Տե՛ր Աստված, էս ի՞նչ ես արել, տիեզերքի բոլոր սրբերին ու մարգարեներին միանգամից ուղարկել ես Հայաստան
27-03-2017 15:27:57 | Հայաստան | Հասարակություն
Գրող, հրապարակախոս Վրեժ Սարուխանյանը համարժեքորեն արձագանքելով մեր օրերի իրավիճակին, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Տե՛ր Աստված, էս ի՞նչ ես արել, տիեզերքի բոլոր սրբերին ու մարգարեներին միանգամից ուղարկել ես Հայաստան... Մեկը գործազրկությունն է միանգամից վերացնում, մյուսը էնքան գործատեղ է բացելու, որ մենք ապրիլի երկուսից հետո վստահ կարող ենք դիմել Պուտինին, Թրամպին, Չինաստանի և եվրոպական «քյասիբ» պետությունների ղեկավարներին՝ իրենց երկրների անգործներին, սովածներին ու հալածվածներին ուղարկեն Հայաստան... Թող գա՛ն, մարդավարի ապրեն, վայելեն Աստվածային դրախտը... Կաթողիկոսի համար էլ նոր գործ է բացվելու... Մասյաց ստորոտում առաջինը գինի ըմպած Նոյի համար խաղողի այգիներ ու համատեղ գինու գործարան կհիմնեն...
Ապրիլի երեքից մեր հիմնական և գրպանային կուսակցությունները դառնալու են եղբայր ու բարեկամ, խաղաղության աղավնին թևածելու է Հայաստան, Արցախ և ի Սփյուռս աշխարհի... Աստծուն այլևս նախընտրական վճարովի մենեջեր սերովբեներ ու քերովբեներ հարկավոր չեն, մեր պատգամավորներից ոմանք իրենց հաշվին կսպասարկեն երկիրն ու երկինքը...
Պատգամավորական շատ թեկնածուներ խոստացել են բոլոր փակ դռները բացել, անգամ «Սասնա Ծռեր» էպոսի Փոքր Մհերի Ագռավաքարի դուռը... Էս ինչ անտեղյակ մարդ ենք՝ փաստորեն ցորենը արդեն դարձել է մասուրի չափ, իսկ գարին՝ ընկույզի... Ինչու՞ է շաղգամի արտատեր պառավը լռել, Ձենով Օհանն էլ մարզերում թեկնածուներին է գովազդում... Ա՛յ Մհեր ջան, դե շուտ դուրս արի ու Թուր Կեծակիով ...ստերի թելը կտրիր։ Հետո մեր ազնիվ բանասացները էպոսի «Դառնամ զօղորմին տամ... » խոսքի փոխարեն մերօրյա տարեգրությունում ցավով կգրեն՝ «Դառնամ զօղորմին չտամ այսինչ այսինչին... »։ Կից ներկայացվում է ցուցակը... »: