Հայաստանի արդարադատության նախարարության համակարգում այս ի՞նչ խայտառակություն ու հանցագործություն է


Հայաստանի արդարադատության նախարարության համակարգում այս ի՞նչ խայտառակություն ու հանցագործություն է

  • 28-03-2017 16:05:36   | Հայաստան  |  Իրավունք

 
 
Խոսքը, մասնավորապես, վերաբերվում է նշված նախարարության քրեակատարողական վարչությանը և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկին:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը քիչ առաջ տեղեկացրեց, որ «Վարդաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ Մանվել Բ.-ի հաղորդման հիման վրա հիշյալ ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության և «Վարդաշեն» ՔԿՀ-ի պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված չարաշահումների վերաբերյալ: ՀՔԾ հրապարակած տեղեկատվության մեջ մասնավորապես նշված է.
«ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության և «Վարդաշեն»  ՔԿՀ-ի պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված չարաշահումների վերաբերյալ նույն ՔԿՀ-ի դատապարտյալ Մանվել Բ.-ի հաղորդման հիման վրա:
Այսպես, վերջինս հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության կենտրոնական մարմնի տեղաբաշխման հանձնաժողովն անօրինական կերպով մերժել է հիվանդության հետ կապված` բաց ռեժիմի անցնելու իր խնդրանքը: Դրանից հետո Մանվել Բ.-ն բողոք է ներկայացրել դատարան, որն էլ այն բավարարել է և ԱՆ ՔԿՎ տեղաբաշխման հանձնաժողովին պարտավորեցրել վերականգնել դատապարտյալի խախտված իրավունքները, սակայն դատական ակտն այդպես էլ չի կատարվել: Բացի այդ, Մանվել Բ.-ն հաղորդմամբ նշել է, որ սրտային հիվանդության պատճառով ինքը որոշակի դեղորայքի և պարտադիր բժշկական հետազոտությունների կարիք ունի, որը, սակայն, «Վարդաշեն» ՔԿՀ-ն չի ապահովում, ինչի հետևանքով իր առողջությունը հետզհետե վատթարանում է:
Մանվել Բ.-ն հաղորդմամբ հայտնել է նաև, որ առողջության հետ կապված մի շարք հարցերով դիմել է ՔԿՎ բժշկական աշխատանքային հանձնաժողովին և արդյունքում մասնակցել 27.11.2014թ.-ին կայացած նիստին, սակայն դրանից հետո հանձնաժողովի անդամներն իր բժշկական քարտում կեղծ գրառում են կատարել, թե, իբր, ինքը նիստին չի մասնակցել, որի պատճառով դիմումում նշված հարցերը պատշաճ ընթացակարգով չեն քննվել: Բացի այդ, ըստ դատապարտյալի հաղորդման, վերջինիս առողջական վիճակի հետ կապված`Քրեակատարողական վարչությանն ուղղված դիմումները հասցեատերերին չեն ուղարկվել:
Այսպիսով, ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության և «Վարդաշեն» ՔԿՀ-ի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և դատական ակտը դիտավորությամբ չկատարելու դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ, 314-րդ և 353-րդ հոդվածների 1-ին մասերով:
Կատարվում է նախաքննություն»:
Պաշտոնական այս հաղորդագրությունը կարդալուց հետո, բնականաբար, հարցեր, շա՜տ լուրջ հարցեր են առաջ գալիս. Եթե «Վարդաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ Մանվել Բ.-ն նույն քրեակատարողական հիմնարկի և ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պաշտոնատար անձանց, մասնավորապես` նշված վարչության կենտրոնական մարմնի տեղաբաշխման հանձնաժողովի անդամներին կամ նախագահին կաշառք տար, ընդ որում, կաշառքն էլ մի քանի ճմրթված թղթադրամ չլիներ, այլ լիներ բավական խոշոր գումար, արդյոք կմերժվե՞ր նրա վերոնշյալ խնդրանքը… 
Ինչո՞ւ, չնայած դատարանի կողմից Մանվել Բ.-ի բողոքի բավարարմանը և ԱՆ ՔԿՎ տեղաբաշխման հանձնաժողովի պարտավորեցված լինելուն, որ վերականգնի դատապարտյալի խախտված իրավունքները, դատական ակտն այդպես էլ չի կատարվել: Նշված հանձնաժողովում ի՞նչ է` սկզբո՞ւնք է ընդունված` առանց կաշառքի չբավարարել դատապարտյալի նման օրինական խնդրանքը, որն անհապաղ պետք է բավարարվեր թեկուզ մարդասիրական նկատառումներով:
Ինչպես նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ, «Մանվել Բ.-ն հաղորդմամբ նշել է, որ սրտային հիվանդության պատճառով ինքը որոշակի դեղորայքի և պարտադիր բժշկական հետազոտությունների կարիք ունի, որը, սակայն, «Վարդաշեն» ՔԿՀ-ն չի ապահովում, ինչի հետևանքով իր առողջությունը հետզհետե վատթարանում է»: Ի՞նչ է սա, եթե ոչ խոշտանգման խայտառակ դրսևորում («Խոշտանգում» հասկացությունն իրավական առումով շատ լայն ընդգրկում ունի): «Վարդաշեն» ՔԿՀ-ի ղեկավարությունը կամ համապատասխան պաշտոնյաները դատապարտյալից կաշառք չստանալո՞ւ, նրա բողոքների կամ այլ պատճառով նրա նկատմամբ թշնամական վերաբերմունքի՞, թե մեկ այլ պատճառով են այդպես վարվել… Եթե հանրային կարծիքի նկատմամբ արհամարհական վերաբերմունք չունեն, թող «Վարդաշեն» ՔԿՀ-ից կամ ՀՀ արդարադատության նախարարությունից շտապեն պարզաբանել:
ՀՀ ԱՆ ՔԿՎ բժշկական աշխատանքային հանձնաժողովի անդամների կամ հանձնաժողովի կողմից, որին Մանվել Բ.-ն դիմնել է առողջության հետ կապված մի շարք հարցերով, դատապարտյալի բժշկական քարտում կեղծ գրառում կատարելը, ինչպես նաև Մանվել Բ.-ի առողջական վիճակի առնչությամբ վերջինիս կողմից քրեակատարողական վարչությանն ուղղված դիմումները հասցեատերերին չուղարկենլ արդյոք չե՞ն վկայում, որ վերոնշյալ հանձնաժողովն իրեն զգացել ու գործել է անպատժելիության մթնոլորտում, ավելին` հիմնավորապես ախտահարված է կոռուպցիայով, ինչն անհրաժեշտություն է դարձնում եղած հանձնաժողովի ցրելն ու նոր հանձնաժողով ձևավորելը:
Վերջերս ՀՀ արդարադատության նախարար, Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակի առաջին եռյակում ընդգրկված Արփինե Հովհաննիսյանը հրապարակայնորեն հայտարարեց, որ մարդն է կենտրոնական արժեքը Հայաստանի Հանրապետության: Կենտրոնական արժեքի հետ այսպե՞ս են վարվում… Ընդ որում, նկատենք, որ վերը ներկայացված անմարդկային վերաբերմունքի հեղինակներն Ադրբեջանի այս կամ այն բանտի բանտապահներն և այնտեղի համապատասխան բժշկական հանձնաժողովի անդամները չեն, այլ հենց իր ղեկավարած նախարարության պաշտոնյաներ: 
 
Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play