Ադրբեջանական ընդդիմության աշխուժացումը կարող է անդրադառնալ շփման գծում տիրող վիճակի վրա


Ադրբեջանական ընդդիմության աշխուժացումը կարող է անդրադառնալ շփման գծում տիրող վիճակի վրա

  • 24-03-2017 17:51:39   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Տեւական դադարից հետո ադրբեջանական ընդդիմությունը աշխուժացման նշաններ է ցույց տալիս։ Ադրբեջանական ընդդիմադիր ամբողջ դաշտը միավորող «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի» նախագահ Ջամիլ Հասանլին այսօր հայտարարել է, թե երկրում ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակի պայմաններում դաշինքը քննարկում է բողոքի ցույցերի ու հանրահավաքների անցկացման հարցը։
 
«Բողոքի ցույցերի անցկացման անհրաժեշտությունը բացատրվում է այն հանգամանքով, որ սոցիալ-տնտեսական ճգնաժամի խորացման, ազգաբնակչության կենսամակարդակի վատթարացման պայմաններում իշխանությունները անգործության են մատնված։ Բացի այդ, լուծում չի ստանում քաղբանտարկյալների ազատ արձակման հարցը։ Ի հայտ են եկել կոռուպցիայի վերաբերյալ նոր փաստեր»,- ասել է Ջամիլ Հասանլին։ Վերջինս հայտնել է, որ ընդդիմադիր ուժերը ներկա պահին քննարկվում են բողոքի ցույցերի կազմակերպման ու ժամկետներին առնչվող հարցեր։
 
Ենթադրվում է, որ ադրբեջանական ընդդիմության աշխուժացումը կապված է 2018 թվականի հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրությունների հետ։ Ի տարբերություն նախորդ ընտրությունների, առաջիկա ընտրությունները առանձնանում են նրանով, որ երկրում սոցիալական իրավիճակը 2015 թվականից սկսած կտրուկ վատթարացել է եւ ժողովրդական մեծ ընդվզման նախադրյալներ կան։ Մինչ նավթի համաշխարհային գների անկումը վառելիքի վաճառքից ստացվող միլիարդավոր դոլարների հաշվին Ադրբեջանում բնակչության կենսամակարդակը քիչ թե շատ բարելավվել էր եւ այդ առումով իշխանափոխության գաղափարը այդքան էլ մեծ ժողովրդականություն չէր վայելում։ Այժմ, երբ Ադրբեջանում ստեղծված սոցիալ-տնտեսական վիճակը համեմատվում է 1993-1994 թվականների հետ, ընդդիմության համար միանգամայն նոր հնարավորություններ են ստեղծվել։
 
2015 թվականի փետրվարին եւ դեկտեմբերին աշխարհի ամենակայուն արժույթների անունը հանած մանաթի ավելի քան 100 տոկոս արժեզրկումից եւ առաջին անհրաժեշտության ապրանքների անկառավարելի թանկացումը, էլեկտրաէներգիայի, գազի եւ մատուցվող կոմունալ ծառայությունների սակագնի զգալի բարձրացումը արդեն 2016 թվականի հունվարին Ադրբեջանի մի շարք քաղաքներում բողոքի տարերային ցույցերի ու ընդվզման է հանգեցրել, որը հաջողվել է ճնշել միայն ներքին զորքերի միջամտությամբ եւ այլ խիստ օրենքների ընդունմամբ, որոնցից կարելի է առանձնացնել նախագահին ու նրա կնոջը քննադատելը քրեականացնելը։
 
Այժմ էլ նկատվող խմորումներն անխուսափելիորեն նոր խռովության են հանգեցնելու, որը, ի տարբերություն հիշատակված հունվարյան դեպքերի, այս անգամ կարող է քաղաքական հետեւանքներ ունենալ: Եթե հունվարին Իլհամ Ալիեւին հաջողվեց սպառնալիքների ներքո կասեցնել տարերային ցույցերը, ապա այժմ ոչ մի երաշխիք չկա, որ դա նրան կրկին կհաջողվի:
 
Ադրբեջանում ներքաղաքական կրքերի բորբոքումը կամ նոր ընդվզումները կարող են հանգեցնել Արցախի հետ սահմանին իրավիճակի սրման։ Համենայնդեպս, փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանում ներքաղաքական կամ սոցիալական ընդվզումների դեպքում կամ այլ աղմկոտ խնդիրներից ազգաբնակչության ուշադրությունը շեղելու համար Ալիեւների կլանը միշտ արհեստականորեն շիկացրել է իրավիճակը շփման գծում։ Բավական է հիշեցնել, որ 2016 թվականի ապրիլի 2-ին Պանամական օֆշորային սկանդալային փաստաթղթերի հրապարակումից հետո, որում հիշատակվում էր նաեւ Ալիեւների անունը, ազգաբնակչության ուշադրությունը շեղելու եւ հնարավոր բողոքի ալիքը կանխելու համար Բաքուն ռազմական արկածախնդրություն սկսեց Արցախի դեմ։ Այնպես որ, ադրբեջանական ընդդիմության աշխուժացումը՝ կախված դրա մասշտաբներից, կարող է եւս առաջիկայում անդրադառնալ շփման գծում տիրող վիճակի վրա։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը