Մի ամբողջ ժողովուրդ չի կարող աննամուս լինել.հայրենիքը տանուլ տալու միտք չունենք


Մի ամբողջ ժողովուրդ չի կարող աննամուս լինել.հայրենիքը տանուլ տալու միտք չունենք

  • 24-03-2017 15:11:30   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Լրագրի  զրուցակիցն է «Արաբո» ջոկատի հրամանատար, ՕՐՕ դաշինքի անդամ Մանվել Եղիազարյանը

 

Պարոն Եղիազարյան, մենք ականատես ենք լինում «Հոգևոր Հայաստան»-ի և ՕՐՕ դաշինքի համախմբմա՞նը։ Ինչո՞վ է պայմանավորած այս համախմբումը և սա հնարավորություն կտա՞ ՕՐՕ-ին ընտրություններում ավելի լուրջ արդյունք գրանցել։

 

Քաղաքական դաշտը, հասարակությունը, մտավորականությունը, հասունացած մարդիկ փնտրտուքների մեջ են։ Հիմա գուցե նրանք մեր դաշինքում տեսել են այն մարդկանց, որոնք ուզում են լրացել դաշտը։ Իսկ թե մենք ինչ արդյունք կստանանք, եթե լինեին արդար ու ազատ ընտրություններ, ես կասեի, որ շատ լավ արդյունքներ, բայց քանի որ Հայաստանում ընտրությունները միշտ կեղծվում են, նենգափոխվում են, դրա համար ստույգ գնահատական տալը դժվար է։ Բայց ես կարող եմ ասել, որ այս միավորումն էլ ահագին ուժեղացնում է դաշինքին։ Մի մոռացեք, որ «Հոգևոր Հայաստանում» մտավորականներ են, ու երբ մտավորականությունն ու ազատամարտը կողք-կողքի են, նշանակում է՝ պայքարը եթե ոչ այսօր, ապա կարճ ժամանակ հետո փայլուն արդյունքներ է տալու։

 

Հիմա, երբ հաշված օրեր են մնացել ընտրություններին, ի՞նչ զարգացումներ  են հնարավոր։ Ի վերջո, Դուք ինչպե՞ս եք պատկերացնում, հետընտրական զարգացումներն անխուսափելի՞ են լինելու։

 

Ես ձեզ վստահեցնում եմ, որ անխուսափելի են լինելու, որովհետև հնարավոր չէր ապրել այսպես։ Լկտիությունը հասել է գագաթնակետին։ Օրինակ՝ ցուրտ ձմռանը քայլում եմ Երևանում, շուրջբոլորը ձյուն է, մեկ էլ հաղորդում են, որ այսքան ձյուն են մաքրել Երևանի փողոցներում։ Ցինիզմը հասել է այն աստիճանի, որ ոչ մեկը ստի համար պատասխան չի տալիս։ Այդպես չի կարելի ապրել։ Այսօր մենք այնպիսի իրավիճակում ենք ապրում, որ եթե նորմալ մարդը այս ամենը տեսնելով չի բարձրաձայնում, չի բողոքում, չի աղաղակում, ճշմարտությունը չի ասում, նրա մեջ եսը մեռնում է, էդ մարդը դառնում է ոչնչություն, իսկ մենք չենք ուզում դառնալ այդպիսին։ Մի ամբողջ ժողովուրդ չի կարող ստախոս ու հարմարվող լինել։ Մի ամբողջ ժողովուրդ չի կարող աննամուս լինել։ Մենք ուզում ենք մարդավարի ապրել, ուզում ենք մեր զավակների երեսներին շիտակ նայել։ Մենք չենք վախենում, որ մեզ կտանեն բանտ, այդքան տեղ չկա, որ բոլորին տանեն բանտ։ Մենք առանց այդ էլ բանտում ենք, կրկնակի բանտից էլ չենք վախենում։ Այնպես որ, կարծում եմ, որ պայքարը շարունակվելու է, մեկը ես գնալու եմ կանգնեմ առաջին շարքում։ Եթե մեր քաղաքական գործիչները չփորձեն ժողովրդին առաջ տանել, ես փորձելու եմ տանել առաջ, որովհետև մեղք ենք մենք։

 

Սամվել Բաբայանի ձերբակալությունն ինչպե՞ս եք գնահատում։ Սա պայմանավորված էր նախընտրական շրջանում նրա ակտիվացմա՞մբ, թե նա իսկապես փորձել էր Հայաստան ներկրել «Իգլա» զենիթահրթիռային համակարգ։

 

Կարծում եմ, որ Սամվել Բաբայանի ձերբակալությունն ավելի շատ կապված էր մեզ բարոյահոգեբանորեն ընկճելու հետ, որովհետև նրանք ամեն մեկի մեջ վտանգ են տեսնում։ Իշխանությունները հասկանում են, որ մեր հանդեպ շատ ստորաբար են վարվել։ Նրանք մի՞թե չգիտեն, որ ամեն պատահական մարդ միլիոնատեր է դարձել, որ մահակ են հանում մեր դեմ, փորձում են ընկճել մեզ։ Նրանք շատ լավ հասկանում են, որ մեր նկատմամբ շատ ստորաբար են վարվել, և բնական է, հակառակ արձագանքի են սպասում։ Եվ Սամվել Բաբայանին տարան։ Ես անձեռնմխելի եմ մինչև ապրիլի 2-ը, որից հետո ինձ էլ կարող են տանել, իսկ Սամվել Բաբայանը անձեռնմխելի չէր։ Երբ Ժիրայր Սեֆիլյանին ձերբակալեցին, ասացին՝ երկու ավտոմատ են գտել մոտը, բայց երկու ինքնաձիգով ի՞նչ պետք է աներ Ժիրայր Սեֆիլյանը, իսկ Իգլայով կարելի է ինքնաթիռ, ուղղաթիռ խփել։ Այնպես որ, Հայաստանում սա նոր երևույթ չէ, Հայաստանն այնպիսի երկիր է, որտեղ որևէ իշխանավոր իր արած չարագործությունների համար պատասխան չի տվել, դրա համար հանգիստ Սամվել Բաբայանին կալանավորել են։ Իսկ եթե պետք լիներ Իգլա, պետք չէր Վրաստանից բերել, Հայաստանից էլ կարելի էր գտնել Իգլա, Հայաստանում ամեն ինչ, բացի պատվից, վաճառվում և գնվում է։

 

Ի՞նչ եք կարծում, ընտրություններով հնարավո՞ր է հասնել իրավիճակի փոփոխության։

 

Ընտրություններով կարելի է ստեղծել այնպիսի իրավիճակ, որ իրավիճակը փոխվի, ընտրությունները կարող են քայլ, սանդղակ լինել, որպեսզի ժողովրդին հանենք փողոց դժգոհության ալիքի վրա և ճանապարհը մեզ տանի իշխանափոխության։ Այնպես որ, ոչինչ չի բացառվում, իսկ իշխանափոխությունը ընտրությունների միջոցով մոռացեք, հնարավոր չէ, բայց հնարավոր է դժգոհ մասսան դուրս գա փողոց, և մենք այդ ճանապարհով կարողանանք գնալ առաջ։

 

Կարծում եք՝  ձերբակալությունները դեռ կշարունակվե՞ն, իշխանությունը վտա՞նգ է զգում։

 

Այո։ Իշխանությունները սարսափելի վախենում են, հասկանում են, որ զոռով պահում են։ Հենց սկսվում է ռեպրեսիան, հենց բանտերը լցվում են կալանավորներով, իմացեք՝ իշխանությունների վերջը եկել է։ Գոյություն ունի համաշխարհային պրակտիկա։ Թող ինձ էլ ձերբակալեն, խնդիր չկա, ինչքան շատ բռնեն, էնքան մեր օգուտն է, շուտ կազատվենք իրենցից։ Երբ սկսում են համատարած կալանավորումները, նշանակում է՝ իշխանության վերջը եկել է։

 

Իշխանությունը շարունակում է պնդել, որ հաղթելու է, որ արդյունքների մասին կխոսենք ապրիլի 3-ին։

 

Ոչ մի վախկոտ երբեք չի բարձրաձայնում, որ ինքը վախկոտ է, ասում է՝ ես քաջ եմ իմ պապերի նման։ Հիշեցնեմ գորտերի արշավանքը։ Մի անգամ նապաստակները ասում են՝ ինչու ենք մենք ապրում, գնանք մեզ ջուրը նետենք, տերևն ընկնում է, մենք վախենում ենք, ճյուղը կոտրվում է, մենք վախենում ենք, գնանք մեզ ջուրը նետենք։ Հենց մոտենում են գետին, գորտերը ձայներ են լսում, վախենում են և իրենց գետն են նետում։ Նապաստակներից մեկը գոռում է՝ կանգ առեք, գիտե՞ք իմ պապը կռվում ինչեր է արել, նապաստակները քաջություն են ձեռք բերում: Այնպես որ, ոչ մի վախկոտ չի ասում, թե ինքը վախկոտ է, միայն մի բան կասեմ՝ մենք իրենցից չենք վախենում։ Աստված մի արասցե, որ բանը հասնի մեր քաջագործությունները ցույց տալուն, այդ ժամանակ մենք կապացուցենք, մենք կորցնելու ոչինչ ունենք, մենք կորցնում ենք մեր երեխաների ճակատագիրը, բայց հայրենիքը տանուլ տալու միտք չունենք։ Իսկ իրենք կորցնելու են իրենց փողերը, իրենք կարող են շատ երկար ժամանակ բանտում հայտնվել՝ ընդհուպ մինչև ցմահ։ Բավական է հալածեն, թող բանտի դռները բացեն, մենք շարքով բանտ գնանք։ Եվ իրենք իրենց քայլով ասում են՝ կուժ քեզ եմ ասում, կուլա դու լսիր, խնդրեմ, երբ ասեք, միայն  թե մի քիչ եղանակները տաքանան նոր, մի քիչ ցուրտ է, ես էլ վատառողջ եմ։

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ