Վարդան Պետրոսյանը կհեռանա Հայաստանից.1in.am


Վարդան Պետրոսյանը կհեռանա Հայաստանից.1in.am

  • 24-03-2017 18:16:16   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Դերասան Վարդան Պետրոսյանն այսօր վերջնական ստացել է պայմանական վաղաժամկետ ազատ արձակման իր որոշումը և արդեն իսկ հանգիստ կարող է տեղաշարժվել, դուրս գալ երկրից: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
 
Ըստ տեղեկությունների՝ Վարդան Պետրոսյանն այս որոշումից անմիջապես հետո կմեկնի Ֆրանսիա ու առնվազն մի քանի տարի Հայաստան չի վերադառնա: Նշենք, որ Պետրոսյանի ընտանիքն ապրում է Ֆրանսիայում: «Վարդան Պետրոսյանի մշտական բնակության վայրը Ֆրանսիան է, Փարիզը, և բնական է, որ այս որոշումից հետո նա պետք է մեկնի Հայաստանից և միանա իր ընտանիքին»,- ասաց փաստաբանը:
 
Նշենք, որ նախօրեին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմը բավարարել էր Վարդան Պետրոսյանի դիմումը պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու վերաբերյալ: Դրանից հետո ՀՀ նախագահին առընթեր վաղաժամկետ պայմանական ազատ արձակման անկախ հանձնաժողովը որոշում էր կայացրել բավարարել կալանավայրի միջնորդությունը: Այնուհետև դատարանը որոշում էր կայացրել Վարդան Պետրոսյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու մասին:
 
Հիշեցնենք, որ 2013 թվականի հոկտեմբերի 20-ին Կոտայքի մարզում Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով երկու երիտասարդներ՝ հորեղբորորդիներ Էդգար և Էդուարդ Հակոբյանները, մահացել էին: Ինքը՝ դերասանը, տեղափոխվել էր հիվանդանոց:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը