Ucom-ի նախաձեռնությամբ` ՀՀ-ում ներդրվել է կայքերի պաշտպանության և քեշավորման Cloudflare համաշխարհային համակարգը. (Տեսանյութ)
28-03-2017 20:26:07 | Հայաստան | Կազմակերպություններ
Երկարատև բանակցություններից հետո Ucom ընկերության նախաձեռնությամբ` Հայաստանում ներդրվել է կայքերի պաշտպանության և քեշավորման Cloudflare համաշխարհային համակարգը: Ինչպես մարտի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը, տվյալների նոր շտեմարանի ներդրմամբ` Հայաստանը երկրորդն է հետխորհրդային երկրների շարքում, 37-րդը` Ասիայում, իսկ ամբողջ աշխարհի կտրվածքով` 103-րդը: Մինչ այդ նմանատիպ շտեմարան առկա էր միայն Մոսկվայում:
«Այս համակարգի ներդրումը կարևորում ենք այն առումով, որ մեր բաժանորդներին առաջին հերթին հնարավորություն է տրվում ավելի արագ մուտք գործել համացանց, ավելի պաշտպանված կերպով օգտվել ինտերնետից»,- ասաց Հ. Եսայանը` հավելելով, որ «.am» դոմենային տիրությում գրանցված 768 հայկական կայքեր արդեն իսկ աշխատում են Cloudflare-ի միջոցով:
Նրա փոխանցմամբ` Ucom-ում տեղակայված Cloudflare դատա կենտրոնից, որը տարածաշրջանում առաջինն է, կարող են օգտվել ոչ միայն Յուքոմ, այլև վերջինիս հետ համակցում ունեցող այլ օպերատորների բաժանորդները ևս:
Հ. Եսայանի տեղեկացմամբ` այս պահին իրենք համագործակցում են ոչ միայն Հայաստանի օպերատորների մեծ մասի, այլև հարևան երկրների իրենց գործընկերների հետ. «Քանի որ տարածաշրջանում Cloudflare այլ կենտրոն չկա, ապա մենք կարող ենք նրանց առաջարկել օգտվել մեր կենտրոնից և իրենց ռեսուրսների cache-երը պահել մեզ մոտ»,- ասաց նա:
Ucom ընկերության ՏՏ աուդիտոր Ռուբեն Մուրադյանի խոսքերով` Cloudflare-ը նախևառաջ DDOS հարձակումներից պաշտպանվելու համակարգ է:
«Այսօրվա դրությամբ Cloudflare-ի պաշտպանության տակ գտնվում են 7 մլն կայքեր, որոնք ավելի հասանելի ու արագ են աշխատում Հայաստանի տարածքում ոչ միայն Ucom, այլև այլ օպերատորների բաժանորդների համար»,- նշեց նա` ընդգծելով, որ Ucom ընկերությունը Cloudflare-ի կողմից ընտրվել է որպես խոշորագույն տարածաշրջանային կապուղիների օպերատոր, ինչի շնորհիվ էլ գործակցությունը կայացել է:
Ռ. Մուրադյանի բնութագրմամբ` Cloudflare-ի շնորհիվ օգտատերերը ստանում են կապի բարելավում, կայքերի տերերը` անվտանգություն և արագ աշխատանք: