիմնականում, ինչպես և երկրում ընդհանրապես, մեղմ ասած, ապաշնորհ ղեկավարներ, նաև` կոռուպցիա և կոռումպացվածներ…
 
Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ