«Երևանյան Հեռանկարներ» միջազգային երաժշտական 18-րդ փառատոնը կմեկնարկի աշխարհահռչակ ջութակահար Պինկաս Ցուկերմանի ելույթով


«Երևանյան Հեռանկարներ» միջազգային երաժշտական 18-րդ փառատոնը կմեկնարկի աշխարհահռչակ ջութակահար Պինկաս Ցուկերմանի ելույթով

  • 25-03-2017 16:44:17   | Հայաստան  |  Մշակույթ

 
«Երևանյան Հեռանկարներ» միջազգային երաժշտական 18-րդ փառատոնի բացումն այս տարի մեկնարկելու է լեգենդար ջութակահար, կրկնակի Գրեմմի մրցանակակիր Պինկաս Ցուկերմանի ելույթով: Ինչպես մարտի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց փառատոնի հիմնադիր նախագահ ու գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը, մարտի 26-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք համերգին Պինկաս Ցուկերմանը հանդես կգա թավջութակահարուհի Ամանդա Ֆորսայտի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ` դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Ծրագրում կհնչեն` Յոհաննես Բրամսի Կրկնակի կոնցերտը ջութակի և թավջութակի համար լյա մինոր և նույն հեղինակի Թիվ 4 Սիմֆոնիան:
Ըստ նրա` «Երևանյան հեռանկարներ» փառատոնը Հայաստանի պատմության մեջ ամենահինն է, և իրենք այս տարիների ընթացքում մշտապես փորձել են նշաձողը պահել նույն բարձրության վրա:
Ս. Ռոստոմյանի խոսքերով` աշխարհում շատ քիչ փառատոներ կան, որոնց կազմակերպիչները կարող են իրենց նման շքեղություն թույլ տալ ու աշխարհահռչակ արտիստների հրավիրել:
«Սա ֆինանսական հզորությունից չի գալիս, ամբողջ աշխարհով փառատոնի անունն ու իմիջն է այս արտիստներին բերում Հայաստան, ինչը մեր մշակութային կյանքում մեծագույն նվաճում է»,- ասաց նա: 
Ներկայացնելով Պինկաս Ցուկերմանին` փառատոնի հիմնադիր նախագահը  տեղեկացրեց, որ նա սովորել է  Ջուլիարդի դպրոցում՝ անվանի ուսուցիչ Իվան Գալամյանի մոտ:
Իր հերթին Պինկաս Ցուկերմանն ընդգծեց, որ Ի. Գալամյանն անցած դարաշրջանի մեծագույն ուսուցիչներից է, ով կրթել է ջութակահարների փառահեղ մի սերունդ:
Պ. Ցուկերմանի փոխանցմամբ` երեք տարի ուսուցանելով նրա մոտ, ականատես է եղել, թե ինչպես է իր ուսուցիչն էմոցիաներն ամբողջությամբ մի կողմ դնում  եւ աշակերտներին սովորեցնում ձեռքի ճիշտ աշխատանք:
«Պարզունակ ձևով տալիս էր գիտելիքներ, ինչպես պետք է աղեղը շարժվի աջ ձեռքում. Պարզ է շատ, միեւնույն  ժամանակ  բարդ, 2-4 տարի է տևում մինչև ուղեղն ընկալում է այդ շարժումը»,- ասաց նա` հավելելով, որ Ի. Գալամյանն իր խորհուրդները փոխանցել է սերնդե սերունդ, իսկ դրանցից օգտվում են հայտնի թավջութակահարներ:
Լրագրողի հարցին, արդյոք նա դատապարտում է թուրքերի կողմից 1915 թվականին իրականացված Հայոց ցեղասպանությունը, Պինկաս Ցուկերմանը, մասնավորապես, նշեց. «Երաժշտությունը ցանկացած դեպքում սպեղանի է՝  լինի Ցեղասպանություն, որևէ հիվանդություն, կամ պարզապես ցավ. Ցանկացած դեպքում, երբ ունենք մի վերք, որն ապաքինման կարիք ունի, անդրադառնում ենք կրոնին և երաժշտությանը: Քաղաքական գործիչներն ու երաժիշտները  պետք է իրարից շատ հեռու մնան եւ չթելադրեն իրենց կամքը մեզ, մենք էլ մեր կամքը՝ իրենց»:  
Դաշնակահարի խոսքերով`  այսօր աշխարհում 20 միլիոնից ավելի փախստական կա, որը նրա գնահատմամբ` մարդկային մեծագույն ցավերից մեկն է:
Պ. Ցուկերմանի կարծիքով` նմանատիպ խնդիրները պետք է լուծել արվեստի օգնությամբ: 
Նշենք, որ Լոնդոնի «Կադոգան» համերգասրահում՝ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը հիշատակող «Քեզ հետ, Հայաստան» համերգին Պ. Ցուկերմանը նվագել է հայազգի 15-ամյա ջութակահարուհի Դիանա Ադամյանի հետ: Ի դեպ`  այդ համերգին մասնակցել են նաև Պ. Ցուկերմանի կողմից ղեկավարվող Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբը և աշխարհում հայտնի մոտ երկու տասնյակ երաժիշտներ, ովքեր դատապարտել են Հայոց Ցեղասպանությունը: 
Տեղեկացնենք, որ «Երեւանյան Հեռանկարներ» միջազգային փառատոնի շրջանակներում այս տարի Երեւան կժամանեն նաև Իսրայելի կամերային նվագախումբը, հռչակավոր դաշնակահար Արկադի Վոլոդուսը՝ մենահամերգային ծրագրով, Մոսկվայի Պ.Ի.Չայկովսկու անվան մեծ սիմֆոնիկ նվագախումբը՝ ականավոր դիրիժոր Վլադիմիր Ֆեդոսենի ղեկավարությամբ, 8 անգամ Գրեմմի մրցանակի արժանացած Էմերսոն Լարային քառյակը: 
Փառատոնը կեզրափակվի հանճարեղ դաշնակահար Եվգենի Կիսինի համերգով:
 
 
Մերի Հունանյան , «Նոյյան Տապան»
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play