Մեր ավիացիայի կուրսանտների կատարյալ հաղթանակը` «Էյրբասի» հայտարարած մրցույթում
26-03-2017 14:46:04 | Հայաստան | Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Թե մարդկանց նորարարական մտքի արգասիքն օգտագործելն ինչպիսի տեղ է զբաղեցնում աշխարհի մեծերի ծրագրերում, հայտնի է: Որովհետև նորարարական առաջարկությունների շնորհիվ է հնարավոր միայն զարգանալ ու դիմանալ հարաճուն մրցակցությանը:
Եվ դրա համար, բնականաբար, օգտագործվում են տարբեր հնարավորություններ, այլևայլ բնույթի միջոցառումներ են նախաձեռնվում կազմակերպությունների կողմից, որպեսզի որքան հնարավոր է իրենց աշխատանքներում ներգրավեն նոր մտքեր, նոր գաղափարներ ու կյանքի կոչեն դրանք:
Այս անգամ ՅՈՒՆԵՍԿՕ–ի հետ համատեղ նման նախաձեռնությամբ հանդես եկավ ֆրանսիական «Էյրբաս» ավիաընկերությունը: Հայտարարեց միջազգային մրցույթ, որտեղ մասնակիցները, հիմնականում` ուսանողները, պետք է ներկայացնեին նորարարական գաղափարներ, առաջարկեին ավիացիայի տեխնիկական անվտանգության նորարարական լուծումներ: Այն անցկացվում էր «Թևեր տուր քո մտահղացումներին» խորհրդանշական խորագրի ներքո:
Մրցույթն ընթանալու էր երեք փուլով: Առաջին փուլն անցկացվում էր առցանց տարբերակով: Մասնակցելու հայտ ներկայացրեցին աշխարհի 89 երկրների 356 թիմ:
Մեր` Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի թիմը` «Արարատ» անվամբ, ևս մասնակցեց մրցույթին: Թիմում ընդգրկվեց չորս կուրսանտ, 4–րդ կուսից` Ռուբիկ Զաքարյանը, Հայկ Օհանջանյանը, Վլադիմիր Ղարիբյանը և 2–րդ կուրսից` Հենրիկ Հակոբյանը: Գլխավորում էր դասախոս, գիտությունների թեկնածու, մայոր Արամ Բաղիյանը: Փաստորեն ընդգրկվեցին ինքնաթիռի երկու տեխնիկ, ուղաթիռի մեկ տեխնիկ և մեկ կապավոր:
Թեման խիստ արդիական էր. պետք էր կատարել ինքնաթիռի կամ ուղղաթիռի վիզուալ ախտորոշում:
Մերոնք այսպիսի լուծում առաջարկեցին` որոշվում են դեֆորմացիաները ինքնաթիռի թե լոկալ հատվածներում, թե թևերի վրա: Նաև որոշվում են միկրոճաքերը: Ապա այս ինֆորմացիան հաշվարկային մեթոդներով կապվում է թռիչքի պարամետրերի հետ, որոնք ստացվում են ձայնագրող, տվյալները հավաքող մեքենայից` սև արկղերից: Այս ամենի արդյունքում արդեն պարզ է դառնում, թե տվյալ դեֆորմացիայի պատճառը որն է եղել. ինչու է այն առաջացել:
Ապա այս ինֆորմացիան ներմուծվում է նեյրոնային ցանց: Եվ դա նրա համար, որպեսզի եթե հաջորդ անգամ կրկին նման դեֆորմացիաներ ի հայտ գան, դիմենք նեյրոնային ցանցին, ու պարզ լինեն պատճառները:
Մոտավորապես այս է մերոնց առաջարկը, որը, կիրառության մեջ մտնելով, բնականաբար, մեծապես կնպաստի թռիչքների անվտանգությանը:
Աշխարհի տարբեր երկրների 50 թիմեր լուծեցին առաջին փուլի առաջադրանքները և անցան երկրորդ փուլ: Նրանց թվում է նաև հայկական թիմը:
Բայց ո՞րն է էականը. տարածաշրջանից միայն Հայաստանի թիմը հաղթահարեց առաջին փուլի արգելքը: Թուրքիայից ներկայացված էր 4 թիմ, նրանցից և ոչ մեկը չանցավ: Իրանից` 7 թիմ, կրկին ոչ մեկը չանցավ: Իսկ Ադրբեջանը և Վրաստանն ընդհանրապես ներկայացված չէին: Մի տվյալ էլ` ռուսական 12 թիմերից անցան 2–ը, իսկ ԱՄՆ–ի 12–ից` 1–ը:
Առաջին փուլից հետո կրկին մրցակցում էին արգելապատնեշը հաղթահարած թիմերը: «Էյրբասը» կազմակերպեց նաև շաբաթական և ամսական մրցույթներ: Մեր թիմը 50 այդ թիմերի մեջ ճանաչվեց ոչ միայն շաբաթվա, այլև ամսվա լավագույն թիմ: Այնպես որ, «Արարատի» հաղթանակը կատարյալ էր:
Ի դեպ, ասենք, որ այս աշխատանքներում մեր տղաների կողքին էր «Իմպրովիզ» կազմակերպության հատուկ թիմը, որը զբաղվում է ծրագրավորման մեթոդներով արհեստական բանականություն, արհեստական տեսողություն ստեղծելու հարցերով: Իր խորհուրդներով, լուծումների մեթոդիկայի վերաբերյալ առաջարկություններով այն էապես օգնեց մեր ուսանողներին:
Այժմ մեր կուրսանտները պատրաստվում են մրցույթի 2–րդ փուլին: Երկրորդ փուլը հաղթահարելուց հետո կմնա 5 թիմ, որոնք կմասնակցեն եզրափակիչ մրցույթին: Այն անցկացվելու է արդեն Ֆրանսիայում` «Էյրբաս» ընկերության գլխամասային գրասենյակում:
Եվ մի կարևոր բան. այս մրցույթի շրջանակներում հաղթող թիմերին հնարավորություն է տրվելու «Էյրբասի» բազայի հիման վրա իրականություն դարձնել սեփական գաղափարները: