Ինչո՞ւ է թանկացել լիցքավորումը. Vivacell-ը զգուշացրել է դիլերներին, ՏՄՊՊՀ-ն էլ ուսումնասիրում է


Ինչո՞ւ է թանկացել լիցքավորումը. Vivacell-ը զգուշացրել է դիլերներին, ՏՄՊՊՀ-ն էլ ուսումնասիրում է

  • 24-03-2017 17:10:11   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ն (ապրանքանիշը՝ Vivacell) իր հետ համագործակցող բոլոր դիլերներին զգուշացրել է, որ իրավունք չունեն փոփոխելու լիցքավորման քարտերի և հեռախոսահամարները գումարով համալրելու ծառայությունների սակագները։ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն էլ սկսել է ուսումնասիրել լիցքավորման թանկացման հարցը։ 
 
Վերջին ժամանակներում Երևանում և ՀՀ մարզերում բջջային հեռախոսահամարի լիցքավորման քարտեր գնելիս և հեռախոսահամարը գումարով համալրելիս հավելյալ գումար է պահանջվում, հիմնականում՝ 20, 30 և 50 դրամ։ Օրինակ՝ բաժանորդը կրպակում հեռախոսահամարը 200 դրամով լիցքավորելու համար  վճարում է 220-230  դրամ, կամ 1000 դրամ արժողությամբ լիցաքավորման քարտի համար արդեն վճարում է  1050   դրամ և այլն։ Մինչդեռ նախկինում հավեյալ գումարներ չէին գանձվում։ Սա համատարած երևույթ է դարձել առևտրի կետերում։ Ընդ որում, խոսքը հանրապետությունում գործող երեք օպերատորների բաժանորդների էլ  վերաբերում է՝  Vivacell-ի, Beeline-ի ու Ucom-ի։   
 
Հացին, թե ինչով է պայմանավորված թանկացումը, կրպակներից ու խանութներից պատասխանում  են, որ հավելյալ գումար գանձելու պահանջ են դրել այն կազմակերպությունները կամ անհատները, որոնք պատկերավոր ասած՝ քարտը բջջային օպերատորից հասցնում են վաճառքի կետեր։ Այսինքն՝ խոսքը վերավաճառողների մասին է։ Նրանց միջոցով է կատարվում նաև հեռախոսահամարը գումարով համալրելու գործընթացը։ Ի՞նչ հիմքով է լիքավորումը թանկացվել բաժանորդների համար և ո՞վ է վերահսկում այդ կազմակերպություններին կամ անհատներին, աշխատակիցները չգիտեն կամ չեն պատասխանում։
 
Լուսանկարն արվել է երևանյան կրպակներից մեկում 
 
Ավելի վաղ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը պարզաբանել էր, որ կանխավճարային բաժանորդների համար «Լիցք» ծառայության և լիցքավորման քարտերի միջոցով վերալիցքավորումն իրականացվում է մի քանի եղանակով։ Առաջին երկու դեպքում՝ ընկերության սպասարկման կենտրոններում, ներառյալ այնտեղ տեղադրված տերմինալների միջոցով և ընկերության կայքի միջոցով, միջնորդավճար չի գանձվում։
 
Իսկ լիցաքվորման երրորդ տարբերակն այն է, որի մասին հոդվածում խոսում ենք՝ այն իրականցվում է ընկերության ենթակայության տակ չգտնվող տնտեսվարող սուբյեկտների` Հայաստանով մեկ գործող ավելի քան 10 հազար մասնավոր վաճառակետերի միջոցով։ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ից նշել են, որ վերը նշված ծառայությունների մատուցման դեպքում նույնպես ընկերությունը միջնորդավճարի գանձում չի նախատեսում: Այսինքն՝  ընկերության պատասխանից ևս ենթադրվում է, որ հավելյալ գումար գանձելու պահանջը դրել են վերևում նշված կազմակերպությունները կամ անհատները՝ վերավաճառողները։
 
«Հետք»-ի հարցին, թե ընկերությունը քայլեր ձեռնարկու՞մ է նշված հավելյալ գումարների պահանջը վերացնելու ուղղությամբ, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ից պատասխանեցին. «ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համագործակցող բոլոր դիլերներին ուղարկվել է գրություն, որով վերջիններս նախազգուշացվել են, որ իրավունք չունեն փոփոխելու լիցքավորման քարտերի և հեռախոսահամարները գումարով համալրելու ծառայությունների սակագները»:   
 
Խնդրի վերաբերյալ հարցեր ենք ուղղել նաև բջջային մյուս երկու օպերատորներին՝ «Արմենտել»-ին և «Յուքոմ»-ին։ Նրանց պատասխանները կհրապարակենք ստանալուն պես։
 
Իսկ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից մեզ հետ զրույցում ասացին, որ տեղյակ են խնդրին և առայժմ ուսումնասիրում են՝ որքանո՞վ է այն իրենց տիրույթում և կա՞ն, արդյոք, չարաշահումներ։ «Հանձնաժողովն այս պահին ուսումնասիրում է նշված խնդիրը՝ որքանո՞վ է խնդիրը հանձաժողովի դաշտում, կա՞ մրցակցային խնդիր և օրենքի չարաշահում, թե՞ ոչ։ Տեղեկություններ ենք պահանջել ինչպես «ՎիվաՍել-ՄՏՍ»-ից, «ԱրմենՏել»-ից ու «Յուքոմից», այնպես էլ՝ գերիշխող վերավաճառող ընկերություններից։ Տեղեկատվությունները ստանալու հետո արդեն արագ կավարտենք ուսումնասիրությունը»- ասաց հանձնաժողովի մամուլի խոսնակ Գայանե Սահակյանը։ Նրա խոսքով՝ քանի որ դեռևս հայտնի չէ, թե պահանջվող տեղեկությունները երբ իրենց ձեռքում կլինեն, հետևաբար՝ նաև հայտնի չէ, թե երբ հանձնաժողովը կավարտի ուսումնասիրությունը։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play