Անասունների նկատմամբ անասնաբար վարվելով, վտանգել են նաև Հայաստանում ապրողներիս առողջությունը


Անասունների նկատմամբ անասնաբար վարվելով, վտանգել են նաև Հայաստանում ապրողներիս առողջությունը

  • 24-03-2017 18:27:49   | Հայաստան  |  Իրավունք

 
 
Մեր օրերում նույնիսկ աֆրիկյան հետամնաց երկրների ղեկավարները և համապատասխան պաշտոնյաներն են գիտակցում կենսաահաբեկչության վտանգը, որն աշխարհում վերջին տարիներին գնալով ավելի է ահագնանում: Նրանք իրենց երկրների դարպասները, առանց փորձաքննության, չեն բացում իբրև մարդասիրական օգնություն տրված կամ պարզապես երկիր ներկրվող ամեն մի սննդամթերքի, դեղորայքի, պատվաստանյութի առջև: Իսկ Հայաստանո՞ւմ…
Թե ՀՀ առաքված և այստեղ անասուններին ներարկված որոշ պատվաստանյութեր իրականում իրենցից ի՞նչ են ներկայացրել, այսօր թերևս հայտնի է միայն դրանք արտադրած ընկերություններին: Այսինքն` որակյա՞լ են եղել այդ պատվաստանյութերը, թե անորակ, անվտա՞նգ են եղել, թե վտանգավոր, անվնա՞ս են եղել, թե թունավոր, քաղցկեղածին… Կամ՝ այդ անասունների կաթը, միսն օգտագործած մարդկանց ժառանգական համակարգի և, ընդհանրապես, առողջության վրա ազդող նյութեր պարունակե՞լ են, թե ոչ՝ բնավ հայտնի չէ: Երեկ և այսօր այս հարցերին ոչ ոք չի կարող պատասխան տալ, չի եղել ու թերևս հիմա էլ չկա անվտանգության որևէ երաշխիք:
Փաստերը, մասնավորապես՝ ՀՀ վերահսկիչ պալատի կատարած բացահայտումները, վկայում են, որ Հայաստանում մարդիկ, այս ամենին անտեղյակ, զանգվածաբար օգտագործել են խիստ կասկածելի պատվաստանյութերով պատվաստված անասունների միսը, կաթն ու դրանից պատրաստված կաթնամթերքը: Ի՞նչ իմանաս, թե այսօր մեր ժողովրդի առողջական վատթար վիճակի, բազմաթիվ ու տարբեր հիվանդությունների հարցում չստուգված ու կասկածելի պատվաստանյութերի օգտագործումն ինչ դերակատարում ունի:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչությունը 2010թ. խախտելով ՀՀ կառավարության 2005թ. հուլիսի 21-ի թիվ 1088-Ն որոշման 13-րդ կետի պահանջը, առանց փորձաքննության անցկացման, Պարենի և գյուղատնտեսության միջազգային կազմակերպության (FAO-ի) կողմից ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը օգնության կարգով տրամադրված 698 000 դոզա հակադաբաղային պատվաստանյութերի ներմուծման թույլտվություն է տվել:
Ավելին. «Կենսաարդ» ՍՊԸ-ի կողմից 2009թ. սեպտեմբերին և նոյեմբերին մատակարարվել է սիբիրախտի դեմ 15 լիտր շիճուկ (792 000 դրամի), որը պետք է մատակարարվեր դեռ 2009թ. հունվարին: Խնդիրը, սակայն, անհրաժեշտ պատվաստանյութի մատակարարումն 8 ամսով ուշացնելը չէ միայն. «Կենսաարդ» ընկերությունը պատվաստանյութը ձեռք է բերել շուկայից` անհայտ անձից, ավելին՝ բացակայում են շիճուկի հավաստագիրը, որակի անձնագիրը և ուղեկցող անհրաժեշտ մյուս փաստաթղթերը: Նշված ՍՊԸ-ի կողմից մատակարարված հիշյալ պատվաստանյութը ՀՀ գյուղատնտեսության նախարարության կամ նշված նախարարության սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության կողմից, անշուշտ, չպետք է ընդունվեր ու չէր ընդունվի, եթե պետական այդ մարմինների համապատասխան պաշտոնյաները կոռումպացված չլինեին:
Թե խոսքը որոշակի ո՞ւմ մասին է՝ այդ տարիներին հիշյալ տեսչության պետ Գրիշա Բաղյանի՞, նրա այս կամ այն տեղակալի կամ ենթակայի՞, իրավապահների, մասնավորապես՝ ՀՀ գլխավոր դատախազության ու նրա պետական շահերի պաշտպանության վարչության պարզելու խնդիրն էր: Վերջինիս այս հոդվածում նշված խախտումների փաստերը գոնե 2012թ. արդեն հայտնի էին: Սակայն, ՀՀ գլխավոր դատախազությունը նույնպես իր դերում չի եղել, պատճառը  եթե ոչ կոռուպցիան, ապա ծայրահեղ անփույթ վերաբերմունքն է եղել պաշտոնեական ու մասնագիտական պարտականությունների հանդեպ, անտարբերությունը բնակչության առողջությանը սպառնացող վտանգի և պետական շահերի ոտնահարման նկատմամբ:
Կարծես վերոնշյալը քիչ է, «Կենսաարդ» ՍՊԸ-ի կողմից ներմուծված, ՀՀ-ում պետական գրանցում չստացած խոճկորների սալմոնելոզի, պաստերելոզի և էնտերոկոկ ինֆեկցիայի դեմ պատվաստանյութին ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչությունը 2010թ. ապրիլի 30-ին մի յուրօրինակ կեղծիքով կամ հնարքով ՀՀ-ում գրանցված անասնաբուժական դեղամիջոցի՝ խոզերի սալմոնելոզի, պաստերելոզի և էնտերոկոկ ինֆեկցիայի դեմ պատվաստանյութի ներմուծման հավաստագիր է տվել: Խոսքը թեև անվանումներով նման, բայց տարբեր պատվաստանյութերի մասին է, որոնցից առաջինին տեսչությունը ներմուծման հավաստագիր տալու իրավունք չուներ, քանի որ այն ՀՀ-ում պետական գրանցում չէր ստացել, չէր ենթարկվել համապատասխան փորձաքննության: Ինչպես վերոնշյալ մյուս խախտումների, այնպես էլ այս խախտման համար ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության համապատասխան պաշտոնյաները պատասխան չեն տվել:
Իր անպատժելիության, անպատասխանատվության հարցում վստահ հիշյալ տեսչության պետի կամ համապատասխան այլ պաշտոնյայի կողմից «Բիո Ունիվերսալ» ՍՊԸ-ին 2010թ. ապրիլի 1-ին ՀՀ օրենսդրության մի շարք պահանջների կոպիտ խախտմամբ տրվել է «Պոկրովի կենսապատվաստուկների գործարան» ԲԲԸ-ի արտադրության, Հայաստանում չգրանցված հակադաբաղային Ա, Օ, Ասիա 1 տիպերի (3 մլ-ն 1 դոզա չափաբաժնով) անասնաբուժական պատրաստուկի ներմուծման հավաստագիր, որի հիման վրա ներմուծվել է 1 080 400 դոզա պատվաստանյութ: Նշված ՍՊԸ-ի կողմից 2010թ. ապրիլի 2-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հանձնված տվյալ պատվաստանյութի և FAO-ի կողմից տրամադրված 643 000 դոզա պատվաստանյութի զտաքաշը, համաձայն արտադրողի կողմից ներկայացված պատվաստանյութի ծագման CT-1 ձևի սերտիֆիկատի, փաթեթավորման թերթիկի և ավիաբեռնագրի, կազմում է 9886,9 կգ, մինչդեռ ՀՀ մաքսային հայտարարագրում նշվել է 5254 կգ... Սակայն, սա դեռ ամենը չէ: Խայտառակ իրականության այլ բացահայտումներ էլ կան, որոնք կներկայացնենք առաջիկայում:
 
Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան  -   Իրավունք