Անցած հանգստյան օրերին Այֆել լեռներում գտնվող լեգենդար «Նյուրբուրգրինգ» մրցուղում կայացավ VLN նոր մրցաշրջանի 1-ին՝ 63RD ADAC Westfakenfahrt 4-ժամյա մրցարշավը, որին TCR դասում B կարգի միջազգային լիցենզիա ունեցող հայ առաջին ավտոարշավորդ Արթուր Գորոյանը մասնակցում էր LMS Engineering թիմի կազմում:
Audi RS3 LMS մեքենայով Գորոյանը թիմակիցների՝ գերմանացիների Թոմաս Վասելի, Անդրեաս Լուտների ու Մարկուս Լյոհներթի հետ որակավորման մրցումներում ժամանակ չէր գրանցել: Պատճառը 2-րդ շրջանում տեղի ունեցած թեթև վթարն էր, որի պատճառով, սակայն, թիմը չկարողացավ շարունակել մասնակցությունը որակավորմանը:
Սակայն արդեն մրցարշավում՝ մեկնարկելով խմբում ու դասում վերջին տեղից, Գորոյանն ու թիմակիցները ետ բերեցին կորցրածը՝ զբաղեցնելով 2-րդ տեղը դասում 4:17:58.718 ժամանակով ու միայն 9:11.376 զիջելով առաջատարին: Նշենք, որ ընդհանուր հաշվարկում՝ 187 մեքենաների թվում #803 էկիպաժը 43-րդն էր: Մրցարշավի ընթացքում շրջանի լավագույն ժամանակը Audi RS3 LMS-ը գրանցել է 9:05.776:
2 շաբաթ անց՝ ապրիլի 8-ին Գորոյանը LMS Engineering Team-ի կազմում Audi RS3 LMS մեքենայով կմասնակցի 42ND DMV 4-ժամյա մրցարշավին: Եվս 2 շաբաթից՝ ապրիլի 22-23-ին կկայանան լեգենդար ADAC Zurich 24h Rennen մրցարշավի՝ Նյուրբուրգրինգի 24-ժամյա մարաթոնի որակավորման մրցումները, որին Գորոյանը կմասնակցի LMS Engineering Team-ի` արդեն Audi TT RS մեքենայով: