«Յուքոմ»-ը լիցքավորման թանկացման մասին. «Չկա ցածր կամ նույն չափով միջնորդավճար սահմանելու մեխանիզմ»
27-03-2017 14:18:59 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Այն տնտեսվարողները, որոնք թանկացրել են «Յուքոմ»-ի բջջային հեռախոսակապի հաշիվների լիցքավորումը խանութներում և կրպակներում, չեն գտնվում «Յուքոմ» (ապրանքանիշը՝ Ucom) ընկերության ենթակայության ու վերահսկողության ներքո։ Այս մասին «Հետք»-ի հարցմանն ի պատասխան, տեղեկացրին «Յուքոմ» ընկերությունից՝ անդրադառնալով խնդրին, թե ինչու է լիցքավորումը Երևանում և ՀՀ մարզերում վերջին ամիներին թանկացել։
«Ընկերությունը որևէ կերպ չի խրախուսում հավելավճարների գանձումը, բայց չկա որևէ մեխանիզմ, որը հնարավորություն կտա ցածր և (կամ) միևնույն չափով միջնորդավճարներ սահմանելու»,- նշում են «Յուքոմ»-ից։ Այսինքն՝ պատասխանից ենթադրվում է, որ ընկերությունը չի կարող պահանջ ներկայացնել՝ միջնորդավճարների չափը փոփոխելու վերաբերյալ։
Հիշեցնենք, որ լիցքավորման քարտերի և հաշիվների լիցքավորման համար բջջային երեք օպերատորների բաժանորդներից խանութներում և կրպակներում հավելյալ միջնորդավճար է գանձվում։ Օրինակ՝ հաշիվը 500 դրամով վերալիցաքվորելու դեպքում բաժանորդը վճարում 530 կամ 550 դրամ։
Խնդրի վերաբերյալ ընկերության պատասխանը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«2017թ. ընթացքում «Յուքոմ» ՍՊ ընկերությունը փոփոխել է վերալիցքավորման քարտերի վաճառքի և էլեկտրոնային վերալիցքավորման ծառայությունների մատուցման համար սահմանված միջնորդավճարի չափերն իր գործակալների՝ համար:
«Յուքոմ» ՍՊ ընկերությունը որևէ կերպ չի խրախուսում շարժական հեռախոսակապի կանխավճարային հաշիվները լիցքավորելիս հավելավճարների գանձումը, բայց չկա որևէ մեխանիզմ, որը հնարավորություն կտա ցածր և/կամ միևնույն չափով միջնորդավճարներ սահմանելու:
Նշենք նաև, որ գործակալին վճարվելիք միջնորդավճարի չափը սահմանվում է՝ «Յուքոմ» ՍՊ ընկերության ռազմավարական նպատակներից ելնելով, և որոշվում է ընկերության ներսում՝ բիզնես վերլուծությունների արդյունքում:
Ավելին, ինչպես բազմիցս ընդգծել ենք տարբեր հարցումների ժամանակ ու տեղեկացրել ենք մեր ընկերության բաժանորդներին, այս անգամ ևս վերահաստատում ենք, որ Ucom ընկերությունը որևէ միջնորդավճար չի գանձում Ucom-ի սպասարկման սրահներում, U!Pay հավելվածի, Ucom-ի կայքի, բանկերի և տերմինալների միջոցով վերալիցքավորում իրականացնելու համար: Մենք նաև չենք խրախուսում միջնորդավճարի գանձումը Հայաստանի ամբողջ տարածքում գործող, սակայն մեր ընկերության ենթակայության ու վերահսկողության տակ չգտնվող մասնավոր տնտեսվարող սուբյեկտների կողմից»:
Թանկացման վերաբերյալ մեր հարցին, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ից ևս ավելի վաղ պատասխանել են, որ լիցքավորումը, բացի իրենց սպասարկման կենտրոններից և կայքի միջոցով լիցքավորումից, իրականացվում է միջնորդների՝ դիլերների միջոցով։ «Համագործակցող բոլոր դիլերներին ուղարկվել է գրություն, որով վերջիններս նախազգուշացվել են, որ իրավունք չունեն փոփոխելու լիցքավորման քարտերի և հեռախոսահամարները գումարով համալրելու ծառայությունների սակագները»,- տեղեկացրել են ընկերությունից։
Լիցաքավորման թանկացման թեման այժմ ուսումնասիրում է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնողովը։ Առայժմ հայտնի չէ՝ երբ կհրապարակվեն ուսումնասիրության արդյունքները։