Նովրուզի միջազգային օրը տոնական համերգով նշվեց նաև Երևանում. (Տեսանյութ)
27-03-2017 21:34:06 | |
Այս օրերին իրանալեզու և թուրքալեզու ժողովուրդները նշում են աշխարհի ամենահին տոներից մեկը` Նովրուզ Բայրամը, որը եվրասիական մի շարք ժողովուրդների մոտ համարվում է Նոր տարվա տոն: Այն նաև խորհրդանշում է գարնան առաջին օրն ու բնության զարթոնքը:
Համարվում է, որ տոնն ունի հին իրանական ծագում՝ կապված Արևի պաշտանմունքի և Զարատուշտրա մարգարեի անվան հետ:
Նովրուզի տոնակատարությունը գարնանային գիշերահավասարին սկսել են նշել արևային օրացույցի ի հայտ գալուն պես: Այդ օրացույցի համաձայն՝ տարին սկսվել է մարտի 20-ին կամ 21-ին, երբ բացվել է հողագործության նոր շրջանը: Հենց այս փաստով պայմանավորված` Նովրուզի բազմադարյա տոնակատարությունների ընթացքում սեղանը զարդարել են հիմնականում հացահատիկային ծագում ունեցող ուտեստներով: Բացի այդ, սեղանին դրվել է հայելի և ընտանիքի անդամների թվով վառվող մոմեր, որոնք չէր կարելի հանգցնել:
Նովրուզի միջազգային օրվան նվիրված տոնակատարություններից անմասն չմնացին նաև Հայաստանում գործող դիվանագիտական որոշ կառույցների ներկայացուցիչներ, ինչպես նաև հայտնի հայ հասարակական, քաղաքական ու մշակութային գործիչներ: Նախաձեռնությունը Թուրքմենստանի և Ղազախստանի դեսպանություններին է, որոնց համատեղ ջանքերով Առնո Բաբաջանյանի անվան համերգսրահում անցկացվեց տոնական համերգ: Հայ և ղազախ երիտասարդները հանդես եկան ազգային երաժշտական համարներով:
Խաղաղաության, բարեկամական հարաբերությունների և բարիդրացիության խորհուրդ ունեցող այս տոնը հատուկ տեղ է գրավում մարդկության մշակութային զարգացման պատմության մեջ:
Հին ժամանակներում Նովրուզը տոնել են 13 օր շարունակ. այդ ավանդույթը մինչ օրս պահպանվել է Իրանում: